Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բացի սույն վկայից, որեւիցե այլ ապացույցով չի հիմնավորվել, որ Աղվան Հովսեփյանը մասնակցել է տնտեսական ապօրինի գործունեությանը»․փաստաբան

Ապրիլ 16,2022 16:27

Վարույթն իրականացնող մարմինն օրեր առաջ լրատվամիջոցներով ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործի մասին հայտարարություն  տարածելով՝  ոչ միայն խախտում է անմեղության կանխավարկածը, այլեւ փորձում է հասարակության մոտ տպավորություն ստեղծել, որ այն, ինչ իրենց համար ընդունելի է, արդեն կատարված փաստ է, եւ Աղվան Հովսեփյանը կատարել է հանցագործություն։  Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Աղվան Հովսեփյանի փաստաբան Գագիկ Խաչիկյանը: Նրա ներկայացմամբ՝ խոսքը  ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին է, եւ ըստ փաստաբանի, նման հոդվածով մեղադրանք՝ պաշտոնատար անձանց ապօրինի գործունեություն կատարելը, շատ քիչ է հանդիպում։

Խաչիկյանի խոսքով՝ այս գործով մեղադրանքի համար կա միայն մեկ՝ առանցքային վկա․ «Չեմ ցանկանում նշել այդ անձի անունը։ Սույն անձնավորությունը 2000-ականների սկզբին ՌԴ-ից տեղափոխվում է Հայաստան, որոշում է զբաղվել տնտեսական գործունեությամբ, մտերմական հարաբերություններ է ստեղծում  Աղվան Հովսեփյանի որդիների հետ։ Հիմա նոր հասկանում ենք, որ նրա նպատակը ամենեւին չի եղել այս գործունեության ընթացքում Հովսեփյանի որդիների հետ իրոք բիզնես անելը, այլ  ավելի շատ վերջիններիս անունն օգտագործելու նպատակ է ունեցել։ Այս անձնավորությունը սկսում է Աղվան Հովսեփյանի որդիների հետ բիզնես անել, մեծ վարկեր է վերցնում, վարկերը փոշիացնում է։ Աստիճանաբար հասկանալի է դառնում, թե որն է եղել հիմնական նպատակը։ Ի վերջո` որդիները վերջինիս հետ գործնական հարաբերությունները խզում են, 2014 թվականին կնքվում է փոխադարձ պայմանագիր, որով բիզնեսները բաժանվել են։ Դրանից հետո մոտ չորս տարի որեւէ խնդիր չի առաջանում։  2018-ին սույն անձնավորությունն ամենայն հավանականությամբ որոշել է, որ  իր համար լավ ժամանակներ են եկել, ու որոշել է, որ կարելի է այդ բիզնեսի թալանը հիմա էլ շարունակել։ Այդ պատճառով ինչ-որ չնչին առիթներով դիմել է  իրավապահներին։ Մինչեւ 2021 թվականը իրավապահ մարմինները լուրջ չեն վերաբերվել այդ խնդրին, բայց անցյալ տարի որոշակի իրավիճակ է փոխվել, եւ հանկարծ այս անձնավորության ասածները սկսել են շատ կարեւոր դառնալ, եւ կարեւորությունն արտահայտվել է հետագա գործողություններում, արդյունքում Աղվան Հովսեփյանին ձերբակալում են, հետո՝ կալանավորում։

Եթե այս ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դրվագում  հանենք Աղվան Հովսեփյան բառերը ու տեղը դնենք Աղվան Հովսեփյանի որդիներ բառերը, ըստ էության, կարելի է համաձայնվել այն ամենի հետ, ինչ-որ ասվում է,  որովհետեւ, իրոք, եղել է բիզնես գործունեություն, որը որոշակի շահույթ է ապահովել, որդիների մասնաբաժինն ուղղվել է վերջիներիս ունեցած գույքը բարելավելուն։  Մնացածը, թե Աղվան Հովսեփյանն է մասնակցել բիզնեսում, դա աճպարարություն է, եւ երբ այս վկայի եւ իշխանության որոշակի շերտերի շահերը համընկել են, այս աճպարարությունը դարձել է քրեական գործի առիթ եւ հիմք։ Վստահեցնում եմ՝ բացի սույն վկայից, որեւիցե մեկ այլ ապացույցով չի հիմնավորվել, որ Աղվան Հովսեփյանը մասնակցել է տնտեսական ապօրինի գործունեությանը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930