Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բալայան. Այսպես «խաղաղություն» բերելն ինքնասպանության նման մի բան է․ «Փաստ»

Ապրիլ 16,2022 09:50

Ազգային ժողովում Հայաստանի վարչապետի ելույթով, նաև նրա թիմի ներկայացուցիչների ելույթներով ու հարցազրույցներով բացահայտվեց այն, ինչը վերջին տարիներին էր տեղի ունենում: Խոսքն Արցախն Ադրբեջանին տալու գործընթացի մասին է: Մասնավորապես, Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելը հենց այդ մասին էր:

«Փաստի» հետ զրույցում այս մասին նշել է Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը: «Փորձ է արվում ինչ-որ ձևով հիմնավորել վերոնշյալը, այդ թվում՝ ասել, թե իբրև միջազգային հանրությունն է պահանջում: Իրականում միջազգային հանրություն հասկացողությունը շատ բազմաբովանդակ ու բազմաշերտ է. երբեք չի եղել ու չի կարող լինել այնպես, որ միջազգային հանրությունը միակարծիք լինի: Այս կամ այն երկրի կամ միջազգային կառույցի մոտեցմանը հղում անելով՝ հիմնավորումներ ներկայացնելը ու դրանով սեփական անկարողությունը ինչ-որ ձևով փարատելու փորձը ճիշտ չէ, մեզ լավ տեղ չի տանի: Իրականում այս ասպարեզում աշխատանք կա անելու, որովհետև ամեն ինչ կորած չէ: Աշխատելու պարագայում հնարավոր է այս պահին գոնե եղածը պահել»,- ասաց նա՝ շեշտելով, որ պետության ղեկավարը պետք է ունենա սկզբունք, մոտեցումներ և հարցի լուծման նպատակաուղղված քայլեր:

Այս իշխանություններն անընդհատ հայտարարում են, թե «խաղաղության օրակարգ» են բացում»,ասաց նա՝ շեշտելով, որ մյուս կողմից հարց է առաջանում՝ դիմացինն արդյո՞ք ուզում է այդ «խաղաղության օրակարգը:

«Ինչպե՞ս հասկանալ, երբ հայտարարված «խաղաղության օրակարգին» զուգահեռ՝ ականանետերով, ինքնաձիգերով հարվածում են, ԱԹՍ-ներ են օգտագործում, նոր տարածքներ գրավում: Կամ՝ ինչպե՞ս հասկանալ անընդհատ հնչող այն սպառնալիքները, որ «եթե Մեղրիի ճանապարհը չտաք, մեկ է, այն վերցնելու ենք»: Իրականում իրար հակասող իրողություններ ենք տեսնում: Նման պարագայում ձևացնելը, թե այս ամենը չես տեսնում, ու այսպես «խաղաղություն» բերելը իրականում ինքնասպանության նման մի բան է: Սա նշանակում է՝ հանրությանը նորից պատրանքների գիրկը մղել: Փորձում են համոզել, թե մեզ խաղաղ ներկայացնելով՝ ամեն ինչ լավ է լինելու, բայց այդպես չի լինում: Պատմության մեջ չկա մի այնպիսի դրվագ, երբ մի ժողովուրդն ասում է՝ ես խաղաղ եմ լինելու, իսկ մյուսն ասում՝ քեզ սպանելու եմ, այդպիսով պատերազմն ավարտվում է: Այս մոտեցումներն ու մեթոդիկան պետք է փոխել: Խաղաղությունն անհրաժեշտություն է, բայց խաղաղության հասնելու համար այլ ճանապարհով պետք է գնալ»:

ՀՀ իշխանությունների գործողությունների վերաբերյալ Արցախից հնչող կոշտ հայտարարությունների համատեքստում, դիտարկելով նաև Արցախում առկա ընդհանուր տրամադրությունները, Վ. Բալայանը շեշտեց. «Իսկապես բարդ ժամանակներ ենք ապրում, ինչը պայմանավորված է տարբեր գործոններով՝ աշխարհաքաղաքական զարգացումներ, վատ հարևանի առկայություն: Բայց մեզ համար ամենավտանգավորը և թևաթափ անողը ՀՀ օրվա իշխանությունների կեցվածքն է, ինչի մասին նորից խոսելու անհրաժեշտություն չկա՝ ամեն ինչ առավել քան ակնհայտ է: Այստեղ ժողովրդին դա է մտահոգում, և հենց այդ հանգամանքն է թևաթափ անում»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930