Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք լուրջ ռեսուրսներ պիտի ներդնենք՝ պետական մակարդակով Ադրբեջանի կեղծիքին դիմակայելու համար․ «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 16,2022 11:45

Ադրբեջանի հայտնի բռնապետը չի դադարեցնում պատմությունը կեղծելու փորձերը: Այս երեւույթը պաշտոնական Բաքուն հետխորհրդային ժամանակահատվածում բարձրացրել է պետական քաղաքականության մակարդակի՝ քարոզչության հիմնական օրակարգային հարցերի վերածելով: Տվյալ արատավոր միտումը օրինաչափորեն նկատվում է այն պետությունների վարած քաղաքականության մեջ, որոնք ունեն ընդամենը 1 դարի պատմություն եւ ստեղծվել են այլ ժողովուրդների պատմական բնօրրաններում:

Օրերս Ալիևը կրկին պատմությունը կեղծելու հերթական փորձն էր անում: Արտասահմանյան երկրների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Բաքվի առաջնորդը դեմքի բութ արտահայտությամբ փորձում էր կեղծել պատմությունը՝ ասելով, թե Զանգեզուրը Հայաստանին է հանձնվել 1920 թ., 1900-ականների սկզբին քարտեզի վրա Սեւան անունով լիճ չի եղել, որ Երեւանն իրենց պատմական քաղաքն է՝ իր խոսքերը համեմելով ադրբեջաներեն տեղանուններով: Բայց, հայտնի պատճառներով, օրինաչափորեն իր հայտարարությունները հիմնավորելու Ալիեւի փաստարկները չէին անցնում 100-120 տարվա սահմանագիծը:

Ասել, թե Ալիեւը մտահոգված է եւ կարեւորում է քաղաքակիրթ աշխարհի կարծիքը, ճիշտ չէր լինի: Ավելի շուտ՝ նա հաշվի չի էլ նստում այդ կարծիքի հետ, ինչպես այսօր է անում՝ հայ ռազմագերիներին չվերադարձնելով եւ երեկ էր անում՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելով, Նախիջեւանը եւ Արցախը հայաթափելով, հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելով եւ յուրացնելով: Բաքվում արտասահմանցի հյուրերի հետ հանդիպման ընթացքում հնչեցրած սուտը պետք է առաջին հերթին իրեն՝ Ալիեւին, ինքնահաստատման, մյուս կողմից էլ՝ Ադրբեջանի քաղաքացիներին կեղծ իրականության մեջ պահելու համար: Հայկական պետություններն ինքնահաստատվելու կարիք չունեն:

Մեծ Հայքի տարածքների հայկակականության մասին փաստող պատմական-վավերագրական աղբյուրները բյուր են: Դրանք մեզ են հասել եւ ամրագրված են նախաքրիստոնեական ժամանակաշրջանից սկսած մինչեւ մեր օրերը փաստագրված պատմական արձանագրություններում ու քարտեզներում: Սակայն այստեղ խնդիրն այն է, որ Ադրբեջանն իր նենգ գործելաոճին համահունչ նման կեղծիքները կրկնելով՝ հող է նախապատրաստում հերթական հայկական տարածքի գողության համար, ինչպես անում է 1918 թ. ստեղծվելուց ի վեր՝ թիզ առ թիզ հողեր գողանալով հայկական տարածքներից, հայաթափելով հայկական բնակավայրերը եւ ոչնչացնելով հազարամյակների ընթացքում հայ ժողովրդի ստեղծած մշակութային ժառանգությունը: Սա է այդ պետության էությունը, եւ դա առաջին հերթին պետք է հասկանանք մենք՝ հայերս, եւ լուրջ ռեսուրսներ ներդնենք՝ պետական մակարդակով Ադրբեջանի կեղծիքին դիմակայելու համար:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930