Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլը չի գալիս՝ «խաղաղություն՝ զիջումների գնով» բանաձեւով, Նիկոլը տանում է ուղիղ պատերազմի». Վահե Հովհաննիսյան

Ապրիլ 15,2022 19:25

«Վարչապետի հայտնի ելույթը, Հայաստանի պատմության մեջ նոր էջ է բացել եւ մենք սա պետք է շատ սառը ընդունենք: Հին պատկերացումները, աշխատանքի ձեւաչափերը, գործիքները  այլեւս այլեւս գոյություն չունեն»,- այսօր, «Հայկական օրակարգ» շարքի՝ «Ինչպե՞ս Հայաստանին տալ զարգացման նոր հույս եւ հեռանկար» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց «Այլընտրանքային նախագծեր» նախաձեռնության անդամ Վահե Հովհաննիսյանը: Նա չի վիճարկում տեսակետը, որ այդ ելույթը Հայաստանի երրորդ հանրապետության մահախոսականն էր:

«Այդ ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը չի կարող պաշտոնավարել, եւ, վստահ եմ, չի էլ պաշտոնավարելու: Չի կարող պետության ղեկավարը, նման ձեւակերպումներով, իսկ տեղ-տեղ կային հրեշավոր ձեւակերպումներ, անելուց հետո, շարունակել պաշտոնավարել: Կամ նա պետք է հրաժարական տա, կամ՝ պետությունը: Ես վստահ եմ, որ դա լինելու է ինքը»,- ասաց Վահե Հովհաննիսյանը: Ավելին, բանախոսի համոզմամբ, գործող խորհրդարանն էլ չի կարող շարունակել աշխատանքը, քանի որ իշխող խմբակցության պատգամավորների ծափահարությունները հավաստում էին, որ նրանք ստորագրում են Փաշինյանի ելույթի տակ, ինչը նշանակում է, որ այդ մեծամասնությունը կորցրել է բարոյական իրավունքը՝ մեր կյանքը կարգավորող օրենքներ ընդունելու համար։

Նա շատ կարեւոր է համարում՝ նոր իրավիճակին առանց հիստերիայի արձագանքելը եւ պաթոսը՝ գնալ, գրավել, ետ բերելը, մի կողմ թողնենք, որքան էլ սիրտն է դա պահանջում եւ մտածել՝ ստեղծված իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու մասին. «Նիկոլի հեռացումը, մեխանիկորեն չի ենթադրում, հայանպաստ, լավ սցենարների իրականացում: Եկեք սա ընդունենք: Լավ սցենարներ՝ չկան եւ չեն լինելու: Եթե մեզ հաջողվի վատագույնից խուսափել, արդեն լավ է»,-գտնում է Վահե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ոչ սառնությունը եվ ոչ պրագմատիզմը, կարող է Երեւանը վերածել Մարիոպոլի: Հիմնական խնդիրը նա համարում է նարատիվների փոփոխությունը, քանի որ Նիկոլին հաջողվել է հանրությանը համոզել՝ այն, ինչն իր դեմ է, պատերազմի կողմ է: Ընդդիմադիր եւ տիտղոսային քաղաքական ուժերի տապալումը նա դրանով է պայմանավորում: Անհեթեթություն է, բայց փաստ, որ մի ուժ, որը բերել է հրեշավոր պատերազմի, որը չպետք է լիներ եւ հիմա խոստովանում է, համոզել է, որ ինքը խաղաղության կրող է. «Նիկոլը չի գալիս՝ խաղաղություն՝ «զիջումների գնով» բանաձեւով, Նիկոլը տանում է ուղիղ պատերազմի: Քաղաքական ուժերի նարատիվը պետք է լինի՝ Նիկոլի հեռացումով՝ խաղաղություն՝ ազգային շահերը պահելով»: Այդ խնդրի լուծումը Վահե Հովհաննիսյանը բարդ է համարում, բայց հնարավոր:

Բանախոսի համոզմամբ, Հայաստանի վերականգնման համար շատ ավելի կարեւոր է տեսնել ավելին, քան Նիկոլի հրաժարականը եւ եթե հաջորդ քայլերը մենք չտեսնենք, չենք կարողանալու հանրությանը համոզել՝ դուրս գալ պայքարի: Մարդկանց պետք է ցույց տալ հետպատերազմյան Հայաստանի վերականգնման տեսլական. դրա բացակայությունը եվս եղավ նոյեմբերի 9-ից հետո ընդդիմության պարտությունը: Դա պետք է արվի միասնական՝ մտավոր ռեսուրսի հաշվին:

«Եթե Փաշինյանի ելույթի դրույթներն իրականանան, Հայաստանը դառնալու է հակառուսական խոշոր պլացդարմ։ Մեր գործընկերները Մոսկվայում, մեր դաշնակիցը, դա պետք է շատ լավ հասկանան»,-ասաց Վահե Հովհաննիսյանը՝ նկարագրելով մի իրավիճակ, երբ կլինեն ավերածություններ, հազարավոր փախստականներ ու բնական հարց կառաջանա՝ իսկ մեր ինչի՞ն է պետք Ռուսաստանը, մանավանդ, որ մենք ինքնահանձնման քիրվայության մեջ ենք մեր հարեւանների հետ: Այս համատեքստում, նա նաեւ պատահական չի համարում Հայաստանում տարվող հակառուսական քարոզը, ռուսական զինուժի դեմ տարվող քարոզը: Նրա համոզմամբ, քանի դեռ Ռուսաստանն ուժեղ է, Ադրբեջանը լայնածավալ արկածախնդրության չի գնա, մենք պետք է օգտվենք դրանից եւ ամրապնդենք խաղաղ կյանքն Արցախում: Վահե Հովհաննիսյանն ասաց նաեւ, որ իրենց նախաձեռնությունը ծրագիր է մշակել, որը ընդունելի կլինի նաեւ միջազգային խաղացողների համար: Ծրագիրը պայմանական կոչվում է «խաղաղ Արցախ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930