Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը կեղծեց իրողությունը, որ արդարացնի իր հետագա զիջումները». Տաթևիկ Հայրապետյան

Ապրիլ 15,2022 17:19

«Ես վարչապետի ու նրա թիմակիցների վերջին երկու օրերի ելույթները գնահատում եմ՝ որպես հոգեբանական ահաբեկչություն սեփական բնակչության նկատմամբ»,- «Հոդված 3» մամուլի ակումբում հրավիրված քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

Տաթևիկ Հայրապետյանը վստահեցրեց՝ իշխող ուժի ծրագրում գրված չի եղել, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Նա մանրամասնեց. «Նախ իրենք եկել են իշխանության, վերընտրվել են շատ անտրամաբանական, բայց հստակ նրանց ծրագրում ամրագրված է եղել, որ Արցախը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Տաթևիկ Հայրապետյանը գնահատեց՝ որպես հակատրամաբանական և նշեց. «Նույն հիմքից բխեցնում է երկու իրար հակասող հետևություն: Մեկ խոսում է, որ պիտի գնանք խաղաղության դարաշրջան, և դա այն է, որ պետք է նշաձող իջեցնենք, որը ենթադրում է Արցախը քննարկել Ադրբեջանի կազմում: Մյուսը ՄԱԿ-ի դատարանի հետ կապված դեպքն է մեջբերում, որ այնտեղ ամրագրված է, որ չի կարող հայ բնակչությունն ապահով ապրել Ադրբեջանի ներքո: Իրար հակասող երկու պնդումներ»:

Տաթևիկ Հայրապետյանը նշեց՝ բանակցային գործընթացն ամբողջությամբ կեղծված է «Բանակցությունների որոշ մասնակիցներ էլ հայտարարեցին՝ Շուշին չի եղել բանակցությունների սեղանին: Դա իրականությունը պեղելու հերթական փորձն է՝ ամբողջը նախկինների վրա բարդելով, կարծես նրանք տալիս էին Արցախը Ադրբեջանին: Պարզ հարց՝ եթե Արցախը հանձնել էր բանակցում, ապա Ադրբեջանն ինչո՞ւ չէր ստորագրում: Այստեղ արդեն ամբողջ մանիպուլյացիան փակվում է ինձ համար»:

Տաթևիկ Հայրապետյանի համոզմամբ՝ մենք մեր զիջումն արել ենք նոյեմբերի 9-ին. «Նոյեմբերի 9-ին այդ զիջման մասին թուղթ է: Քարվաճառը, Ակնան, ԼՂԻՄ տարածքից Հադրութ, Շուշի ենք թողել Ադրբեջանի կազմում, և ՀՀ ղեկավարը ԼՂիՄ շրջակա յոթ շրջանները, որոնք անվտանգության գոտի են ,և գիտենք, որ դա բանակցվել է, համեմատում է ԼՂԻՄ տարածքի և նաև ՀՀ սուվերեն տարածքների հետ»:

Այն, որ մեղադրում են ՀԱՊԿ-ին, Տաթևիկ Հայրապետյանն այս առիթով հիշեցրեց. «Տասն օր առաջ ՀՀ ԱԳ նախարարը իր զեկուցմամբ համոզում էր, որ իրենց հաջողվեց ՀԱՊԿ մեխանիզմները աշխատացնել, և դա գործեց Ղազախստանում: Ուստի ինչո՞ւ ՀՀ-ի համար չեք աշխատեցրել: Սա ի՞նչ մեղավորների անտրամաբանական փնտրտուք է սեփական զիջողականությունն արդարացնելու համար: Փաշինյանը շեղվել է իր առաջարկած ծրագրից, նրա կուսակիցները՝ ևս, նրանք հավատարիմ չեն մնացել այն թեզերին, որով եկել են իշխանության և ստացել մանդատ և իրավասու չեն որոշել Արցախի և մեր հայ ժողովրդի անունից Արցախի ճակատագիրը, որովհետև հենց իրենք էին ժամանակին պնդում, որ Արցախը պիտի որոշի իր ճակատագիրը: Արցախում իրենց չեն ընտրել և Արցախը երեկ հայտնեց իր դիրքորոշման մասին»:

Տաթևիկ Հարությունյանն ասաց՝ Նիկոլ Փաշինյանը կեղծեց իրողությունը, որ արդարացնի իր հետագա զիջումները. «Սա է իրականությունը. կամ դիմակայում ենք կամ հարմարվում այս զուգահեռ ստեղծված անտրամաբանական խաբկանքին: Եվ ուղղակի կորցնելու ենք պետականությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930