Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա մեծ խաղ է Հայաստանի իշխանությունների կողմից, որտեղ կա դերաբաշխում»․ «Առերեսում»

Ապրիլ 16,2022 22:00

Արցախի օրենսդիրները Հայաստանի իշխանություններից պահանջում են հրաժարվել «իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից»։ «Ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու»,– ասված է Արցախի ԱԺ հայտարարության մեջ։

Մինչդեռ Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը պնդում է․ «Մեր գործընկերները հավանաբար լավ չեն հասկացել վարչապետի ելույթի բովանդակությունը, հակառակ պարագայում ես որևէ բացատրություն չեմ կարող գտնել այդ հայտարարության հիմքում»։

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այս առնչությամբ նկատեց․ «Ինձ թվում է, որ Էդուարդ Աղաջանյանն արդեն 4 տարի է՝ աշխատում է «Նիկոլ Փաշինյան-հայ ազգ» բացատրական բառարան։ Քանի որ երբ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե «եկել է քաղաքացու վրեժի ժամանակը»՝ նույն Էդուարդ Աղաջանյանը դուրս եկավ եթեր ու ասաց, թե դուք լավ չեք հասկացել՝ ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն՝ ամեն անգամ, երբ ողջ ազգը «լավ չի հասկանում»՝ Էդուարդ Աղաջանյանը դուրս է գալիս, ասում, թե չեք հասկացել, բայց չի ասում՝ իսկ այդ դեպքում ի՞նչ է ասել, որ լավ հասկանանք։ Լավ, ենթադրենք՝ լավ չեն հասկացել, բա ի՞նչը նկատի ունի, ի՞նչ է նշանակում, օրինակ՝ «բանակցային նշաձողն իջեցնել»։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2021 թվականի տարեկան զեկույցը ներկայացնելիս՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է. մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ»: Եվ հավելել. «Հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, խնդրում ենք մեր վրա հույս չդնել, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել»:

«Չեն հասկացել Արցախում, Հայաստանում, Սփյուռքում՝ ոչ ոք լավ չի հասկացել։ Այդ դեպքում՝ մանրամասն, միգուցե «մատների վրա» բացատրեք,– հեգնեց Կարեն Քոչարյանը։–Միգուցե դեբիլ են, ոչ ոք չի հասկանում ոչ մի բան։ Նիկոլ Փաշինյանն այնքան հանճարեղ է, որ նրա մտքերը պետք է անպայման բացատրվեն»։

«Առերեսում» հաղորդաշարի մյուս հյուրը՝ քաղաքագետ Արմեն Վարդանյանը չհամաձայնեց, թե նշաձողն իջեցնելը Արցախի հանձնում է․ «Այս փուլում, ուղղակի տակտիկական նկատառումներից ելնելով՝ մի քիչ մեղմացնում է հռետորաբանությունը Փաշինյանը, մի քիչ ավելի չափավոր դիրքերից է հանդես գալիս»։

Արմեն Վարդանյանի վերլուծությամբ՝ «Ամենայն հավանականությամբ, սա մեծ խաղ է Հայաստանի իշխանությունների կողմից, որտեղ կա դերաբաշխում։ Եվ կարծում եմ, որ ամեն դեպքում իրոք շատ ծանր վիճակ է ստեղծվել ու առայժմ պետք չի առավելապաշտական դիրքերից հանդես գալ բանակցություններում։ Ընդ որում՝ իմիջիայլոց, եթե պատմությանը նայենք՝ նույն ճանապարհը նաեւ Ադրբեջանն է անցել։ 1994 թվականի զինադադարի կնքումից հետո՝ Ադրբեջանը միանգամից այդքան բարձր նշաձողեր չէր դնում բանակցություններում․ Հեյդար Ալիեւը շատ չափավոր պահանջներ էր ներկայացնում»։

Քաղաքագետը կարծում է․ «Իրենք հիմա ուղղակի ժամանակ են ձգում՝ տեսնեն, թե ինչ կփոխվի աշխարհում, քանի որ Ռուսաստան–Ուկրաինա պատերազմը կարող է նույնիսկ աշխարհակարգը փոխել։ Եվ այս պատերազմի ելքից շատ բան է կախված լինելու։ Դրա համար նրանք այս փուլում ավելի սպասողական վիճակում են, ու սա պարզ մանյովր է»։

Մինչդեռ Փաշինյանը ասել էր․ «Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը որքան հնարավոր է արագ, այո մտնում է մեր պլանների մեջ»։ Կարեն Քոչարյանն առարկեց․ «Իրենց պլաններին ոչ մեկը չի նայում․․․ հակամարտության մեջ ինքն ընդամենը ֆիգուր է, որը խաղացնում են»։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930