Լրահոս
Օրվա լրահոսը

«Կինոն միայն վայելելու եւ ժամանցի համար չէ». Հարություն Խաչատրյան

Ապրիլ 16,2022 17:59

Ապրիլի 16-ը Հայաստանի կինոգործիչների միության ջանքերով հռչակվել է Հայ կինոյի օր: Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի ամփոփիչ ասուլիսը Ազգային Սինեմատեք կինոթանգարանում էլ հենց այս խորհրդանշական օրն էր ընտրվել: Նա անդրադարձավ այն աշխատանքներին, որոնք իրականացվել են վերջին 5 ամիսների ընթացքում՝ նախագահի պաշտոնում իր վերընտրվելուց հետո:

«Մենք որոշեցինք այս տարի ոչ թե ֆիլմ ցուցադրել, այլ պատմել, թե ինչ ենք անում կինոյի համար՝ ինչ ենք կառուցել, ինչ ենք տեղադրել եւ ինչ ենք անելու, որովհետեւ հայկական կինոն առանց Կինոյի տան, չեմ կարծում, թե շատ կտարածվի»,-ասաց Հարություն Խաչատրյանը: Նա հույս հայտնեց, որ Կինոյի տունը կդառնա փառատոնային մեծ ու ժամանակակից կենտրոն, հատկապես որ Հայաստանում ամենամեծը համարվող Կինոյի տան մեծ դահլիճում վերջապես տեղադրվել է DCP պրոյեկտոր, փոխվել է էկրանը, տեղադրվել նոր էկրան, անցկացվել է  JBL 5.1  Դոլբի ձայնային համակարգ:

Կինոգործիչների միության նախագահը մանրամասնեց, որ իրականացվել է Կինոյի տան դահլիճների եւ կինոսրահների վերազինումը, որը երազանք էր համարվում երկար տարիներ: Առաջիկայում նախատեսվում է մեծ դահլիճի եւ հարակից ճեմասրահների օդափոխության, ջեռուցման եւ հովացման համակարգերի անցկացումը: Մեծ դահլիճի տեխնիկական վերազինման համար Հայաստան են հրավիրվել գերմանացի ինժեներներ: Հարություն Խաչատրյանն ընդգծեց, որ աշխատանքներն իրականացվել են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի, Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» հիմնադրամի եւ «Դար» հիմնադրամի դրամաշնորհային միջոցներով:

Նա նաեւ հայտնեց, որ հուլիսին կսկսվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, որի հիմնական մասը կանցկացվի Կինոյի տանը: «Մենք բոլոր փառատոներին իրավունք ենք տվել կինոմիության կողմից, որ անվճար կարողանան իրենց բացումներն ու փակումներն իրականացնել մեր ձեռք բերած տեխնիկայով, Կինոնի տանը եւ ամենակարեւորը՝ առանց փողի»,-ասաց պարոն Խաչատրյանը:

Հավելեց, որ հայթայթել են 216 ժապավենային ֆիլմեր, որոնք այս պահին ուսումնասիրվում եւ տեսակավորվում են մասնագետների կողմից, իսկ ֆիլմերի պահպանման համար նորոգվում է ֆոնդային հատվածը:

Կինոգործիչների միության նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանն էլ անդրադարձավ «Կինոն ուսուցիչ» եւ «Ժառանգություն» կրթական-մշակութային նախագծերին, որոնք միությունն իրականացնում է ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ: Այդ ծրագրերը նախատեսված են 6-9-րդ դասարաների համար:

Պատասխանելով լրագրողների հարցին՝ Հարություն Խաչատրյանը խոսեց Կինոմիության տարածքների հանդեպ ոտնձգություններից. «Ամիսներ շարունակ զբաղված ենք դրանով եւ դատարաններում ենք: Մենք կունենանք նաեւ լրագրողների կարիքը, որպեսզի վերջապես ապացուցենք, որ կատարվածը կեղծիք է եւ հանցագործություն»:

Հարություն Խաչատրյանը մեկ այլ խնդիր էլ բարձրաձայնեցու ցանկություն հայտնեց, որ պետական ֆինանսավորում չստացող  մշակութային հաստատությունները, կենտրոնները ազատվեն գույքահարկից եւ հողի հարկից:

Ասուլիսի ավարտին նա խոսեց նաեւ ժառանգության պահպանությունից. «Կինոն միայն վայելելու եւ ժամանցի համար չէ, հայկական կինոն  լուրջ գործիք ու զենք է, հայկական կինոն կարող է պատմել մեր մեծ պրոբլեմների, առավելությունների ու թերությունների մասին: Մենք անընդհատ  հպարտանում ենք մեր մշակույթով, գլուխ գովելով լցնում մարդկանց ականջները, բայց մեր մշակույթը լավ պահպանված ու վերականգնված չէ: Օրինակ, հայկական համր կինոն աշխարհի լավագույն կինոտեսակներից մեկն է, որը պետք է վերականգնել, բայց մենք չունենք լաբորատորիաներ: Պետք է մշակութային ժառանգությունը վերականգնել, այն միշտ վտանգի տակ է եղել՝ եւ խաչքարերն են վնասում, եւ արձաններն են կոտրում, մեր ժողովուրդը սիրում է մշակույթ, բայց նրա մի մասը բարբարոսաբար է վերաբերվում մշակութային ժառանգությանը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930