Ինչպես տեղեկացրել ենք, երեկ ուշ երեկոյան Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը, և նրա կինը՝ Անի Քոչարյանը, իրենց ֆեյսբուքյան էջերում տեղեկացրին Գյումրու քաղաքի կառավարումից դուրս գալու մասին։
Արման Բաղդասարյանը հայտարարեց նաև ՔՊ շարքերը լքելու մասին՝ հրապարակելով իր դիմումներն՝ ուղղված ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին ու Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանին։
Արման Բաղդասարյանը Գյումրու ավագանու անդամ է ընտրվել 2021 թվականի հոկտեմբերից 17-ին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։ Նա ցուցակի երկրորդ համարն էր, ու տևական ժամանակ խոսք էր գնում փոխքաղաքապետի պաշտոնը նրան հանձնելու մասին։
Ինչևէ, ինչպես նշել ենք, նա վերջին շրջանում բավական ակտիվ էր որպես ավագանու անդամ, խիստ վերահսկողություն էր իրականացնում համայնքային բյուջեից ֆինանսական հատկացումների մասով։ Զգալի էր, որ նախապես մանրակրկիտ ուսումնասիրություններ էր կատարում, ու իրեն լիազորված ձայնով փորձում կանխել անտեղի, կոռուպցիոն ռիսկ պարունակող հատկացումները։
Կարդացեք նաև
Նրա կինը՝ Անի Քոչարյանը, 2021 թվականի դեկտեմբերին էր նշանակվել համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետի ժ/պ։
Նրա նշանակումը քննադատվել էր մամուլի կողմից, գրվել, որ մարզպետն աշխատանքի է տեղավորում իր հարազատներին, մասնավորապես ՇՊՀ-ի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի հարսին։
Ինչևէ, ամուսինների նույն օրվա ներկայացրած հրաժարականը բուռն քննարկումների ու ենթադրությունների տեղիք է տվել Գյումրիում։
Արման Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ որոշակի պարզաբանումներ ներկայացել է ՖԲ-ով, ավելին ասելու ցանկություն չունի։ Նրա կինը ևս պարզաբանումներ ներկայացնելու ցանկություն չուներ։
Արման Բաղդասարյանը երեկ ուշ երեկոյան որոշակի պարզաբանում ներկայացրեց ֆեյսբուքում իր հրաժարականի պատճառի մասին։
Նա գրեց․ «Տարբեր շահարկումներից զերծ մնալու համար ու չբացելով շատ փակագծեր՝ ներկայացնեմ ձեզ իմ դիմումների ընդհանուր պատճառը։
Ըստ իս, մենք ձախողում ենք քաղաքի կառավարումը, ուստի ես ընդունում եմ մեղքի իմ բաժինը և կրում պատասխանատվություն իմ մասով։
Համապատասխան դիմումը ներկայացրել եմ վարչության նախագահի անունով, թե ինչ կորոշի վարչությունը, հավելյալ կտեղեկացնեմ։
Անկախ զարգացումներից՝ ինքս մնացել եմ հեղափոխության գաղափարների ու արժեքների կրողը»։
Նրա կնոջ՝ համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետի ժ/պ Անի Քոչարյանի հրաժարականի մասին փորձեցինք պարզաբանում ստանալ Գյումրու համայնքապետարանից։
Գյումրու համայնքապետի մամլո քարտուղար Սոնա Առաքելյանը միայն նշեց,որ Անի Քոչարյանը դուրս է եկել աշխատանքից սեփական դիմումի համաձայն։
Մենք տեղեկացանք, որ Անի Քոչարյանը մի անգամ ևս աշխատանքից դուրս գալու դիմում է ներկայացրել Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին, սակայն վերջինս չի ստորագրել այն։ Թե ինչու չէր ուզում աշխատել քաղաքապետարանում, այս հարցի պատասխանը ևս մեզ չտրվեց քաղաքապետարանից։
Ինչևէ, մեզ որոշակի տեղեկություններ հասան այն մասին, որ մասնավորապես Անի Քոչարյանի հրաժարականը կապված է միջազգային կառույցներից մեկին հղված բողոքով-նամակով։
Բողոքը հղվել է Շիրակի մարզի տուրիզմի ոլորտի պատասխանատուներից մեկի դեմ (անուն-ազգանունը չենք հրապարակում իր խնդրանքով)՝ փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանի նախաձեռնությամբ, սակայն այն ուղարկվել է Անի Քոչարյանի անունով, նրա անձնական էլեկտրոնային փոստից։
Բողոք-նամակը, ըստ պնդումների, հղվել է որպես Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական դիրքորոշում, սակայն առանց քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գիտության։
Ըստ մեզ հասած տեղեկությունների, երբ տուրիզմի ոլորտի տվյալ պատասխանատուն այս մասին տեղեկացրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանին, մարզպետը, հասկանալով, որ պետական պաշտոնյայի կողմից սխալ մոտեցում է ցուցաբերվել, հորդորել է Անի Քոչարյանին՝ դիմում տալ ու ազատվել պատասխանատու պաշտոնից։
Անի Քոչարյանից հետո դիմում ներկայացրել է նաև նրա ամուսինը՝ Արման Բաղդասարյանը։
Իհարկե, սա ընդամենը շրջանառվող վարկածներից մեկն է, գուցե և ոչ բուն պատճառը։
Ի դեպ, մենք զանգահարեցինք նաև Դավիթ Առուշանյանին՝ պարզաբանում ստանալու, սակայն մեր հեռախոսազանգը մնաց անպատասխան։ Կփորձենք լսել նաև նրան։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ