ՔՊ պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանը շրջանառության մեջ են դրել նախագիծ, որով պետական մարմիներում կարող են հավատարմագրումից զրկել ու ներս չթողնել լրագրողին, որը կարող է տվյալ գերատեսչության աշխատանքային գոտու կանոնները խախտել:
«Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների հերթական նախագծի հետ կապված այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովը քննարկում էր կազմակերպել:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց, որ այդ «ռումբը» դրված էր դեռեւս Զանգվածային լրատվության մասին օրենքի այն փոփոխությունների ժամանակ, որոնցով չնույնականացվող աղբյուրներին հղում տալու հարցն էր կարգավորվում. «Սա այն շղթայի մի մասն է, որը սկսվել է առնվազն մեկուկես տարի առաջ: Բոլոր այն օրենսդրական փոփոխությունները, որոնք կատարվել են վերջին մեկուկես տարվա ընթացքում՝ հետընթաց ունեն»:
Աշոտ Մելիքյանն ասաց, որ միջազգային փորձագետների գնահատմամբ, հավատարմագրումը լրագրողին աշխատանք տալ չէ, ընդամենը դուռ են բացում, որ լրագրողը գնա ու իր առաքելությունը կատարի: Ավելին, ԵԱՀԿ-ի եւ ԵԽ փաստաթղթերում լրագրողին հավատարմագրել կարող են մերժել այն դեպքում, երբ լրատվամիջոցը պատշաճ կարգով չի ներկայացրել անհրաժեշտ տեղեկությունները՝ հասցե, հեռախոսահամար, իսկ հավատարմագրումը դադարեցնել ու դրանից զրկել հասկացություն չկա. «Պետությունը չպետք է որոշի՝ այս լրագրողը պե՞տք է հավատարմագրվի, թե՞ ոչ: Լրատվամիջոցն ինքը պետք է որոշի՝ այս պետական մարմինն իրենց հետաքրքի՞ր է, պե՞տք է այնտեղ լրագրող ունենան, թե՞ ոչ»: Աշոտ Մելիքյանն առաջարկեց օգտվել ԵԽ փորձագիտական կարծիքից ու վիճարկել այս կարգավորումը:
Կարդացեք նաև
ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանն էլ ասաց, որ հավատարմագրում պետք է լինի միայն մեկ պետական մարմնում՝ դա ԱԺ-ն է՝ հաշվի առնելով իր գործունեության առանձնահատկությունը, հատուկ պահպանման ռեժիմը, մնացած պետական մարմիններում դրա իմաստը չի տեսնում. «Ինչ վերաբերում է ԱԺ հավատարմագրման կարգին, ես կողմնակից եմ այստեղ հնարավորինս ինքնակարգավորման մեխանիզմներ ներառելուն: Կարգը պետք է գոնե երկխոսության միջոցով ԱԺ աշխատակազմի եւ լրագրողների միջեւ ձեւավորվի: Կարգի խախտման համար պատժամիջոցները, եթե կարելի է այդպես ասել, նույնպես պետք է համաձայնեցված լինեն լրագրողների եւ աշխատակազմի միջեւ: Լրագրողները, որոնք այստեղ հավատարմագրված են, պետք է իրենց շարքերից ընտրեն այն կառույցը, այն մարմինը, որը զբաղվելու է կարգի խախտման հետ կապված բոլոր հետեւություններով: Մենք այստեղ ունենք երկու կողմ հիմնականում, որոնք աշխատում են ԱԺ-ում, ոչ թե կան տերեր եւ կան հյուրեր: Ե՛վ լրագրողները, ե՛ւ պատգամավորները այստեղ աշխատում են եւ ամեն մեկն ունի իր կարեւորագույն գործառույթը՝ հանրային շահից ելնելով: Այսինքն, կարգը պահպանելու պարտավորություններ պետք է ունենան ոչ միայն լրագրողները, այլ նաեւ պատգամավորները: Եթե մենք խոսում ենք էթիկայի կանոնների պահպանման մասին, միակողմանի դա լինել չի կարող եւ պարտադիր զուգահեռաբար պետք է լուծվի ԱԺ-ում էթիկայի հանձնաժողովի հարցը»:
Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը քննարկման վերջում արձանագրեց. «Լրագրողներ էլ կան, որոնք խնդիր են առաջացնում ու նման մարդիկ բերում են նման նախագծեր բերելու անհրաժեշտություն: Դրանով փորձում են կուլիսներում հիմնավորել, որ ա՛յ այս դեպքերի համար ենք բերում նման նախագծերը»:
Ըստ Թագուհի Թովմասյանի, խնդիրը պետք է կարգավորվի հենց լրագրողական դաշտում ու ամեն ԶԼՄ պետք է էթիկայի նորմեր մշակի ու հետեւի դրանց: Նա առաջարկեց ստորագրահավաք կազմակերպել ու նախագծի հեղինակներին խնդրել, որ հետ կանչեն այս իրավազուրկ ու անընդունելի նախագիծը. «Նիստերի օրերին դուք երբեք չեք տեսնի որեւէ լրագրողի իշխանական խմբակցության միջանցքում, բոլոր լրագրողները ընդդիմադիրների դռների մոտ են: Սա մեծագույն գնահատական է, որ իշխանությունը չի ուզում շփվել լրագրողների հետ, բոլոր լրագրողները իրենց համար մերժելի են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ