Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրելը թանկ է, անզուսպ գնաճ կա․ Գյումրու քաղաքապետարանում ստիպված են բարձրացնել համեստ աշխատավարձը

Ապրիլ 15,2022 18:55

Գյումրու ավագանու այսօրվա նիստը սկսվեց հայտարարությամբ․ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը տեղեկացրեց, որ հունիսի 1-ից 10 տոկոսով բարձրացվելու է համայնքապետարանի և համայնքապետարանի ենթակայության տակ գործող թվով 58 կառույցների աշխատակիցների աշխատավարձը։ Աշխատակիցների թիվը, ըստ քաղաքապետի, 2023 է։

Քաղաքապետը նաև տեղեկացրեց, որ այս հարցով իրենց էին դիմել քաղաքապետարանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները, երկու քաղաքական ուժով քննարկել են ու նման որոշում կայացրել։

Ըստ Վարդգես Սամսոնյանի, այս դեպքում աշխատավարձի ֆոնդը ամսական բարձրացվում է մոտ 21 մլն դրամի չափով։

«Հետագայում կտեսնենք՝ մեր սուղ միջոցները կբավարարե՞ն, ընթացքում էլի կփորձենք բարձրացնել՝ կամ հաջորդ տարվանից, կամ ընթացիկ։

Քննարկվել է երկու ուժերի կողմից և եկել ենք այն եզրակացության, որ 10 տոկոսով բարձրացնենք, մեղմացնենք մեր աշխատակիցների սոցիալական վիճակը, գնաճ կա», -ասաց Վարդգես Սամսոնյանը։

Քաղաքագլխի այս հայտարարությունը հարուցեց մյուս խմբակցությունների ներկայացուցիչների զայրույթը, նրանք իրենց վիրավորանքը հայտնեցին առ այն, որ հարցը քննարկվել է առանց իրենց և սա այն դեպքում, երբ քաղաքապետարան ոտք դնելուն պես հենց իրենք են առաջարկել բարձրացնել առկա ցածր աշխատավարձը, որպեսզի մասնագետները պարտավորված զգան նորմալ աշխատելու։

Այս մասին մասնավորապես հիշեցրեց Գյումրու ավագանու «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը, որը Վարդգես Սամսոնյանին ասաց, թե անչափ վիրավորական է նրա տոնայնությունը, թե որոշում եմ կայացրել երկու քաղաքական ուժերով։

«Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանն էլ նշեց, թե աշխատավարձերը բարձրացնելու հարցը մտահոգել է բոլորին, սակայն նախնական քննարկումներով՝ պիտի բարձրացնեին ոչ թե 10 տոկոս, այլ 20 տոկոս։

«Իրականում վիրավորական է, որ երկու խմբակցությունն արդեն իսկ որոշել են, նման հայտարարություն է այստեղ արվում։ Աշխատակիցներն էլ, հանրությունն էլ թող իմանա, որ ի սկզբանե խոսվել է խելամիտ ու ողջամիտ՝ 20 տոկոսով բարձրացնելու մասին, թե ինչու հիմա 10 տոկոսով, ավագանին կորոշի և ընթացքում պատճառաբանություններն էլ կներկայացվեն թե՛ 10 տոկոսի, և թե՛ 20 տոկոսի»,-ասաց Կարեն Մալխասյանը։

«Եթե միջոցների տեղն էլ ցույց տաք, 20 չէ, 120 տոկոսով կբարձրացնենք»,- հակադարձեց քաղաքապետը։

Մինչ այսօրվա ավագանու նիստը, Վարդգես Սամսոնյանն այս թեմայով համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում որոշակի պարզաբանում էր ներկայացրել։ Նա տեղեկացրել էր, որ աշխատավարձի 10 տոկոսի բարձրացումը պլանավորած էր 2022 թվականի բյուջեով։

«Իրապես, մեր աշխատակիցների աշխատավարձերը ցածր են և, հաշվի առնելով նաև թանկացումները, մարդկանց սոցիալական դժվարությունները՝ քննարկել ու նախատեսել ենք աշխատավարձերի բարձրացում այս փուլում:

10 տոկոսից ավելի բարձրացնելու հնարավորություն այս պահին չունի համայնքը, սուղ են համայնքի միջոցները: Պլանավորվում ենք աշխատավարձերի բարձրացում իրականացնել փուլային տարբերակով, յուրաքանչյուր տարի բարձրացնել աշխատավարձերը 10 տոկոսի չափով»,-պարզաբանել էր Վարդգես Սամսոնյանը։

Նշենք, որ Գյումրու համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձը վերջին անգամ բարձրացել էր 2021 թվականի մարտի 1-ից՝ 10 տոկոսով։

Գյումրու նախորդ քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր կառավարման տարիներին սահմանել էր ցածր աշխատավարձ, տարիներ շարունակ հրաժարվում էր այն բարձրացնել, դա նրա սկզբունքներից է։ Նա հարկադրում էր իր աշխատակիցներին ծառայել քաղաքին համեստ աշխատավարձով, քանի որ քաղաքային բյուջեն զուրկ էր հնարավորություններից։

Իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձի չափը, ըստ օրենքի, ուղղակիորեն կախված է քաղաքապետի աշխատավարձի չափից։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, հանրապետության երկրորդ քաղաքի քաղաքապետն այս պահին ստանում է 247 հազար 800 դրամ մաքուր աշխատավարձ․ 2021 թվականի մարտի 1-ից ամսական սահմանվել է 340 հազար դրամ, որից միայն 22 տոկոս եկամտահարկ է փոխանցվում, 3,5 տոկոս՝ կենսաթոշակային ֆոնդ, 5500 դրամ՝ դրոշմանիշային վճար։

Ինչպես երբեմն կատակում են գյումրեցիները․ «դա ջեբի փող է»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Գյումրու համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930