ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը հերքում է «Մուրացան» հիվանդանոցում նախօրեին տեղի ունեցած ծեծկռտուքին իր մասնակցությունը:
Հիշեցնենք, որ ըստ shamshyan.com-ի՝ նշված հիվանդանոցի անվտանգության աշխատակից Վահագն Շիրինյանը ծառայության մեջ է եղել, երբ մի քաղաքացի փորձել է մտնել հիվանդանոց, սակայն Վ․ Շիրինյանը նրան հայտնել է, որ այդ ժամին նշված վայրով արգելվում է մուտք գործել հիվանդանոց, ինչը զայրացրել է այդ քաղաքացուն, և ըստ Վ Շիրինյանի ահազանգածի՝ այդ քաղաքացին զենքով հարձակվել է իր վրա, ծեծի ենթարկել, պատճառելով մարմնական վնասվածք, որից հետո մի խումբ անձինք ժամանել են հիվանդանոց և շարունակել խոչընդոտել իր աշխատանքը, հարձակվել ու հարվածներ են հասցրել, ինչը ֆիքսվել է նաև հիվանդանոցում տեղադրված տեսախցիկների միջոցով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ․ Շիրինյանի հայտնած տղամարդը ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ, ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանն է։
«Անլուրջ, չեմ ուզում որակում տալ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է, հղում են անում տեսանյութերին, համեմատեք, տեսեք՝ ես այդտեղ եղե՞լ եմ, թե՞ ոչ»,- Aravot.am-ին ասաց Արմեն Հակոբյանը:
Կարդացեք նաև
Մեր հարցին, թե՝ դուք դեպքի օրը հիվանդանոց չե՞ք գնացել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես այդտեղ ապրում եմ… գնացել եմ, շատ ավելի ուշ, երբ միջադեպն ավարտված է եղել, միջադեպին առնչություն չեմ ունեցել: Պետք էր շոու, սարքել են, նյութերը կնախապատրաստվեն, ընթացքում կերեւա»:
Գնդապետից նաեւ ճշտեցինք՝ զենքո՞վ է հիվանդանոց գնացել, ի պատասխան՝ ասաց. «Այո՛, իմ պարգեւատրական զենքն է, որը մշտապես կրում եմ, բայց դա դրա հետ ոչ մի առնչություն չունի»:
Նա վստահեցրեց, որ հիվանդանոց ելումուտի ու առհասարակ որեւէ անձի հետ ինքը դեպքի օրը խնդիր չի ունեցել:
Մենք գնդապետից նաեւ հետաքրքրվեցինք՝ արդյոք ճանաչո՞ւմ է միջադեպի մասնակիցներին, պատասխանեց. «Դա իմ թաղամասն է, ես այստեղ արդեն ապրում եմ 48 տարի, բոլորին ճանաչում եմ»: Գնդապետ Հակոբյանը նաեւ ասաց, որ միջադեպով իրեն ոստիկանություն չեն հրավիրել, նա սակայն չհստակեցրեց, ով է հիվանդանոցի անվտանգության աշխատակցին ծեծողը, կրկնեց, որ իր մասով ամեն ինչ մեկնաբանեց:
Ոստիկանությունից նույնպես չմեկնաբանեցին, թե հիվանդանոցի անվտանգության աշխատակցին ծեծած քաղաքացին ինչ առնչություն ունի գնդապետ Արմեն Հակոբյանի հետ: Միայն հայտնեցին, որ ահազանգով պարզվել է, որ ապրիլի 14-ի երեկոյան 22: 00-ին հիվանդանոցում Մուրացան փողոցի բնակիչ 48 ամյա բնակիչ տղամարդը ծեծի է ենթարկել ահազանգողին՝ պատճառելով վնասվածք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: Ի դեպ, Արմեն Հակոբյանը նույնպես 48 տարեկան է, ինչպես ինքը հայտնեց՝ Մուրացան փողոցի բնակիչ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ