Aravot.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել նախօրեին «Մուրացան» հիվանդանոցում ՀՀ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Արմեն Հակոբյանի մասնակցությամբ միջադեպից:
Թեեւ Արմեն Հակոբյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ինքը ծեծկռտուքին չի մասնակցել, միջադեպից բավականին ուշ է այցելել հիվանդանոց, սակայն մեր տեղեկություններով՝ ոչ միայն մասնակցել է, այլեւ հիվանդանոցի անվտանգության աշխատակցի հետ միջադեպի առանցքային մասնակիցն է:
Մեր տեղեկություններով՝ ամեն ինչ սկսվել է նրանից, երբ հիվանդանոց այցելած Արմեն Հակոբյանին անվտանգության աշխատակիցը աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված ուղղորդել է դուրս գալ մեկ այլ մուտքից: Հակոբյանը պնդել է հակառակը, թե պետք է դուրս գա այն մուտքից, որտեղից պատրաստվում էր դուրս գալ: Այդ ընթացքում հենց այդ մուտքով, որտեղով անվտանգության աշխատակիցը թույլ չի տվել Հակոբյանին դուրս գա, ներս է մտել հիվանդանոցի բժիշկներից մեկը: Հակոբյանն էլ վրդովվել է, թե ինչպես այդ մարդուն կարելի է, իրեն՝ ոչ: Անվտանգության աշխատակիցը բացատրել է, որ վերջինս բժիշկներից է, աշխատանքի է եկել: Սակայն ՃՈ նախկին պետը մնացել է անդրդվելի ու անվտանգության աշխատակցի հետ միջադեպ է սկսվել, ինչի ժամանակ ՃՈ նախկին պետն իր մոտ եղած զենքի կոթով հարվածել է անվտանգության աշխատակցի գլխին,պատճառել լուրջ վնասվածք: Ավելի ուշ զանգելով՝ մարդ է կանչել կռվի: Մեզ հասած տեղեկություններով` կանչվածների մեջ իր եղբայրն ու ընկերներն են եղել:
Հիշեցնենք, որ Ոստիկանությունից Aravot.am-ին հայտնեցին, որ հիվանդանոցի աշխատակցի ահազանգով պարզվել է, որ ապրիլի 14-ի երեկոյան 22:00-ին հիվանդանոցում Մուրացան փողոցի 48-ամյա բնակիչ տղամարդը ծեծի է ենթարկել ահազանգողին՝ պատճառելով վնասվածք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: Ի դեպ, Արմեն Հակոբյանը նույնպես 48 տարեկան է, ինչպես ինքն է մեզ հայտնել՝ Մուրացան փողոցի բնակիչ:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ