Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կայացավ Արցախի, Հայաստանի եւ Կալիֆոռնիայի հայ գրողների միության անդամ Վովա Արզումանյանի «Ճաքած պատերի լուսանցքից» ժողովածուի շնորհանդեսը։
Գրքում զետեղված են հեղինակի արձակ և չափածո այն ստեղծագործությունները, որտեղ նրա խոսքով, ամփոփված է մարդու մենավոր զրույցը՝ ծեր ու անգույն պատերազմի անսովոր լռության, հայրենիքի, բնության ու սիրո հետ: Գրքի խմբագիրը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լաուրա Մուրադյանն է:
Տիկին Մուրադյանի խոսքով, թեեւ սա երիտասարդ գրողի հինգերորդ գիրքն է, բայց արդեն իր մեջ ունի գրողական կարևոր որակներ եւ շատ լուրջ հայտ է: «Ես համոզված եմ, որ Վովա Արզումանյանի ներուժը դեռ պետք է բացահայտվի»,-հավելեց նա: Գրքի խմբագրի խոսքով, Վովայի արձակը նույնքան ինքնատիպ է, որքան պոեզիան:
Կարդացեք նաև
«Սա իմ հինգերորդ գիրքն է: «Ճաքած պատերի լուսանցքից» ժողովածուի պոեզիայի բաժնի քաղվածքը լույս է տեսել առանձին գրքով՝ անգլերեն՝ «Scribbled gliding» («Խզբզված թռիչք») վերնագրով ու տարածում է գտել: Կարծում եմ, որ հայերենից թարգմանությունները նպաստում են ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունների տարածմանը: Այս գիրքը շատ խորհրդանշական է, կարծես ամբողջացնում է այն խտանյութը, որը կար իմ «Հետդարձից առաջ» գրքում:
Պարզապես այստեղ ավելի ընդլայնված՝ պոեզիայի, էսսեների, պատմվածքների միջոցով փորձում եմ փոխանցել իմ ընկերների, Արցախի, Հայաստանի խոսքը, վերապրումները, թե ինչպես է սերը ձգվում դեպի հայրենիք եւ հայրենիքից ձգվում սերը:
Նաեւ մամուլում հրապարակված, մրցանակների արժանացած ստեղծագործություններ կան գրքում: Փորձել եմ ամբողջացնել Հայաստան-Արցախ միասնությունը, ես նույնպես չեմ ընդունում, երբ մարդիկ տարանջատում են Հայաստանն ու Արցախը: Կարծում եմ՝ նաեւ գրողները իրենց ստեղծագործությունների միջոցով պետք է մեր հասարակության մտածողության շերտերում փոփոխություններ կատարեն»,-ասաց երիտասարդ գրողը:
Վովա Արզումանյանի գրքի շնորհանդեսը համեմված էր երաժշտական կատարումներով, գրքից ստեղծագործությունների ընթերցումներով, ելույթներով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ