Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչենք մեր կողքին ապրող հերոսին

Ապրիլ 16,2022 13:30

 Նարեկ Չոբանյանը 44-օրյա պատերազմում վիրավորվելուց հետո ստիպված էր թողնել ծառայությունը, բայց նշում է՝ ինքը միշտ մասնագիտությամբ զինվորական է։

Նարեկը 44-օրյա պատերազմին մասնակցել է ամենաթեժ կետերում։

Հավատարիմ զինվոր, անմնացորդ նվիրյալ, ով նախընտրում էր զոհվել հրամանատարի հետ միասին։ Երեկ Նարեկի ծննդյան օրն էր։ Միշտ խաղաղ, հանդարտ ու լուսավոր: Նարեկ ջան, Աստված օրհնի ծնունդդ։ Շնորհավորում ու լավագույն մաղթանքներս եմ հղում քեզ, առողջ լինես, ձեռքբերումներով լի, թեթեւ, ուրախ տարիներ եմ մաղթում քեզ, հերոս ջան։

«Հիշում եմ,-պատմում է նա,- պահ էր եկել, որ կտրուկ քայլերի էինք գնալու.

– Հրամանատար, եթե դու պետք է մնաս էստեղ մեռնես, ուրեմն ես էլ կմնամ, եթե պիտի գնանք, ուրեմն միասին…

Երբ Մարտունի գնացինք, հիմնականում նույն տղերքով էինք։ Առավոտյան, երբ ինտենսիվ կասետային էր թափվում, մի կերպ հասա Ալեքյանի մոտ, հարցրի՝ ինչ ա եղել, ասաց. «Հայկոն լավ չի զգում, պիտի իջացնեք, ասացի՝ եթե լուրջ բան չէ, թող համբերի, հրամանատարը, թե. «Մեջների ճարպիկը դու ու Ռուբենն եք, իջացրու Հայկոյին…»:

Ես իջացրի Հայկոյին, երբ խրամատն ամբողջությամբ դուրս էի եկել, վերջին փոսը անցնելուց վիրավորում ստացա` կասետային հարվածից, ուսից վիրավորվեցի… Գլուխս ուղղակի բարձրացրի, ասացի՝ Աստված ջան, իմ հերթն էլ եկա՞վ, ես գործադրում էի վերջին ջանքերս, որ ապրեմ եւ ձախ ձեռքով ինձ քաշում էի, որ քցեմ մոտակա փոսը, կասետային հարվածն այնքան շատ էր, որ նման էր կարկուտի։ Ես խրամատի մի ծայրն էի, Ալեքյանը՝ մյուս ծայրը։

Ինձ մոտիկը Բաղաջյան Ռուբենն էր, ձայն տվեց` Չոբան, դո՞ւ ես վիրավոր, ասացի՝ հա, Ռուբենը իմ կյանքը փրկեց, ինձ տեղափոխեցին հոսպիտալ, դրանից հետո տղաները մնացին դիրքերում։ Բուժքույրն ինձ ձայն էր տալիս` Չոբան (ազգանվան կրճատ ձեւն է-խմբ), արթնացի, դու պատերազմը վերջացրել ես, քեզ տանում ենք «Աստղիկ»։ Միակ հարցը, որ ինձ հետաքրքիր էր՝ ձեռքս ուր ա, կատարելով 4 վիրահատություն, անցավ մեկ ամիս, բժիշկը մոտիկացավ, ասաց՝ շնորհավորում եմ, ձեռքդ փրկված է, ոնց որ ես ծնվեմ երկրորդ անգամ»։

Արմինե ԿԱՐԱԽԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930