Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն ու իշխող խմբակցության պատգամավորները ոչ մի նոր բան չասացին, պարզապես բացեցին փակագծերը․ «Փաստ»

Ապրիլ 16,2022 10:50

Այն, ինչ վերջին օրերին կատարվեց ԱԺ-ում, և ընդհանրապես, այն, ինչ կատարվում է մեր երկրում, բանական մարդու ուղեղում դժվար է տեղավորվում։ Հանրությունն ուղղակի շոկի է ենթարկվել, այդ թվում՝ նրանք, ովքեր ժամանակին իրենց քվեով նպաստում էին Նիկոլ Փաշինյանի իշխանության ամրապնդմանը։ Պատահական չէ, որ շատերն այնպիսի տպավորություն էին ստացել, որ ՀՀ խորհրդարանում ոչ թե Հայաստանի ղեկավարն էր ելույթ ունենում, այլ հակառակորդի, քանի որ նա մեկը մյուսի հետևից կրկնում էր ադրբեջանական թեզերը, նույնիսկ ավելի «համոզիչ» էր փորձում դրանք ներկայացնել, քան կաներ, օրինակ՝ հակառակորդի քարոզչամեքենան։

Փաշինյանը փորձում էր հավաստիացնել, թե իրականությունն է ներկայացնում և դրանով տարածություն է բացում խոսակցության ծավալման համար։ Այդ ի՞նչ տարածության մասին է խոսում Հայաստանի վարչապետի աթոռից կառչած անձը, այդ ի՞նչ նոր սպառնալիք է Հայաստանին ու Արցախին, արդյո՞ք նա պարզապես չէր գուժում նորանոր կապիտուլյացիաների ու պետականության կորստի մասին՝ դա ներկայացնելով որպես տվյալ իրավիճակում միակ ելքը։ Իրականում Փաշինյանն ու իշխող խմբակցության պատգամավորները ոչ մի նոր բան չասացին, պարզապես հիմա արդեն ամբողջությամբ բացեցին բոլոր փակագծերը, ինչն այնքան ակնհայտ է, որ այս դեպքում անգամ բուն ելույթների դետալներին անդրադառնալու կարիք չկա։ Եթե նրանք նախքան այս ինչ-որ ձևով կարողանում էին քողարկել իրենց իրական նպատակներն ու տարբեր մանիպուլյացիոն մեթոդներով մոլորեցնել հանրությանը, ապա այս անգամ պարզ, հանրամատչելի, առանց տողատակերի քողազերծեցին իրենց վարած քաղաքականության ողջ էությունը։

Այսինքն, այն «ապագան», որը խոստանում էին: Մյուս կողմից էլ՝ հասկանալի է, որ միանգամից չէինք կարող հայտնվել այսպիսի իրավիճակում, այս օրակարգը մեկ օրում չի հայտնվել։ Այս ամենը խոր արմատներ ունի և գալիս է 2018 թվականից, երբ Նիկոլ Փաշինյանը ստանձնեց երկրի վարչապետի պաշտոնը։ Հանրության առավել ադեկվատ հատվածը, հաշվի առնելով Փաշինյանի տեսակն ու անցած քաղաքական ճանապարհը, նրա արտահայտած դիրքորոշումները ու նրան աջակցող արտաքին ուժերի գործոնը, պատկերացնում էր նրա իշխանավարման վտանգավորության աստիճանը։ Եվ անցած մոտ չորս տարվա ընթացքում այդ կապակցությամբ հանրությանը զգուշացնող ազդակներ են հղվել, այդ թվում՝ մեր կողմից։ Հստակ ահազանգեր էին հնչում այն մասին, որ իշխանություններն ուղղակի ձեռքները լվանում են Արցախից, նրանց համար Արցախը բեռ է, որից պետք է ազատվել։

Պատահական չէ, որ ո՛չ Նիկոլի, ո՛չ մյուս «նիկոլների» շուրթերից այդպես էլ երբեք չլսեցինք «Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու» արտահայտությունը։ Եղել են նաև այլ ակնհայտ երևույթներ ու իրողություններ, որոնցից մեր քաղաքացիները կարող էին վաղ փուլում հեռուն գնացող հետևություններ անել, բայց շատերը փորձել են իրենք իրենց համոզել, թե անհնար է, Փաշինյանը չի կարող պետականությունը կործանման հասցնել, շարունակել են հույսեր փայփայել, թե դրական փոփոխություններ, այնուամենայնիվ, լինելու են, կամ, ի վերջո, պարզապես չեն ցանկացել գոնե իրենք իրենց համար ընդունել, որ 2018 թվականին սխալվել են։

 

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930