Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը Ղազախստանի անկախության 30-ամյակի առթիվ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հրամանագրով պարգեւատրվել է պետական պարգեւով: Ապրիլի 15-ին մեդալը պատգամավորին հանձնել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւը:
Վաղարշակ Հակոբյանը, շնորհակալություն հայտնելով նման բարձր պարգեւի համար, նշել է, որ որպես Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար՝ իր ներդրումը կունենա երկու երկրների հարաբերությունների առավել զարգացման ու միջխորհրդարանական կապերի խորացման գործում:
Բոլատ Իմանբաեւի խոսքով՝ իր համար մեծ պատիվ է դեսպան լինել Հայաստանի նման հինավուրց երկրում: Նա հայ-ղազախական կապերն առավել ամրապնդելու պատրաստակամություն է հայտնել: Դեսպանը նշել է, որ երկու երկրների կառավարությունների միջեւ առկա է արդյունավետ համագործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Նշվել է, որ երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են:
ՀՀ Ազգային ժողով