Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնը պահանջում է ՀՀ ապազգային իշխանության անհապաղ հեռացումը

Ապրիլ 16,2022 00:05

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնը՝ իր գիտամտավոր ու կազմակերպական պատկառելի ռեսուրսով, թե՛ որպես առաջամարտիկ, թե՛ որպես շարքային զինվոր, պատրաստ է միանալ Արցախի փրկության համար մղվող պայքարին, որին ակնկալում ենք մեր ժողովրդի բոլոր շերտերի վճռական մասնակցությունը:

ՀՀ-ը հրաժարվել է Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակից և աննախանձելի փութաջանությամբ աշխատում է փոխել Արցախի կարգավիճակի նշաձողը՝ հույս ունենալով, որ Ռուսաստանի միջնորդությամբ ոչ հեռու ապագայում Ստեփանակերտը հնարավորություն կունենա երկխոսելու Բաքվի հետ և պաշտպանելու սեփական քաղաքական իրավունքները:

Միջազգային հանրությունը չկարողացավ զսպել Ադրբեջանի ագրեսիան նույնիսկ այն ժամանակ, երբ մինչև 2018 թ. իշխանության ղեկին հերթապահած բոլոր էլիտաները բացահայտորեն խոսում էին հակամարտության՝ ռազմական լուծում չունենալու և փոխզիջումներով կարգավորելու մասին:

Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու վերաբերյալ Հայաստանի գործող իշխանության վերջին դատապարտելի թեզը հերթական ապացույցն է, որ վերջին 4 տարում հետևողական և ազգակործան քայլերով հայկական պետությունների գոյությանն սպառնացող իշխանական այս խմբակը լուրջ աշխատանք է տարել՝ մեկընդմիշտ փոշիացնելու ՀՀ արտաքին քաղաքական ռեսուրսը, ձախողելու Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, հեղինակազրկելու խաղաղ պրոցեսի միջազգայնորեն միակ մանդատակիր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, ինչը համահունչ է(ր) Ադրբեջանի՝ տասնամյակների վարած քաղաքականության տրամաբանությանը: Նիկոլ Փաշինյանը, նրա ազգակործան մոտեցումները հանրայնացնողներն ու միջազգային ասպարեզում աջակցող սուբյեկտները ՀՀ-ն անվտանգության երաշխավորից վերածեցին անվտանգային սպասարկուի:

Արցախի հակամարտության կարգավորման բանակցային պրոցեսում ունենալով ինստիտուցիոնալ, գործընթացային ու փաստաթղթային հայանպաստ ժառանգություն՝ վարչապետի աթոռն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ արժեզրկեց պետության ինքնիշխանության ռազմաքաղաքական ու դիվանագիտական, մշակութային ու անվտանգային բաղադրիչները, նվազեցրեց պետության սուբյեկտայնությունը, տապալեց դիվանագիտությունը, նպաստեց Թուրքիա-Ադրբեջան տանդեմի ռազմաքաղաքական դաշնակցության դե յուրե ամրագրմանը, չբարեփոխեց ՀՀ ԶՈՒ-ը, չթարմացրեց բանակի զինանոցը՝ այդպիսով արագացնելով հայության հանդեպ թշնամաբար տրամադրված Ադրբեջանի վաղահաս ռազմական ագրեսիան: Ավելին, հարավկովկասյան ռեալպոլիտիկի և աշխարհաքաղաքական ծանր իրողությունների մասին հայեցակարգային մոտեցումներ ցուցաբերելու և կարմիր գծեր սահմանելու փոխարեն, հանրության ուշադրությունը շեղեց և խոսույթը ողողեց մտացածին ու արհեստական գաղափարներով, որոնք չեն սպասարկում հայկական ու Հայաստանի շահը։

Գլոբալ մարտահրավերների համատեքստում՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններից մինչև Մերձավոր Արևելքի պաղեստինաիսրայելական ճակատ, Պակիստան ու Ֆրանսիա, Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են արագացնել Հայաստանի պարտվողական իշխանության հետ «խաղաղության գործընթացը», որի վերջնական նպատակն Արցախն Ադրբեջանի կազմում պահելն է՝ կրթամշակութային ընդարձակ իրավունքների փաստազուրկ երաշխիքներով:

Հայաստանում իշխող խունտան հոգեբանական ու մտքի տեռորի է փորձում ենթարկել հասարակությանը՝ պատճառաբանելով, որ մեր պետությունն ի վիճակի չէ գտնել այլընտրանքային լուծումներ, որսալ ու որոնել դաշնակիցներ, ուստիև Անկարայի և Բաքվի թելադրած պայմաններով Արցախը զիջելը դառնում է օրինաչափ:

Արցախը չի կարող ունենալ քաղաքական ու անվտանգային ավելի ցածր կարգավիճակ, քան հաստատվել է 2020 թ. պատերազմից հետո: Դա կլինի քաղաքական արկածախնդրություն և միջնաժամկետ հեռանկարում կխաթարի ՀՀ անվտանգությունը:

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնը՝

  • պահանջում է ՀՀ ապազգային իշխանության անհապաղ հեռացումը,
  • համարում է, որ գործող իշխանության որևէ խոստում կամ գրավոր պայմանավորվածություն, որով Արցախին կշնորհվի ուղղահայաց իրավահարաբերություն Ադրբեջանի հետ, չունի որևէ լեգիտիմ բնույթ և չի արտահայտում ՀՀ, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերը,
  • հավատարիմ մնալով իր արժեքային համակարգին, առաքելությանը, նպատակներին ու տեսլականին, մեկ կողմ դնելով քաղաքական տարակարծությունները՝ կանգնած է Արցախի պետության ու ժողովրդի կողքին իր ազատության համար պայքարում,
  • իր գիտամտավոր ու կազմակերպական պատկառելի ռեսուրսով, թե՛ որպես առաջամարտիկ, թե՛ որպես շարքային զինվոր, պատրաստ է միանալ Արցախի փրկության համար մղվող պայքարին, որին ակնկալում ենք մեր ժողովրդի բոլոր շերտերի վճռական մասնակցությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930