Լրահոս
Օրվա լրահոսը

«Սյունիքի հարցում Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման հիմնական երաշխավորը Թեհրանն է». Ստեփան Դանիելյան

Ապրիլ 15,2022 21:12

«Նիկոլ Փաշինյանը, Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով, իբր փորձում է կանխել նոր պատերազմը, բայց նա նոր, մեծ պատերազմ կսկսի, եւ դա կլինի ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այլ ավելի մեծ պատերազմ, որը կներառի Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը եւ գուցե այլ երկրներ։ Ուկրաինայում տեղի ունեցողը ծաղիկներ կթվա. կլինի գլոբալ, մեծ պատերազմ»,- այսօր «Հայկական օրակարգ» շարքի՝ «Ինչպե՞ս Հայաստանին տալ զարգացման նոր հույս եւ հեռանկար» թեմայով քննարկման ժամանակ, կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկած, այսպես կոչված, խաղաղության ծրագիրը, առաջին անգամ հիմք դարձավ Ռուսաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հակասական հայտարարությունների:

Ստեփան Դանիելյանը նույնպես այն կարծիքին է, որ Ռուսաստանին փորձում են դուրս մղել տարածաշրջանից՝ ընդլայնելով Թուրքիայի ազդեցությունը, եւ դրան գործուն աջակցություն է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանը, բայց Ռուսաստանը չի համաձայնվի նման սցենարի հետ. «Մենք հիմա Սյունիքը պահում ենք ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Իրանի շնորհիվ, որը կոնկրետ քայլեր է ձեռնարկում։ Այս պահին Սյունիքի հարցում Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման հիմնական երաշխավորը Թեհրանն է»:

Ստեփան Դանիելյանը վստահ է՝ 44-օրյա պատերազմը սկսվեց նաեւ Փաշինյանի մեղքով, մինչդեռ, վերջինս, իր միակ սխալը համարում է այն, որ «ժամանակին» չի հանձնել տարածքները. «Իշխանության գալով՝ Փաշինյանն առաջին հերթին կալանավորեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին՝ թշնամական քայլի դիմելով Հայաստանի անվտանգությունն ապահովող կազմակերպության նկատմամբ։ Միաժամանակ, նա պայքար էր մղում, այսպես կոչված, թալանչիների դեմ, խոսում հեղափոխության արտահանման մասին՝ ակնարկելով, որ ՀԱՊԿ անդամ երկրների ներկայիս ղեկավարները նույնպես կարող են նստել։ Չնայած չգրված կանոնին, որ երկրի նախկին ղեկավարները չպետք է պատժվեն՝ ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին։ Դա ազդանշան էր, որ նույն ճակատագրին կարող են արժանանալ նաեւ այլ երկրների ղեկավարներ: Որոշ ժամանակ անց նա հայտարարեց, որ չի ցանկանում խոսել Ադրբեջանի ղեկավարի հետ, այլ ցանկանում է խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ. այսինքն՝ հեղափոխություն հրահրեց։ Հետո հաջորդեցին Տավուշի դեպքերը, որից հետո Ադրբեջանում պահանջեցին պատերազմ սկսել, իսկ պատերազմի նախօրեին սպառնաց հայտարարություն անել, որից հետո ադրբեջանցիները Բաքվի իշխանություններին դեմ դուրս կգան։ Դա, ըստ էության, պատերազմի հայտարարում էր: Դրանից առաջ Փաշինյանը քանդեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը՝ Դուշանբեում եւ Դուբայում  բանակցելով Ալիեւի հետ»:

Բանախոսը համամիտ է Վահե Հովհաննիսյանի հետ՝ գործող իշխանությունների հեռացումն անհնար է լինելու, եթե ժողովրդին այլընտրանք ցույց չտրվի, որը հստակ կներկայացնի դիրքորոշումներ՝ երկրի համար կարեւորագույն խնդիրների մասով: Առանց նման ծրագրերի, իր գնահատմամբ, իրավիճակն էլ ավելի կվատթարանա:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930