Լրահոս
Օրվա լրահոսը

Եզդիներն ապրիլ ամսին, որպես կանոն, հարսանիքներ չեն անում

Ապրիլ 16,2022 12:30

«Կարմիր Չորեքշաբթի»-ն կապում է մեր ժողովրդի անցյալն ու ներկան

Չարշամա Սարե Սալե, Չարշամա Սոր, Այդա Տաուսի Մալակ անուններով հայտնի այս տոնը եզդիները նշում են ապրիլ ամսվա առաջին չորեքշաբթի օրը «Հին տոմարով», որպես Նոր տարի:

Ինչպես աշխարհի բոլոր ժողովուրդների, այնպես էլ եզդիների պատմության մեջ կարեւոր իրադարձություններն ու հիշարժան օրերը դարձել են տոներն ու տոնակատարությունները: Այդպիսի տոներից է Չարշամա Սորը՝ «Կարմիր Չորեքշաբթի», որը պահպանելով ազգային արժեքները, նպաստելով ազգի գոյատեւմանը, ամուր թելի նման կապել եւ կապում է մեր ժողովրդի անցյալն ու ներկան: Սա շատ հին տոն է, որը եզդիները տոնում են իրենց հազարամյա պատմության ընթացքում:

Սոր «կարմիր» բառը միաժամանակ նշանակում է տոն: Եզդիական ցանկացած տոնից առաջ սկսում են նախապատրաստվել: Բոլորը պարտադիր պետք է զբաղվեն իրենց եւ տան մաքրությամբ: Հնարավորություն ունեցողները մատաղի պատրաստություն են տեսնում: Տան անդամները գունազարդում են տարբեր գույներով տունը, պատրաստում են ազգային տարբեր ճաշատեսակներ: Պատրաստված սեղանը, որպես կանոն, մինչեւ երեկո չի հավաքվում:

Ազգականները, բարեկամները, համագյուղացիները միմյանց շնորհավորելուց հետո գնում են գերեզմանատուն, իրենց հետ տանելով մրգեր, քաղցրավենիք եւ այլ ուտեստներ: Ինչպես մյուս տոները, այնպես էլ Նոր տարին առիթ է, որ խռովածները հաշտվեն, ցանկանում են, որ տարբեր հիվանդությունները, աղքատությունը եւ փորձությունները մնան հին տարում եւ Նոր տարին սկսեն առողջ, բարեկեցիկ եւ երջանիկ: Եզդիները այս տոնը տոնում են գարնանը, համարելով, որ Աստծո կամոք Մալակե Տաուսը ստեղծել է երկիրն ու կյանքը, գարնանը ամենուր կյանքը նորանում է: Եզդիները, ավանդույթի համաձայն, ապրիլ ամիսը դիտում են նորահարսի «Բուկա Սալե» ամիս: Դրա համար եզդիները ապրիլ ամսին, որպես կանոն, հարսանիքներ չեն անում:

Այս տոնի ժամանակ եզդիների հոգեւոր առաջնորդարանանիստում` Լալշա Նուրանիում կատարվում են տարբեր ծեսեր, որոնք ուղեկցվում են տարբեր աղոթքներով, իսկ երեկոյան վառում են ձեթե լամպերը: Մարդիկ հավատում են, որ Լալշա Նուրանին, նրա դրախտ աղբյուրները իրենց կպաշտպանեն չար ոգիներից, տարբեր հիվանդություններից եւ աշխարհում կհաստատվի խաղաղություն ու համերաշխություն: Ինչպես միշտ, այս տարի նույնպես հայաստանաբնակ եզդիները տոնակատարություններն անցկացնում են Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում բարերար Միրզա Սլոյանի ընտանիքի միջոցներով կառուցված Եզդիների Զիարատում, Սրբատեղիում:

Ցավոք, 2014թ. օգոստոսի 3-ից Իրաքի Հանրապետության եզդիաբնակ Շանգալ մարզում մեր ժողովուրդը ենթարկվեց ահավոր ցեղասպանության: ԻՊ-ի հրեշները եզդիների նկատմամբ այնպիսի ոճիր գործեցին, որը չէիր կարող տեսնել զարհուրելի երազներում, նույնիսկ սարսափելի կինոնկարներում: Դաժան խավարը պատել էր մեր բնօրրանը, ամենուր մահ էր, եզդի կանանց ու երեխաներին 21-րդ դարի ստրկավաճառները հասցրեցին մինչեւ Աֆղանստան: Ահավոր ցավով եւ թափված արցունքներով մենք սպասում էինք, որ կդադարեցվի եզդիների ցեղասպանությունը եւ վերջնականապես կազատագրվի Շանգալը: Մենք սպասնում էինք ճշմատության ձայնին եւ արդարության հաղթանակին: Փառք Աստծո, ազատագրվեց մեր բնօրրանը: Աղոթում ենք մեր անմեղ զոհերի հիշատակի համար եւ պայքարում ենք նրանց թափած արյան համար:

«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհուրդը շնորհավորում է հայաստանաբնակ, ինչպես նաեւ ամբողջ աշխարհի, Շանգալի սարերում եւ փախստականների վրաններում գտնվող եզդիներին Նոր տարվա, Այդա Տաուսի Մալակ տոնի առթիվ: Ցանկանում ենք բոլորին առողջություն, ազատություն, հաջողություն, բարեկեցիկ եւ խաղաղ կյանք: Թող իրականան մեր բոլորի երազանքները, եզդիներն այլեւս երբեք ցեղասպանություն չապրեն իրենց բնօրրանում, ապրեն ազատ եւ անկախ: Թող այսուհետ աշխարհում ոչ ոք չսպանվի իր ազգային կամ կրոնական պատկանելության համար: Իսկ բոլոր տոներն անցնեն խաղաղության, համերաշխության եւ ուրախության պայմաններում:

Ամո ՇԱՐՈՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930