Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի քիչ գուցե կոպիտ հնչի, բայց քոչվորի կյանքով ենք ապրում». Վանաձորում արվեստի քոլեջի դասախոսներն ու ուսանողները բողոքում են

Ապրիլ 15,2022 20:40

Վանաձորի արվեստի քոլեջում ավելի քան 4 տարի է հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում: Մինչ օրս, սակայն, այն ավարտին չի հասցվել:

Դասախոսները նշում են, որ այս տարիների ընթացքում ուսուցումը կազմակերպել են տարբեր կրթական հաստատություններում՝ տեղից-տեղ տեղափոխվելով. «Արդեն 4-րդ տարին է շենքը մեզ չեն հանձնում: Մնացել ենք դրսում, ուրիշ հաստատությունների հույսին: Այս պահին տեղակայված ենք 10-րդ դպրոցում, ունենք ընդամենը 3 լսարան: Իսկ մասնագիտական առարկաները ուսանողները ստիպված են լինում գնալ մշակույթի պալատ, պարարվեստի ուսումնարան, այսինքն՝ մի քանի տեղ իրենք անընդհատ փոխվում են: Այս իրավիճակը՝ եւ՛ մեր, եւ՛ ուսանողների համար անհարմարություններ է ստեղծում: Պահանջում ենք, որ մեր շենքը մեզ շուտ վերադարձնեն, սկսենք նորմալ աշխատել»,- ասում է ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի դասախոս Անետ Դավթյանը:

Դասախոսների ու ուսանողների կարծիքով առաջացել են լրացուցիչ դժվարություններ, որոնք խոչընդոտում են ուսման ընթացքին: Ուսանողները վճարում են կատարում՝ պատշաճ կրթություն ստանալու համար, սակայն հանդիպում են մի շարք խոչընդոտների. «Մի քիչ գուցե կոպիտ հնչի, բայց քոչվորի կյանքով ենք ապրում: Որովհետեւ ինչ-ինչ հաստատություններում մեզ ժամանակավոր կացարան են տվել, բայց խեղճ ուսանողներն ու դասախոսներն ամբողջ օրը մի թաղամասից գնում են մյուս թաղամաս, մյուսից՝ մյուս, եւ ամբողջ օրն այդ ճանապարհներին են: Բնականաբար, այսպես երկար շարունակվել չի կարող, որովհետեւ առաջին հերթին վճարում են կատարում, պետական բյուջե գումար է մտնում նորմալ կրթություն ստանալու համար: Նորմալ կրթություն ստանալու մեջ բնավ չի մտնում մենակ դասպրոցեսին մասնակցելը, մտնում է՝ դասապրոցեսի հստակ կազմակերպումը, մտնում է հստակ պարտականություններ, որ ինստիտուտները կրում են ուսանողների հանդեպ: Տվյալ դեպքում ինստիտուտը մեծ սիրով պատրաստ է այդ պարտականությունները կատարել, բայց երբ որ չունի պետության հովանավորությունը, այդ դեպքում սա անհնար է դառնում»,- ասում է ինստիտուտի դասախոս Անահիտ Կարապետյանը:

Ուսանողները նշում են, որ շատերը չեն կարողանում համապատասխան գումար վճարել տեղից տեղ գնալու համար: Իսկ շատ հաճախ էլ քաղաքի մի ծայրից մյուսը հասնելու ժամանակ կորցնում են դասապրոցեսից որոշակի ժամանակ. «Օրվա մեջ կարող է դասացուցակն այնպես դասավորվի, որ մենք շատ տեղափոխվենք, իսկ դա գումարների հետ է կապված: Դրա համար էլ ուզում ենք ունենալ մեր շենքը, որ գանք մեր դասերը պատշաճ անենք»:

Ուսանողներն ու դասախոսական կազմը նաեւ բողոքի ակցիա է կազմակերպել, հուսալով այս կերպ իրենց ձայնը հասցնել պատկան մարմիններին:

«Բազալտշին» ընկերության նախագահ Դավիթ Խաչատրյանի փոխանցմամբ շուրջ 32,3 մլն դրամի համաձայնագիր է կնքվել , գումարը հատկացվել է կառավարության կողմից: Այժմ կվերսկսվեն շինաշխատանքները եւ շենքը կարճ ժամկետներում կհանձնվի շահագործման։

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930