Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական «վճռականն» ու «գահավիժող» պետությունը

Ապրիլ 16,2022 12:00

Ընդդիմությունից «վճռական գործողություններ» են ակնկալում, նրանք ասում են՝ պարբերաբար հավաքներ կկազմակերպենք…

Օրեր առաջ Ադրբեջանի նախագահն այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներին նվիրված նիստում որոշ գնահատականներ հնչեցրեց: Մի քանի տողով անդրադառնանք Ալիեւի արձանագրումներին: Առաջին՝ ԵԱՀԿ ՄԽ-ն Լեռնային Ղարաբաղի խնդրով չի կարող զբաղվել, քանի որ «Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, եւ Ադրբեջանի տարածքում չկա ու չի կարող լինել Լեռնային Ղարաբաղ վարչական միավոր», իսկ ահա ԵԱՀԿ-ն՝ «կարող է դեր խաղալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում»: Երկրորդ, Ալիեւը կրկին կարեւորել է «3+3» ձեւաչափը՝ Կովկասի երեք երկրների եւ նրանց հարեւանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի մասնակցությամբ։ Նա ասել է՝ չպետք է ժամանակ կորցնել, անհրաժեշտ է կազմակերպել այս ֆորմատով երկրորդ հանդիպումը՝ խորհուրդ տալով Հայաստանին համագործակցել հարեւանների հետ, այնուհետեւ սպառնացել է. «Հայաստանի համար սա գուցե վերջին հնարավորությունն է: Կա՛մ երկիրը կզարգանա, կա՛մ ավելի ծանր վիճակում կհայտնվի: Իսկ զարգացման համար, կրկնում եմ, նախ եւ առաջ անհրաժեշտ է կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա»։ Երրորդ, նա արձանագրել է, որ Երեւանը չի կարող խանգարել Բաքվի ծրագրերին՝ կապված «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի» շինարարության հարցում: «Եթե նրանք մեզ ճանապարհ չտան Զանգեզուրով, ապա իրենք կհայտնվեն պարտվողի կարգավիճակում: Ապա, նա կրկին սպառնացել է, որ վաղ թե ուշ Ադրբեջանը իր ուզածին կհասնի. «Եթե Հայաստանը չի ցանկանում կատարել ստանձնած պարտավորությունները, ապա մենք էլ պատասխանատվություն չենք կրի մեր ստանձնած պարտավորությունների մասով: Նրանք պետք է դա իմանան եւ ժամանակ չձգեն: Միեւնույն է, վաղ թե ուշ մենք մեր ուզածին հասնելու ենք: Լավ կլինի, որ նրանք մի փոքր շտապեն»: Չորրորդ, Ալիեւը զգուշացրել է արտաքին աշխարհին զենք չտրամադրել Հայաստանին՝ ընդգծելով, որ Բաքուն դա կդիտարկի որպես ոչ բարեկամական քայլ։

Ալիեւի նշյալ ելույթից մեկ օր անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության ծրագրի 2021թ. կատարողականի զեկույցի քննարկմանը ելույթ ունեցավ: Ելույթի հիմնական մեխը կրկին նույնն էր՝ ստացած վատ ժառանգությունը: Փաշինյանն ասում է՝ «…Ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ պետք է մեղադրել հողեր չհանձնելու մեջ: Եվ ես հիմա, այո, ուզում եմ խոստովանել, որ հնարավոր է եւ մեղավոր եմ դրանում: Մեղավոր եմ, որ 2018, 2019 թվականներին մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր, կրկնում եմ բոլոր՝ հեռու եւ մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները եւ իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը: Մեղավոր եմ, որ մեր ժողովրդին չեմ ասել, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք, ակնկալում է նաեւ, որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները լիարժեք ներգրավված լինեն ԼՂ ապագայի որոշման ու կառավարման հարցերում: Մեղավոր եմ, որ հստակ եւ աներկբա չեմ ասել, որ նույնիսկ առաջարկվող մեզ համար անընդունելի սցենարները ընդունելի չեն եղել Ադրբեջանի համար եւ միջազգային հանրության ներկայացուցիչները մեզ երբեմն հստակ, երբեմն դիվանագիտական եղանակով ասում էին, որ այդ ամենը հայկական կողմից ընդունվելու դեպքում դեռ պետք է համոզել Ադրբեջանին, որ նա ընդունի: Այս ամենը պարտավոր էի մանրամասն ներկայացնել մեր ժողովրդին»:

Իրականում Փաշինյանի ստացած ժառանգությունը, գոնե ԼՂ խնդրի բանակցային գործընթացում, վատը չի եղել այնքանով, որքանով ԼՂ կարգավիճակ ու անկախության հնարավորություններ են քննարկվել, իսկ ԵԱՀԿ ՄԽ-ն համանախագահող երեք պետությունների ղեկավարների մակարդակով մի քանի անգամ արձանագրվել է ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Սա ոչ միայն լավ ժառանգություն էր, այլեւ՝ հիմք, որպեսզի հայկական կողմի դիրքերը, եթե նույնիսկ հնարավոր չէր ավելի բարձրացնել ու ամրացնել, ապա գոնե կարելի էր եղածը պահպանել ու չփչացնել: Այս առումով՝ ունենք հայկական կողմի լիակատար ձախողում, ու Փաշինյանի արձանագրումը, թե միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բացարձակ չի նսեմացնում ու նվազեցնում այն «վատ ժառանգությունը», որը նա ստացել էր: Ընդհակառակը, հայկական կողմին մինչեւ 2018-ը հաջողվել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու պայմաններում՝ ինքնորոշման սկզբունքը բերել-հավասարեցնել մյուսին: Որպես ապացույց, բազմիցս նշվել է Ալիեւի հրապարակային դժգոհությունը միջազգային հանրությունից, որ՝ «իրեն ստիպում են ճանաչել ԼՂ-ն»:

Ի՞նչ ունենք այսօր: Ուր է գնում իշխանությունը, ինչ տեսլական ունի ՀՀ կառավարությունը՝ Փաշինյանը դա չի թաքցնում, այն է՝ խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Նույն ելույթում նա հստակ տեղեկացրեց՝ Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է սկսել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքներ: Ալիեւը նույնպես չի թաքցնում իր պատկերացրած «խաղաղությունը»:

Իսկ ի՞նչ է մտորում Հայաստանի ընդդիմությունը այս ամենի մասին: Խորհրդարանական ընդդիմությունը վերջին հանրահավաքի արդյունքում որոշեց ատրիբուտիկայով տարածել ընդդիմադիր պայքարը՝ Արցախի դրոշը բարձրացնելով ՀՀ-ում, ԱԺ-ում: Կուսակցությունների երիտթեւերին ու ուսանողներին, երբ կրթում են, քաղաքական պայքարի նմանատիպ մեթոդներ են սովորեցնում, կարելի է եւս տասնյակ տարբերակներ էլ քննարկել ու իրականացնել: Խնդիրը այն է, թե որքանո՞վ են ընդդիմության քայլերն այսօր համահունչ ոչ թե իշխանության գործողություններին ու քայլերին, այլ իրավիճակին, որում հայտնվել են Հայաստանն ու Արցախը: Իսկ ընդդիմադիրների բնորոշմամբ՝ Հայաստանն անդունդի եզրին է:

Ընդդիմությունն ասում է՝ Փաշինյանին հասարակությունը ձայն է տվել: Այո՛, տվել է, հասարակության մի մաս էլ ձայն է տվել ընդդիմությանը: Ընդդիմությունը ոչ թե պետք է բավարարվի ԱԺ-ում ամեն կառավարության հարցուպատասխանի ժամանակ հուժկու հարցեր տալով, այլ պետք է ներկայացնի տեսլական, նպատակներ մշակի ու դրանց իրագործման ուղիները փնտրի ու գտնի: Հասարակության մի հատված ընդդիմությանը ձայն է տվել, որպեսզի տեսնի արդյունք, թե ինչպե՞ս է ընդդիմությունը ստիպելու, համոզելու իշխանությանը անել, կամ չանել այս քայլը, կամ՝ ինչպես է աշխատելու իշխանության հետ, որպեսզի Հայաստանն ու Արցախը չունենան ձախողումներ, կամ ձախողումները լինեն նվազագույնը:

Ընդդիմադիր գործիչների գերակշիռ մասն ասում է՝ իշխանությունը պետք է հեռանա, որպեսզի հույս արթնանա, որ ինչ-որ բան կարելի դառնա փոխել հօգուտ Հայաստանի ու Արցախի: Լավ: Ուրեմն՝ ընդդիմությունը պետք է ունենա մշակված ծրագիր, ռազմավարություն, մարտավարություն, թե ինչպես է հեռացնելու իշխանությանը: Ունի՞ ընդդիմությունը նման ծրագիր… Չունի:

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն օրերս Aravot.am-ի հետ զրույցում նշել է. «Գահավիժում ենք… Քաղաքական որեւէ լուրջ գործիչ չի ասում, թե վաղը չէ մյուս օրը խնդիրը կլուծվի: Բայց մենք օր օրի կորցնում ենք Արցախն ու Սյունիքը: Այս մարդիկ խնդիրը տանում են միակողմանի զիջումների: Այս իշխանության հեռացման պահանջը ոչ թե կամակորություն է, այլ կենսական անհրաժեշտություն: Եվ ես կոչ եմ անում պետականամետ բոլոր ուժերին, առաջինից երրորդ նախագահներին, վարչապետներին, նախարարներին, սովորական քաղաքացիներին, ում համար թանկ են մեր Արցախյան 30 տարվա շարժումը, Եռաբլուրը՝ միավորվեն: Հետո ուշ է լինելու»։

Ուղիղ մեկ տարի առաջ ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը բացահայտեց, որ իր նախաձեռնությամբ ՀՀ եւ Արցախի նախկին նախագահների հանդիպում է կազմակերպել, որում Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին նման առաջարկություն է ներկայացրել, եւ հրապարակեց իր նախապատրաստած հայտարարությունը, որից մեկ դրվագ արժե կրկին հիշեցնել. «…անկախ նախկինում մեր ունեցած սկզբունքային տարաձայնություններից եւ սուր հակասություններից, գիտակցելով մեր պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ, անձնապես չհավակնելով իշխանության նոր ձեւավորվելիք համակարգում որեւէ պաշտոն զբաղեցնելու, առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք մեզ սատարող քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից եւ հեղինակավոր մտավորականներից կազմված «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով»:

Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն ընդունել այդ առաջարկը, այդ մասին նրանք ու իրենց թիմակիցները արտահայտվել են: Հիմա ԱԺ-ի ընդդիմադիր պատգամավորները մեկնում են մարզեր, հավանաբար, ծանոթանում են հասարակական տրամադրություններին՝ երկրի գահավիժման պայմաններում: Նման հավաքներից մեկի ժամանակ սյունեցիները լսել են ԱԺ պատգամավորների ելույթներն ու պատգամավորներից հետաքրքրվել, թե որո՞նք են իրավիճակից դուրս գալու ելքերը, առաջարկվող տարբերակները։ «Համախմբվել ո՞ր օրակարգի շուրջ՝ փողոց դուրս գալո՞ւ, ստատուսային օրակարգի՞։ Եթե մենք կորցրել ենք երկիր, կորցրել ենք Արցախ. գործողությունների շուրջ բերեք մեզ, ասեք՝ ո՞րն է մեր հստակ գործողությունները»,-նշել է կապանցիներից մեկը: ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը պատասխանելով այս հարցին, նախ նշել է, որ ցանկացած գործողության դիմելու համար պետք է ունենալ ռեսուրսային բազա. «Այդ բազան մեծացնելու համար պիտի կարողանաս պահել համախոհներին ու միաժամանակ փորձել երրորդ մեծ խմբից մարդկանց բերելու այս դաշտ։ Փաշինյանական դաշտից այս պահին դժվար է մարդ բերել»: Նա միաժամանակ նկատել է, թե պետք է մարդկանց արթնացնել, որովհետեւ իրենց ունեցած ռեսուրսը վճռական քայլի համար դեռեւս քիչ է։ «Նիկոլ Փաշինյանը ժողովրդի անունից խոսելու իրավունք չունի։ Նա ստացավ ժողովրդի քվեի 25 տոկոսը միայն։ Պիտի այդ 75 տոկոսը միանա մեր պայքարին, լա՛վ, չեմ ասում բոլորը, գոնե շատերը միանան»,-ասել է Արթուր Խաչատրյանը։

Այսինքն, ընդդիմությունն առաջիկայում զբաղված է լինելու՝ «75 տոկոսին» իրենց հավաքներին բերելով: Իսկ ինչպե՞ս են չափելու, 75 տոկո՞սն է իրենց հետ, թե՞ 65-ը, կամ՝ 55-ը, եւ ո՞ր տոկոսն է բավարար «վճռական պայքարի» հերթական մեկնարկն ազդարարելու համար: Կամ՝ եթե նրանց հավաքներին գա հասարակության ոչ թե 75 տոկոսն, այլ՝ 73-ը, ի՞նչ է լինելու:

Պատգամավոր Արմեն Գեւորգյանը նույն հավաքում անկեղծորեն խոստովանել է. «Մենք հստակ օրակարգ չունենք, մենք արձագանքում ենք իշխանության օրակարգին։ Պատրաստի դեղատոմսեր մենք այս պահին չենք առաջարկում, բայց մեր գործողությունների պատասխանները արագ պիտի ստանաք»։ Ապա, նա ճարպկորեն թեման փոխել է. «Հարցերը տարիներով մնում են չլուծված։ Վերջին չորս տարում էլ լուծում չեն ստացել, նախորդ իշխանությունների օրոք էլ բարձրացվել, բայց լուծում չեն ստացել։ Օրինակ, Մեղրիի ու Ագարակի գազիֆիկացումը սկսվել է վաղուց, բայց մինչեւ օրս մարդիկ գազ չունեն»։

Իսկ այն, որ Փաշինյանը վստահության քվե ստացավ, Արմեն Գեւորգյանն այս հարցում իր բացատրությունն ունի. «Հանրապետության մի զգալի մասը, հատկապես գյուղական, մարզային բնակավայրերը նստած են Հանրային հեռուստաընկերության քարոզչության վրա։ Ընդդիմությունը այդ հնարավորությունը չունի»: Արմեն Գեւորգյանը հավելել է, որ հիմա խորհրդարանի ամբիոնն են օգտագործում իրենց գաղափարները այդ կերպ հասցնելով մարդկանց։ Հավաքի վերջում «Հայաստան» խմբակցության պատգամավորները հավաստիացրել են ներկաներին, որ՝ «նմանատիպ հավաքներ այսուհետ պարբերաբար են կազմակերպվելու»։

Այս տեմպերով, եթե շարունակվի, ուրեմն, տարիներ անց մեր խորհրդարանականները, օրինակ՝ Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում, հանդիսավոր պայմաններում հասարակությանը կներկայացնեն սեմինարային «հերթական վճռական պայքարի» հերթական մեկնարկի ձախողման վերաբերյալ գրած իրենց մեմուարները, որում կբացատրեն, թե ինչու երկիրը հնարավոր չդարձավ փրկել գահավիժումից: Այդ պատասխաններն, ի դեպ, նրանք արդեն ունեն:

Բարի երթ՝ սեմինարային «հերթական վճռական պայքարի» հերթական մեկնարկում…

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 15.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930