Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղանկարչի ցուցահանդեսը հիշեցրեց հոր պատգամը՝ զգոն եղեք

Ապրիլ 16,2022 13:00

Գլենդելում բացվել է Մուշեղ Գրիգորյանի անհատական ցուցահանդեսը

Գլենդելում Թագուհի Վարդանյանի եւ Տիգրան Բաղդասարյանի ղեկավարությամբ գործող Creo Studio-ում ապրիլի 3-ից գործում է ճանաչված գեղանկարիչ Մուշեղ Գրիգորյանի անհատական ցուցահանդեսը։

Հիշեցինք մինչ 44-օրյա պատերազմը «Առավոտի» հետ նրա զրույցից մի հատված. «Հայրս (անվանի գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Զուլում Գրիգորյանը) կյանքի վերջին տարիներին (վարպետը մահկանացուն կնքել է 2018թ.) հաճախ էր ասում՝ նույնիսկ անառիթ, հազիվ լսելի ձայնով. զգոն եղեք, թուրքը մի օր կմտնի մեր տները…»։

Հարցազրույցից հետո մեզ մեղադրեցին այդ տողերի համար։ Բայց, ինչպես ասում են՝ առանց մեկնաբանությունների։


Մուշեղ Գրիգորյանի առաջին անհատական ցուցահանդեսից հետո (1985թ.) արվեստագետների եւ արվեստասերների շրջանում սկսվեցին խոսակցություններ, թե որդու ստեղծագործությունների հիմքում, ինչպես հոր, մարդու եւ առարկայական աշխարհի շոշափելի ռեալությունն է, որը երբեք գեղարվեստական խնդրի զոհ չի գնում եւ լինելով հոր սանը, որդու հենց առաջին գործերից երեւում է, որ նա էլ երբեք իրականության զգացողությունը չի կորցնի եւ, ամենակարեւորը՝ արդեն ակնհայտ է, որ հոր օրինակով, որդու գալիք աշխատանքներում էլ կեղծ լավատեսությունը, դեկորատիվ գունագեղությունը տեղ չեն ունենա։


Առաջին ցուցադրությունից ընդամենը երկու տարի անց Մուշեղ Գրիգորյանը անհատական ցուցահանդեսներ ունեցավ Մոսկվայում, ապա Լոնդոնում, Շանհայում, Բարսելոնայում, Տոկիոյում, Վիեննայում, Փարիզում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում. թվարկածը դեռ ամբողջը չէ։


Գեղանկարիչը մասնակցել է նաեւ բարեգործական ցուցահանդես-վաճառքների։ Նշենք վերջին շրջանում դրանցից երկուսը. 2015թ. ՀԲԸՄ-ում՝ սիրիահայերի օգնության ֆոնդին աջակցելու նպատակով եւ հաջորդ տարի, Երեւանի ՄԱԿ-ի գրասենյակում՝ Երկրագնդի օրվան նվիրված, բնության պահպանությանը եւ էկոլոգիայի խնդիրների լուծմանն աջակցելու համար։


Creo Studio-ի պաշտոնական կայքից տեղեկացանք, որ տարբեր ժանրերում ստեղծագործող արվեստագետը ներկայացել է բնանկարներով ու նատյուրմորտներով։

Ի դեպ, ներկայացված աշխատանքներում մեկ-երկու գործի հեղինակ է նրա տիկինը։


Այդ առիթով էլ հիշեցինք արվեստագետի երեւանյան ցուցահանդեսներից մեկում շրջանառվող կարծիքը, թե Մուշեղի յուրաքանչյուր ստեղծագործություն պարզապես ավարտուն մի մեղեդի է, որ դիտողին գերում է առաջին իսկ վայրկյանից, առաջին իսկ հնչյունից եւ պատահական չէ, որ որպես կյանքի ուղեկից նա ընտրել է հենց Տոմային (նկատի ունեին կնոջը՝ դաշնակահարուհի Թամարա Հարությունյանին)։

Տեղեկացնենք, որ Թամարա Հարությունյանը ամուսնու ցուցահանդեսին, հավանաբար առաջին անգամ, ներկայացրել է կերամիկական իրերի նկարազարդումներ։


Մուշեղ Գրիգորյանի գեղանկարները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, ՀՀ նկարիչների միության ֆոնդում, ինչպես նաեւ մասնավոր հավաքածուներում՝ Իրանում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ավստրիայում, Ռուսաստանում եւ այլուր։ Գեղանկարիչը 2003թ. ընդգրկվել է «Հազարամյակի արվեստի ուղեցույցում» (Բարսելոնա):

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարները՝ Creo Studio-ի կայքից

«Առավոտ» օրաթերթ
15.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930