«Սասնա Ծռերի» նախկին անդամ, ՊՊԾ գնդի գործով՝ սպանության համար 25 տարի ազատազրկման դատապարտված Արմեն Բիլյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է: Այս մասին, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, Արմեն Բիլյանի շահերի ներկայացուցիչ Աննա Ծառուկյանը: Պաշտպանն ահազանգում է՝ Արմեն Բիլյանին խոշտանգում են:
Արդեն 19 օր հացադուլի մեջ գտնվող Արմեն Բիլյանն այդ կերպ է իր բողոքն արտահայտում՝ իրեն մեղսագրվող արարքի դեմ:
19-օրյա հացադուլի արդյունքում, ինչպես պաշտպանին փոխանցել են Բիլյանի հարազատները, վերջինս 14 կիլոգրամ քաշ է կորցրել, նաեւ լեղապարկի սուր ցավեր է ունենում: Պաշտպանը տարակուսած է, որ Արմեն Բիլյանին դեռ դատապարտյալների հիվանդանոց չեն տեղափոխել: Ավելին, ՔԿՀ-ում նրան այցելել է ոչ թե բժիշկը, այլ բուժքույրերը:
Արմեն Բիլյանի պաշտպանը եւ հարազատները դիմել են նաեւ ՄԻՊ գրասենյակ: Գործը դարձյալ տեղից չի շարժվել: ՄԻՊ գրասենյակից փոխանցել են, որ թղթաբանական հարցեր կան, որոնք հնարավոր կլինի կարգավորել միայն երկուշաբթի օրը: Խնդիրը կապված է դատապարտյալների հիվանդանոցի բժիշկներից մեկի հետ, ով իրավասու է զբաղվել այդ հարցերով:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ