Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը Վանաձորում այցելել է Ակսել Բակունցի անվան թիվ 7 հիմնական նորակառույց դպրոց և նորաբաց «ԼՈՖԹ» նորարական կենտրոն

Ապրիլ 16,2022 19:03

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ` Վանաձոր կատարած աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել է Վանաձորի Ակսել Բակունցի անվան թիվ 7 հիմնական նորակառույց դպրոցում իրականացված աշխատանքներին: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել նորակառույց շինությունում, ծանոթացել կատարված աշխատանքներին, աշակերտների և ուսուցիչների համար ստեղծված պայմաններին:

Վարչապետին զեկուցվել է, որ դպրոցի նախկին շենքը 1988թ. երկրաշարժից ստացած բազմաթիվ վնասվածքների հետևանքով ճանաչվել է վթարային և ապամոնտաժվել: Մինչ նոր շենքի շահագործումը, ուսուցումն իրականացվել է «Տեխնոսարք» գործարանի եռահարկ ադմինիստրատիվ շենքում:

Ապամոնտաժված դպրոցի տարածքում նոր շենքի կառուցումն իրականացվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համագործակցությամբ իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում և համապատասխանում է միջազգային չափանիշներին ու բնական աղետների դեպքում` որպես ապաստարան, կծառայի բնակչությանը: Պատասխանատուների ներկայացմամբ, աշակերտների անվտանգ երթևեկությունը  կազմակերպելու համար դպրոցին հարակից  կառուցվել է նաև վերգետնյա անցում։

Ուսումնական հաստատությունը համալրվել է ժամանակակից գույքով և տեխնիկական միջոցներով: Այն նախատեսված է երկու զուգահեռ հոսքերով` 430 աշակերտի համար: Ներկայում աշակերտների թիվը 312 է: Երկհարկանի այս կառույցը (3857 քմ ընդհանուր մակերեսով) բաղկացած է երեք մասնաշենքից, որոնք միացված են սեյսմիկ կոնստրուկտիվ կարերով:

Վարչապետն այցելել է նաև Լոռու մարզային գրադարան, որտեղ բացվել է «ԼՈՖԹ» նորարական կենտրոնը: Ծրագիրն իրականացվել է «ՀՀ մարզերում երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովման, նորարարական կենտրոնների ձևավորման» կառավարության որոշման շրջանակներում:

«ԼՈՖԹ» կրթության, մշակույթի և երիտասարդության զարգացման համահայկական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Լոռու մարզի մարզկենտրոն Վանաձորում երիտասարդների ինքնազարգացման, մշակութային-ժամանցային, նորարարական կենտրոնի ստեղծման ծրագիրը», պատասխանատուների ներկայացմամբ, ուղղված է մարզային գրադարանի ֆունկցիոնալ կարևորության ամրապնդմանը, գրադարանի արդիականացմանը՝ որպես մեկ միասնական մշակութային, կրթական, սոցիալական ակտիվության հարթակ:

Ծրագրի մանրամասները ներկայացնելով՝ ընդգծվել է, որ օգտագործվելու են ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի կենտրոնը ծառայի մարզի և մարզկենտրոնի պատանիներին և երիտասարդներին, ամրապնդի մարզի և մայրաքաղաքի միջև կապն ու ընդլայնի միջմշակութային հնարավոր ազդեցությունները։

Աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և այլ պաշտոնատար անձինք:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930