Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Երեմ Սարգսյան․ «Քանի որ սա Աղվան Հովսեփյանի գործն է՝ իրենց ամեն խախտում թույլատրելի է»

Ապրիլ 16,2022 14:10

«Մեղադրական կողմը հայտարարություններ է անում, թե՝ 6,8 միլիարդ դրամ, Աղվան Հովսեփյանի բոլոր գույքերի եւ դրամական մուտքերի վրա կալանք է դրվել։ Իսկ ինչո՞ւ 6,8, ինչո՞ւ 10 միլիարդ չէր, որտեղի՞ց եք այդ գումարը վերցրել, որ մի հատ էլ հիմնավորել եք, չնայած ոչինչ էլ չեք հիմնավորել։  Այդ գումարը որտեղի՞ց եք ֆիքսել։ Ընդամենը ցանկություններով․․․ Նույնիսկ  Աղվան Հովսեփյանի թոշակի վրա են կալանք դրել, մինչդեռ իրավունք չունեին»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Նա ասաց, որ  Հովսեփյանի որդիների ամբողջ գույքի, հաշիվների, ընկերությունների վրա կալանք է դրված, որդին երեք մանկահասակ երեխա ունի․ «Ո՞նց պետք է ընտանիքը պահի։ Իբր թե օրինականություն են պահում, բայց ավելի մեծ ապօրինություններով»։

Հիշեցնենք, Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ):

Ըստ մեղադրող կողմի, Հովսեփյանը 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190.000.000 ՀՀ դրամ կաշառք եւ խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար:

Աղվան Հովսեփյանը կալանավորված է, սակայն նրա փաստաբանական խումբը գտնում է, որ Հովսեփյանի կալանքի ժամկետը երկարացվել է ապօրինի։

«Նախաքննությունն ավարտվել էր, քննիչը գործն  ուղարկել էր դատախազին, որն էլ ցուցումով այն հետ էր ուղարկել, հանձնարարել որոշակի գործողություններ անել։ Նման գործերն, ինչպես միշտ, առաջին ատյանի դատավոր Դավիթ Արղամանյանն է քննում։ Հարց ենք տալիս դատարանին՝ եթե քննիչն ասում է՝ ես էլ գործ չունեմ անելու, խոչընդոտման հավանականության ռիսկ չկա, դատավորին ասում ենք՝ դատախազից  ցուցումը պահանջի, որպեսզի դատարանը տեսնի՝ դատախազն ի՞նչ է հանձնարարել,  որպեսզի դատարանը կարողանա որոշել ինչ պետք է դեռեւս կատարի քննիչը՝ արդյոք այդ գործողությունների պարագայում Աղվան Հովսեփյանը կարող է խոչընդոտել, թե՝ ոչ, եւ եթե պետք է երկարացնել կալանքը․ ապա ի՞նչ ժամկետով»,-ասաց փաստաբանը։

Նրա ներկայացմամբ՝  դատավորը պահանջեց ցուցումը, սակայն քննիչը կարիք չգտավ այն տալու, եւ դատարանը երկարացրեց կալանքը․ «Հաջորդ անգամ, երբ եւս երկու ամսով մեղադրանքի կողմը ցանկացավ երկարացնի,  պարզվեց, որ այս ցուցումի պահանջները չի էլ կատարել։ Այսինքն, դատարանում մեղադրական  կողմը հիմնավորում էր, թե ցուցումի համար դեռեւս մի քանի հարցում ունեմ, եւս երկու ամսով  երկարացրեք։ 57 օր է անցել նախորդ երկարացումից, մենք հիմնավորեցինք, որ այդ ընթացքում ընդամենը 20 օր է ինչ-որ գործողություններ կատարվել։  37 օր ոչինչ չեն արել։ Եթե չեք կատարել, ու ասում ենք 60 օրով եւս երկարացրեք․․․ 20 օրից ընդամենը 12 օրում ինչ-որ կես էջանոց հարցումների էին կատարել, որը կարող էին երկու ժամում անել, մնացած 8 օրը հարցաքննել էին 12 վկաների, որից  8-ին 5 օրվա մեջ, այսինքն, քննիչն ուներ 10-15 օր աշխատելու անհրաժեշտություն։ Հիմա արդյոք դատավորը պետք է եւս երկու ամսով երկարածներ, իհարկե, ոչ։ Բայց քննիչը դատարանում ասաց՝ այլեւս վկաներին հարցաքննելու  անհրաժեշտություն չկա, միայն հարցումներ պետք է անեմ։ Դատավորը նշեց՝ հարցումների, նյութերի խոչընդոտման, թաքցնելու կեղծելու մասով ոչինչ չկա, բայց կարող է խոչընդոտի վկաների վրա ազդեցություն գործադրելով։ Դատավորն իր կողմից հիմք է հորինել, որպեսզի արդարացնի, թե ինչու է կալանքի տակ պահում Աղվան Հովսեփյանին։ Դատավորը խնդիր ունի դրված, որ պետք է անընդհատ կալանքի տակ պահի»։

Երեմ Սարգսյանի ներկայացմամբ՝ երբ փաստաբանական խումբը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան, առաջին ատյանում  անմիջապես առձեռն մուտքագրել են, որպեսզի նյութերն  արագ ուղարկվեն․ «Մեկ ամիս անց է Դավիթ Արղամանյանը ուղարկել։ Անձի ազատության նկատմամբ տեսեք, թե ինչ վերաբերմունք է։  Պարզվում է՝ Վերաքննիչ դատարանը դատախազին չի էլ ուղարկել բողոքի օրինակը։ Հետո  դատախազն ասում է՝ հետաձգեք, որպեսզի ես ծանոթանամ նյութերին, ու  մի հատ էլ մինչեւ ապրիլի 28-ն են հետաձգում։

Քանի որ սա Աղվան Հովսեփյանի գործն է, իրենց ամեն խախտում թույլատրելի է։ Պատկերացրեք այլ  դատավոր չնչին խախտում աներ՝ արդարադատության նախարարությունով  ու գլխավոր դատախազությունով մի կարգապահականներ, վարույթների տարափ կներկայացնեն։ Այս պարագայում խուլ ու համր են եւ ոչինչ չեն տեսնում»։

Փաստաբանական խումբը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել  Դավիթ Արղամանյանի եւ Վերաքննիչ դատարանի դատավոր  Արմեն Դանիելյանի վերաբերյալ։ Ապա դատախազությունը, ինչպես ասաց Երեմյանը, մի գրություն է ուղարկել պաշտպանական կողմին, թե՝  ձեր դիմումը հանցագործության մասին տեղեկություններ չի ներկայացնում․ «Բայց մենք նշել էինք  հոդվածը, արարքը, հանցակազմի բոլոր տարրերը։  Այս գրությունը բողոքարկել ենք դատարան, մոտ օրերս դատարանում կքննվի, թե պե՞տք է քրեական գործ հարուցվի, թե՞ ոչ, իրավունք ունե՞ր դատախազը գրությամբ պատասխանել, թե՞ ոչ։ Բացարկ ենք ներկայացրել քննիչին եւ նախաքննական ամբողջ մարմնին՝ նշելով, որ ուղղորդված եւ ապօրինի քննություն է կատարվում»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930