Ապրիլի 11-ին Եվրոպական հանձնաժողովը Ռուսաստանում հավաստագրված 21 ավիաընկերություն ներառել է ԵՄ ավիացիոն անվտանգության ցուցակում:
ԵՄ ավիացիոն անվտանգության ցուցակը ավիաընկերությունների ցանկ է, որոնց վրա տարածվում են Եվրոպական միության տարածքում շահագործման արգելք կամ գործառնական սահմանափակումներ՝ անվտանգության միջազգային չափանիշներին չհամապատասխանելու պատճառով:
Հանձնաժողովի կարծիքով՝ այս որոշումն արտացոլում է ԵՄ անվտանգային լուրջ մտահոգությունները՝ կապված Ռուսաստանի կողմից օտարերկրյա պատկանելիության ինքնաթիռների հարկադիր վերագրանցման հետ՝ գիտակցաբար թույլատրելով դրանց շահագործումն առանց թռիչքային պիտանիության վավեր վկայականների: «Սա խախտում է ավիացիոն անվտանգության միջազգային նորմերը»,- ասված է Հանձնաժողովի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
«Սա ոչ միայն Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի (Չիկագոյի կոնվենցիա) ակնհայտ խախտում է, այլև անմիջական վտանգ անվտանգությանը», – հայտարարել է տրանսպորտի հարցերով հանձնակատար Ադինա Վալեանը:
Կարդացեք նաև
Նա հավելել է, որ, չնայած Ուկրաինայի դեմ Ռուսաստանի չհրահրված և չարդարացված ռազմական ագրեսիայի համատեքստին, այս որոշումը Ռուսաստանի դեմ հերթական պատժամիջոց չէ. «Այն ընդունվել է բացառապես տեխնիկական և անվտանգության նկատառումներից ելնելով։ Մենք անվտանգությունը քաղաքականության հետ չենք խառնում»։
Այս որոշումից հետո ԵՄ ավիացիոն անվտանգության ցուցակում ընդհանուր առմամբ ներառված է 117 ավիաընկերություն:
Փետրվարի 27-ին ԵՄ-ն փակեց իր օդային տարածքը Ռուսաստանին պատկանող, Ռուսաստանում գրանցված կամ Ռուսաստանի կողմից վերահսկվող բոլոր ինքնաթիռների համար: Այդ ինքնաթիռներն այլևս չեն կարող վայրէջք կատարել, բարձրանալ կամ թռչել ԵՄ տարածքում։
EU NEIGHBOURS east