Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերի զանգվածային ոչնչացումը կազմակերպելու մեղադրանքով մահվան դատապարտված առաջին պաշտոնյան Մեհմեդ Քեմալն էր

Ապրիլ 16,2022 14:00

Մելինե Անումյանի «Ճանաչում եւ դատապարտում. Երիտթուրքերի դատավարությունները (1919-1921 թթ. եւ 1926 թ.)» գրքում ուշագրավ մանրամասներ կան ոչ միայն հայերի զանգվածային կոտորածների կազմակերպիչների դատավարություններից, այլ Հանցագործությունների հետաքննիչ հանձնաժողովի ձեւավորումից, հետաքննության փուլերից:

Ներկայացնում ենք մի հատված:

Հանցագործությունների հետաքննիչ հանձնաժողովին օսմանյան քրեական դատարանների օրենսգրքի համապատասխան հոդվածների համաձայն, տրված էին լայն լիազորություններ, այդ թվում նաեւ՝ կասկածյալներին ձերբակալելու իրավունք:

Հանձնաժողովը հետաքննություն սկսելուց երեք շաբաթ հետո հայտնել է, որ արդեն իսկ ձեռք են բերվել բավարար ապացույցներ, որպեսզի սկսվի դատավարությունը: Այդ փաստաթղթերը 1919թ. հունվարին հանձնվել են Ստամբուլի ռազմական ատյանին: Սակայն Առաջին ռազմական ատյանը վերոհիշյալ հետաքննող ռազմական ատյանների կողմից ձեռք բերված նյութերը թերի համարելով՝ հիմնել է 5 հետաքննող հանձնաժողովները, որոնք եւ հասու են դարձել մի շարք հավելյալ տեղեկությունների:

Այս բոլոր հետաքննիչ հանձնաժողովների միջոցով ստացված ականատեսների վկայությունները, ձեռք բերված ծածկագիր հեռագրերը եւ այլ ապացույցները տրամադրվել են հայերի տեղահանության եւ զանգվածային ոչնչացման մեջ մեղադրվողների դատաքննությունն իրականացնող ռազմական դատարաններին: Պատերազմի ժամանակ հայերի տեղահանումն ու ոչնչացումը կազմակերպելու եւ իրականացնելու մեջ մեղադրվողների առաջին ձերբակալությունները կատարվել են 1918թ. դեկտեմբերի սկզբներին՝ Անկարա, Չորում եւ Ադանա քաղաքներում: Կալանավորներին տեղափոխում էին Ստամբուլ: Նրանց շարքերում կային երիտթուրքական կուսակցության ղեկավարներ, պատգամավորներ, բարձրաստիճան զինվորականներ եւ այլ պաշտոնատար անձինք: 1919թ. հունվար ամսվա սկզբին ձերբակալությունները դարձել են ավելի զանգվածային, որոնք շարունակվել են նաեւ 1919թ. փետրվար ամսին:

Դեռեւս հունվար ամսվա սկզբին ազատազրկվել էին մոտ 40 բարձրաստիճան պաշտոնյաներ, հունվարի վերջերին ձերբակալված կասկածյալների թիվը հասավ 112 հոգու: Փետրվարին նույնպես կալանավորվել են պատգամավորներ ու նախկին նախարարներ՝ բոլորն էլ իթթիհատական, այդ թվում՝ ներքին գործերի նախկին նախարար Իսմայիլ Ջանփոլադը, Սենատի նախկին նախագահ Հաջը Ադիլը, Միություն եւ առաջադիմություն կուսակցության նախկին քարտուղար Միհդատ Շյուքրու Բլեդան, պատգամավորներ Հյուսեին Ջահիդ Յալչընը եւ Զիյա Գյոքալփը:

Ստամբուլում ձերբակալվածներին ուղարկում էին Ռազմական նախարարությանը պատկանող «Բեքիրաղա բյոլյուղյու» անունը կրող կալանատունը: Նրանց մեջ էր նաեւ Բողազլյանի «Կայմակամ»՝ գավառապետ Մեհմեդ Քեմալը, որը հետագայում դարձավ հայերի զանգվածային ոչնչացումը կազմակերպելու մեղադրանքով մահվան դատապարտված առաջին պաշտոնյան: Այդ ընթացքում Անտանտի երկրները ձգտելով հավատարիմ մնալ 1915թ. մայիսի 24-ին Բարձր Դռանը հղած իրենց նոտային, նախ փորձեցին համատեղ ուժերով դատապարտել պատերազմի ժամանակ գործված ոճիրների եւ հատկապես Հայոց ցեղասպանության հեղինակներին:

Այդպես 1919թ. Փարիզում տեղի ունեցավ նախնական համաժողով, որի արդյունքում ստեղծվեց մի հանձնաժողով, որն իրավասություն ստացավ գտնել պատերազմական հանցագործներին: «Երրորդ ենթահանձնաժողով» կոչված այդ մարմինը, որը հայտնի էր նաեւ «Տասնհինգի հանձնաժողով» անունով, այդ ոճրագործությունների հետ մեկտեղ քննեց նաեւ «պատերազմի ժամանակ կիրառված բարբարոսական եւ ապօրինի մեթոդները»: Հանձնաժողովը 1919թ. մարտի 5-ին հանդես եկավ զեկուցմամբ, որի ժամանակ շեշտվում էին պատերազմի ժամանակ խաղաղ բնակչության հանդեպ կիրառված հետեւյալ բռնարարքները՝ շարունակական բնույթ կրող ահաբեկչությունը, կոտորածը, անձնական սեփականության եւ հասարակությանը պատկանող գույքերի բռնագրավումն ու կողոպուտը, բռնագաղթն ու հարկադիր աշխատանքը:

Հանձնաժողովի վերջնական զեկուցումն ընթերցվեց 1919թ. մարտի 29-ին: Զեկուցումը հանգեց այն եզրակացության, որ թշնամի երկրների այն բոլոր քաղաքացիները, ովքեր խախտել են մարդկային օրենքները կամ պատերազմական ավանդույթները, ենթակա են դատական հետապնդման: Թեեւ զեկուցման մեջ բացահայտ չէր նշվում, բայց եւ այնպես նույն հանձնաժողովը հաշվի էր առել նաեւ Օսմանյան կայսրության կողմից սեփական քրիստոնյա քաղաքացիների հանդեպ գործադրված ոճրագործությունները: Հենց այդ հանձնաժողովի աշխատանքի շնորհիվ են Սեւրի պայմանագրի մեջ ներառվել հայերի կոտորածների մեղավորներին դատական պատասխանատվության ենթարկելու դրույթները՝ 226-րդ, 229-րդ, 230-րդ հոդվածները: Մեծ Բրիտանիան սկզբում մտադրված է եղել նաեւ սեփական դատարանի միջոցով դատապարտել պատերազմական ոճրագործներին… սակայն Ֆրանսիայի կարծիքով պատերազմական ոճրագործությունները դատելու իրավասությունը պետք է պատկաներ թուրքերին, իսկ դաշնակից պետություններն ունենային միայն դատավարությունները վերահսկելու իրավունք…

Թուրքիայի կառավարությունը, ի դեմս վարչապետ Թեֆիկ փաշայի, 1919թ. փետրվարի վերջերին, դիմելով չեզոք երկրներ Շվեյցարիային, Դանիային, Իսպանիային, Շվեդիային ու Հոլանդիային, երկուական դատավորներ խնդրեց այս երկրներից՝ հայերի զանգվածային ջարդերի պատասխանատուներին դատելու համար մի միջազգային դատարան հիմնելու նպատակով, սակայն Մեծ Բրիտանիան խոչընդոտեց այս նախաձեռնությանը:

…Հայերի ջարդերի պատասխանատուների ցուցակներ են ներկայացրել նաեւ ժամանակի Կ.Պոլսո հայոց Պատրիարք Զավեն արքեպ. Տեր Եղիայանը եւ Մխիթարյան միաբանության անդամները: Հարկ է նշել, որ հայերի տեղահանության եւ կոտորածների մեղադրանքով ընդհանուր առմամբ ձերբակալվել է 300 հոգի, որոնց մեջ են եղել նախարարներ, նահանգապետեր, գավառապետեր, ոստիկաններ ու ժանդարմներ: Թեեւ ձերբակալվածների մեծ մասը արգելափակվում էր «Բեքիրաղա բյողհուղյու» կոչվող զինվորական բանտում, սակայն նրանք չէին գտնվում խիստ հսկողության ներքո: Կալանավորներին շնորհված էին բանտային ռեժիմին անհամապատասխան արտոնություններ: Ձերբակալվածներն ազատ ելումուտ էին անում մյուս բանտախցերը, այցի գնում միմյանց, այդ թվում նաեւ՝ ապագա դատալսումներին հարմար պատասխան տալու հարցով: Նրանց այցելության եկած անձինք չէին խուզարկվում: Այցելուները սննդից բացի, այլ իրեր պարունակող փաթեթներ էլ էին բերում կալանավորներին: Ի դեպ, հանցագործներին հաճախ էր այցելում Մուստաֆա Քեմալը: Կալանավորներին մեկ անգամ այցելել է նաեւ 15-րդ բանակային կորպուսի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրը:

Այս կալանավայրը թերեւս դարձել էր նոր՝ քեմալական շարժման կենտրոններից մեկը: Կալանավորները հնարավորություն ունեին խոսելու միմյանց հետ, իրենց մոտ կանչելու ցանկացած մարդու եւ տեղեկություններ ստանալու նրանցից: Ինչպես իր հուշերում նշում է Հալիլ Մենթեշեն, հետաքննության համար պատասխանատու պաշտոնյաները հաճախ էին գալիս ու քննարկումներ էին կազմակերպում մեղադրյալների հետ: Կալանավորներից Ջելալ Նուրիի տվյալների համաձայն՝ Նախարարների խորհուրդն ամեն գիշեր երկու նիստ էր գումարում բանտում: Այդ ազատություններն առաջին հերթին պայմանավորված էին նրանով, որ երիտթուրքերը եւ նրանց կողմնակիցների մեծ մասը կարեւոր պաշտոններ էին զբաղեցնում Ռազմական, Ներքին գործերի եւ Արդարադատության նախարարություններում, ինչպես նաեւ՝ ոստիկանությունում:

…Բանտային ոչ խիստ պայմանների հետեւանքով գրանցվեցին նաեւ փախուստի մի քանի դեպքեր: Առաջինը «Բեքիրաղա բյողհուղյու» կալանատնից փախչել հաջողվեց հայերի ջարդարարներից Դիարբեքիրի նահանգապետ, բժիշկ Մեհմեդ Ռեշիդ բեյին, որը Իթթիհատ վե թերաքքի կազմակեպության չորս հիմնադիր անդամներից մեկն էր: Մեհմեդ Ռեշիդը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ասորիների ոչնչացման հիմնական կազմակերպիչներից էր: Ռեշիդի փախուստի կազմակերպիչների նպատակը նրան Անատոլիայի խորքեր հասցնելն էր, սակայն մի շարք անփութությունների հետեւանքով ծրագիրը ձախողվում է, եւ 1919թ. փետրվարին նա ինքնասպանություն է գործում, ոստիկանների ծուղակն ընկած: 1919թ. օգոստոսի 8-ին բանտից փախուստի են դիմում Էնվերի հորեղբայր Հալիլը եւ հայտնի իթթիհատական Քյուչյուք (փոքր) Թալեաթը:

«Առավոտ» օրաթերթ
15.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930