Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Գյումրի՝ ոստիկանության տոնը նշելու։ Կառավարության ղեկավարը ժամը 11․00-ին լինելու էր ոստիկանության «Կումայրի» բաժնում, որը գտնվում է քաղաքի պատմական միջուկում՝ Ռուսթավելի վերակառուցված փողոցում։
Այդ ժամանակահատվածում «Ես համաձայն չեմ» շարժումը լուռ բողոքի ակցիա էր անցկացնում՝ 10 րոպե փակելով կենտրոնական Սայաթ-Նովա փողոցը։ Բողոքող քաղաքացիները ձեռքերին պահել էին կարմիր նախազգուշացնող ժապավեններ՝ «Ես համաձայն չեմ» վերտառությամբ։
Շարժման ղեկավար Կարապետ Պողոսյանն Aravot.am-ի հետ զրույցում մանրամասնեց, որ իրենք լուռ բողոքի ակցիայով իրենց անհամաձայնությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը տարբեր ոլորտներում, առաջնահերթ հայ-թուրքական ոչ հարգալից, նվաստացնող հարաբերություններին։
Կարդացեք նաև
«Ես համաձայն չեմ երկրում տիրող իրավիճակի հետ, չենք կարող ապրել ՝ որպես արժանապատիվ քաղաքացի։ Համաձայն չեմ այս լռությանը»,-ասաց քաղաքացիներից մեկը։
«Համաձայն չեմ Հայաստանի թուրքացմանը»,- նշեց բողոքի մասնակիցներից մեկը։
«Արցախ տալու չունենք»,-ասաց երրորդը։
Քաղաքացիներին հսկում էին մեծ թվով կարմիր բերետավորներ։
Բողոքավորները շնորհավորեցին ոստիկանի տոնը՝ հորդորելով ծառայել ի շահ Հայաստանի Հանրապետության։
Ըստ Կարապետ Պողոսյանի, սա առաջին բողոքի ցույց է, հետագայում կունենան ավելի կոնկրետ գործողություններ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ