Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետի հեռախոսազանգը պատանի գիտնականին հանեց քնից (ֆոտոշարք, տեսանյութ)

Ապրիլ 16,2022 23:27

«Համադպրոցական գիտության փառատոն 2022»-ում ժյուրիի կողմից ամենաբարձր գնահատականներ ստացած երեք նախագծերից մեկի հեղինակ, Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Համբարձումյանը  շաբաթ օրն առավոտյան զարթնեց հեռախոսի զանգից։

Հերթական գիտական փորձարկումից հետո լուսադեմին էր քնել, մտածում էր մինչեւ կեսօր կհանգստանա։ Զանգահարողը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն էր։ Զանգը անակնկալ էր Արտյոմի համար․ մարզպետը հրավիրում էր հանգստյան օրն իր հետ անցկացնելու, ավելի կոնկրետ՝ հրաձգարան գնալու։ Արտյոմին առաջարկը դուր եկավ, չնայած նախատեսել էր տատիկի տուն գնալ՝ հերթական փորձարկման համար։

Առաջին անգամ պիտի կրակեր մարտական զենքից։ Սյունիքի մարզպետ  Ռոբերտ Ղուկասյանը պատանի գիտնականին բացատրեց զենքի կառուցվածքը, կրակելու հմտությունները։ Իհարկե, առաջինը կրակեց ուսուցիչը՝ Ռոբերտ Ղուկասյանը, որից հետո աշակերտը՝ Արտյոմ Համբարձումյանը։ Կրակելուց հետո նշանակետն են դիտարկում, քննարկում արդյունքները․ որպես սկսնակ Արտյոմը այնքան էլ վատ նշանառու չէ։

Հրաձգարան են եկել նաեւ «ՈՄԱ Կապան» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության անդամները։ «ՈՄԱ Կապան»-ի ղեկավար Ալեն Պողոսյանը մարզպետին ներկայացնում է առաջիկայում Սյունիքի մարզում կազմակերպվելիք եռօրյա ճամբարի մանրամասները, որին մասնակցելու են 15-18 տարեկան պատանիներ՝ Հայաստանի բոլոր մարզերից եւ Երեւանից։ Արտյոմ Համբարձումյանը եւս ստացավ հրավեր՝ մասնակցելու ճամբարին, հասակակիցներին պատմելու իր գյուտերի մասին։

Այս տարի Արտյոմը մրցույթին ներկայացել էր «Պոլիպրոպիլենից՝ մինչեւ վառելիք» նախագծով։ Այժմ պատրաստվում է մասնակցել մայիսին ԱՄՆ-ում առցանց կայանալիք Միջազգային գիտատեխնիկական փառատոնին։ «Պլաստմասե շշերից, խողովակներից եմ ստանում վառելիքը, այն նաեւ դիզվառելիք կարող է լինել՝ ավտոմեքենաների լիցքավորման համար»,-ոչ գիտական եզրույթներով բացատրում է Արտյոմը։

Պատմում է՝ կենցաղային աղբը երբ վառում էին, նկատել էր՝ այդ շշերն  ավելի ուժեղ բոց էին արձակում։ Մտածեց՝ քիմիական ինչ-որ տարրեր կան, որոնք կարելի է ուսումնասիրել։ Խորհրդակցեց քիմիայի իր ուսուցչուհու՝ Վարդուհի Օհանջանյանի հետ ու սկսեց գիտափորձերը։ Ի դեպ, անցած տարի էլ հանքարդյունաբերական ձեռնարկությունների պոչամբարի թափոններից էլեկտրոլիզի եղանակով ստացել էր պղինձ։ Արդեն աշխատում է եկող տարվա նախագծի վրա, սակայն Արտյոմը դեռեւս այն չի գաղտնազերծում։ Մտավախություն ունի՝ գիտական թեզերն ուրիշները   չգողանան։

Օրվա վերջում Արտյոմն է մարզպետին իրենց տուն հրավիրում։ Օրերս նա հյուրընկալվել էր Սյունիքի մարզպետարանում եւ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նրան եռաչափ տպիչ սարք էր նվիրել։ Սա ավելի կհեշատացնի Արտյոմի աշխատանքը․ անհրաժեշտ պարագաները կարող է տեղում նախագծել եւ տպել։

Մարզպետին Արտյոմ Համբարձումյանը մանրամասն ներկայացրեց իր նախագծերը։ Շնորհակալություն հայտնելով Արտյոմի ծնողներին՝ Ռոբերտ Ղուկասյանը հավաստիացրեց՝ կաջակցի Արտյոմին բոլոր նախաձեռնություններում։ Իսկ հրաժեշտից առաջ մարզպետը տնեցիներին նախազգուշացրեց՝ այսուհետ Արտյոմին հաճախ է «առեւանգելու», պարզապես՝ զրուցելու, ապագա միջուկային ճարտարագետի հետ քննարկելու նոր նախագծերը։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930