Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ժամն է համախմբման՝ հանուն հայրենիքի փրկության․ «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 16,2022 11:25

Արցախի ապագա կարգավիճակի շուրջ վերջին զարգացումները դժգոհությունների ալիք են բարձրացրել Ստեփանակերտում՝ սրելով եւ բարդացնելով առանց այն էլ երկրում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: Մարդկանց կարծիքով՝ Արցախի ապագայի, նրա ճակատագրի վերաբերյալ վճիռ պիտի կայացվի ոչ թե «դրսում», այլ Արցախի Հանրապետությունում, որտեղ ավելի քան երեք տասնամյակ առաջ դրվել են ազատության ու Անկախության հիմքերը, եւ հայրենիքի համար իրենց կյանքն են զոհաբերել հազարավոր հայորդիներ…

Անկախ այն բանից, թե միջազգային հարթակներից ինչպիսի կարծիքներ են հնչեցվում Արցախի կարգավիճակի շուրջ, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը երկրի անվտանգության խորհրդի, ԱԺ խմբակցությունների ղեկավարների եւ կառավարության անդամների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումների ժամանակ նշել է, թե ոչ ոք պարտադրելու եւ պահանջ ներկայացնելու իրավունք չունի, եւ սեփական ճակատագիրը կարող են որոշել բացառապես այնտեղ ապրող 120 հազար բնակիչները. «Երկրի իշխանությունների եւ բնակչության անունից ուզում եմ ընդգծել, որ անկախության ճանապարհից չենք շեղվելու: Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»:

Նույն միտքը լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ շեշտել է նաեւ արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, ներկայացնելով երկրի իշխանությունների դիրքորոշումն արծարծվող խնդրի վերաբերյալ, նշել է, որ Արցախի խնդիրը ոչ միայն այնտեղ ապրող բնակչության, այլեւ համայն հայության խնդիրն է, եւ այդ հարցում երկրորդ կարծիք լինել չի կարող:

Նրա հավաստմամբ՝ Արցախի իշխանություններն ու ժողովուրդը միակամ են, եւ կարգավիճակի հարցում ոչ մի տարաձայնություն չկա: Ըստ նախարարի՝ արցախյան հիմնախնդիրը համահայկական նշանակության խնդիր է, եւ հրաժարվել Արցախից՝ նշանակում է հրաժարվել նաեւ Հայաստանից: «Այլընտրանք չի լինելու,- կարծում է Դ. Բաբայանը:- Չլինի Արցախը, վտանգվելու է եւ Հայաստանի ճակատագիրը: Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ ոչ մի առնչություն չունի: Արցախը հայկական պահելու բոլոր հիմքերն ունենք, եւ այդ հարցում մենք մենակ չենք: Մեր պայքարը, մեր իրավունքները մեր պատմական հողում արժանապատիվ ապրելու եւ արարելու համար են, եւ պայքարելու ենք մինչեւ վերջ»:

Նախօրեին Ազգային ժողովում հրավիրված արտահերթ նիստում Արցախի «նշաձողի իջեցման» վերաբերյալ իրենց անհամաձայնությունն են հայտնել խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը, պատգամավորներ Գեղամ Ստեփանյանը, Դավիթ Իշխանյանը, Մետաքսե Հակոբյանը, Արթուր Մոսիյանը, Վահրամ Բալայանը եւ այլք: Խորհրդարանի ղեկավարը նշել է, թե ցանկացած քննարկում «Ադրբեջանի կազմ վերադառնալու մասին արցախցիների համար անընդունելի է: Արցախի բռնակցումն Ադրբեջանին կհանգեցնի բնակչության հայաթափման եւ ոչնչացման, պատմական եւ աշխարհաքաղաքական ողբերգության: Մենք չափազանց ծանր գին ենք վճարել ազատության եւ անկախության համար, ու մեր պատմությունն անարժան ձեւով փակելու բարոյական իրավունք չունենք»:

«Այսօր երկար պերճաշուք ելույթների ժամանակը չէ,- խոսքն այսպես սկսեց ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը:- Լուռ համաձայնությամբ կամ ճնշման տակ համաշխարհային եւ տարածաշրջանային դերակատարները Հայաստանի Հանրապետության վզին են փորձում փաթաթել խաղաղության պայմանագիր, որն Արցախի համար համարժեք է «մահվան դատավճռին»: Մենք դիմում ենք ՀՀ ժողովրդին, սփյուռքին, ողջ հայ ժողովրդին՝ եկել է ճշմարտության պահը, ժամն է համախմբման՝ հանուն հայրենիքի փրկության: Հանուն մեր երեխաների ապագայի, հանուն համայն հայության ապագայի մենք հայտարարում ենք համահայկական կոնսոլիդացիա»:

«ՀՅ Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը ԱԺ ամբիոնից բարձրաձայնեց, թե ոչ ոք չի ձգտել ու չի ձգտում պատերազմի եւ ոչ ոք այնքան խաղաղություն չի ուզում, որքան արցախցիները, ովքեր քաջ գիտակցում են, թե ի՛նչ է նշանակում սեփական հայրենիք ունենալու իրավունքը եւ առավել եւս՝ այդ հայրենիքում ապրելու իրավունքը:

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930