ՔՊ պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանը շրջանառության մեջ են դրել նախագիծ, որով պետական մարմիներում կարող են հավատարմագրումից զրկել ու ներս չթողնել լրագրողին, որը կարող է տվյալ գերատեսչության աշխատանքային գոտու կանոնները խախտել:
«Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների հերթական նախագծի հետ կապված այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովը քննարկում էր կազմակերպել:
Լրագրող Ինգա Մարտինյանը գտնում է, որ այս օրենքն ընդունվելու դեպքում խնդիր է ունենալու Սահմանադրության հետ, որովհետեւ տեղեկատվություն ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով՝ այլոց իրավունքների պաշտպանության համար: Մինչդեռ այս նախագծով պարզ չէ, թե ի՞նչ նպատակով են սահմանափակում մտցնում. «Նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանն ասում է, որ լրագրողը հավատարմագրումից կզրկվի, եթե սպառնա ԱԺ պատգամավորին, վիրավորի: Մի րոպե, արդեն պատգամավորը, ԱԺ նախագահը նման գործառո՞ւյթ ունեն: Եթե լրագրողը սպառնացել է, կարող եք դիմել քննչական մարմիններին, հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, թող լրագրողը պատասխանատվության ենթարկվի: Վիրավորե՞լ է, քավ լիցի, Քաղաքացիական օրենսգրքը գործում է, դիմեք դատարան: Որեւէ պաշտոնյա՝ պատգամավոր, համատիրության ղեկավար, իրավունք չունի դատարանի գործառույթներ իրականացնի ու ասի՝ այս լրագրողին չեմ թողնում մտնի պետական հաստատություն:
Այս օրենքը ուղղակի ռումբ է լինելու, սրանով բոլոր պետական մարմինները՝ համատիրության ղեկավարից սկսած, կարող են մեզ զրկել տվյալ շենք մտնելու հնարավորությունից: Մենք չենք կարող հանրությանը զրկել տեղեկություն ստանալու իրավունքից:
Կարդացեք նաև
Ներքին աշխատանքային կանոնները գործում են առհասարակ այդ շենքի աշխատակիցների համար: Պատգամավորները հանրային իշխանության մանդատով են օժտված, ավելի պատասխանատու են հանրության առաջ, քան լրագրողները: Լրագրողները մասնագիտական հանրություն են ու ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումները երբ նայում ենք, լրագրողին ավելի ազատության սահման է տրված: Կոնկրետ նախադեպեր կան, ասում են՝ լրագրողը կարող է սադրի, եթե հանրային շահը գերակա է:
Հիմա դուք ասում եք՝ կարգապահական կանոնները խախտել են՝ զրկենք հավատարմագրումից, բա ձե՞զ ինչ անենք: Եթե դուք վիրավորում եք լրագրողին, հայհոյում եք, սպառնում եք, քաղաքական պատասխանատվության չեք արժանանում, էթիկայի հանձնաժողով չկա, ի՞նչ անենք, որ այդ կանոնները պահպանեք առաջին հերթին դուք»:
Ըստ Մարտինյանի, եթե լրագրողի գործատուին՝ խմբագրին ձեռնտու է, թե ինչպես է իր աշխատակիցն իրեն պահում ԱԺ-ում՝ սադրում է, վիրավորում է եւ այլն, պատգամավորները պետք է դիմանան այդ կտտանքներին, որովհետեւ դա է պաշտոնյա լինելու գինը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ Ինգա Մարտինյանի ֆեյսբուքյան էջից