Լրահոս
Օրվա լրահոսը

«Լյովիկ պլան»-ը ընկերության հայտ է ներկայացրել գյումրեցի իրավապաշտպանին․ գործը հասել է ոստիկանություն

Ապրիլ 16,2022 19:12

Մի քանի օր առաջ  ֆեյսբուք սոցիալական ցանցում «Լյովիկ պլան» անվամբ օգտատերը ընկերության հայտ է ներկայացրել գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին։

Վերջինս, զարմացած թմրանյութերի վաճառքով զբաղվող օգտատիրոջ հանդգնությունից, գրել էր․ «Առավոտ կանուխ ինչ-որ մի բառիկ ինձ ընկերության հայտ է ներկայացրել՝  էջին արդեն նշելով իր ապրանքի գինը: Գուցե հետամնաց եմ, կամ շատ հին, բայց մի բան լավ եմ հասկանում, առանց պետական «բարձր մակարդակների» թողտվությամբ և հովանավորչությամբ հնարավոր չէր փոքր մի երկրում թմրանյութերի նմանօրինակ ազատ վաճառք:

Ինչ խոսք, սա արվում է ոչ միայն մեծ եկամուտներ ապահովելու համար, էս խայտառակությունը ունի նաև այլ նպատակ․ երիտասարդ սերնդին փչացնելու, վերարտադրվելուց զրկելու, քաղաքականապես պասիվ սարքելու և այլն:

Հիշեք, սիրելի մարդիկ, երևույթը մտնում է յուրաքանչյուրի տուն: Մեր երեխաներին պաշտպանելու ունենք ընդամենը մեկ գարուն, որը ճիշտ չօգտագործելու դեպքում վերջնականապես կկորցնենք իրենց: Հետևաբար օր առաջ ազատվենք չարիք ու մահ սիրող իշխանություններից.

Հ.Գ. վերջերս էլ բնակելի շենքերի պատերին և մուտքերին տեղադրվել էին թմրանյութերի շրջանառությամբ զբաղվող տելեգրամյան հասցեների գովազդներ»։

Կարապետ Պողոսյանի այս գրառումից հետո, մեր տեղեկություններով, ոստիկանության Մուշ բաժնում սկսել են նյութեր նախապատրաստել` Թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի, դրանց համարժեքների և պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով /ՀՀ քր. օր. հոդ. 266/։

Ոստիկանության կողմից կատարված ստուգման ընթացքում Կարապետ  Պողոսյանը  հայտնել է, որ չի ճանաչում «Lyovik Plan» կայքի օգտատիրոջն, առաջին անգամ այդ էջը նկատել է ապրիլի 9-ին, երբ իրեն ընկերության հայտ է ուղարկել, որից ինքը հրաժարվել է:

Կարապետ Պողոսյանը նաև նշել է, որ նշված կայքի օգտատերը իրեն որևէ առաջարկ թմրանյութի առք ու վաճառքի համար չի արել, իսկ բնակելի շենքերի պատերին առկա թմրանյութերի շրջանառմամբ զբաղվող «Տելեգրամյան» ալիքների գովազդների մասին տեղեկացել է «Aravot.am» կայքի հրապարակումից:

Կարապետ Պողոսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրեն երեք օր առաջ  հրավիրել են ոստիկանության Մուշի բաժին՝ բացատրություն տալու։

«Ես բացատրեցի, որ այդ անձը ինձ առավոտ շուտ ընկերության հայտ է ներկայացրել,ես զայրույթով եմ վերաբերել, ասել եմ, որ  այդ ամենը փաստացի չի վերահսկվում Հայաստանի Հանրապետությունում, ով ուզի այսօր ֆեյսբուքով կամ տելեգրամյան ալիքներով սերունդ  կփչացնի։ Իմ մտահոգությունն եմ հայտնել», -ասաց Կարապետ Պողոսյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930