«Սա հերթական մահակն է իշխանությունների կողմից ԶԼՄ-ների գլխին եւ ակնհայտ է, որ նրանք կամայական որոշումներ են կայացնելու: Որեւէ գերատեսչություն այսուհետ որոշելու է, թե որ լրատվամիջոցը կարող է լուսաբանել, հարցեր ուղղել իրենց»,- այսօր «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների հերթական նախագծի հետ կապված ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը (լուսանկարում):
Նա նշեց, որ լրագրողները հարձակման են ենթարկվում ԱԺ-ում՝ հարց տալու համար, այս նախագծով ամենաթողություն է լինելու:
Հիշեցնենք, որ ՔՊ պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանը շրջանառության մեջ են դրել նախագիծ, որով պետական մարմիներում կարող են հավատարմագրումից զրկել ու ներս չթողնել լրագրողին, որը կարող է տվյալ գերատեսչության աշխատանքային գոտու կանոնները խախտել:
Սաթիկ Սեյրանյանն ասաց, որ գերատեսչությունները առանց այդ էլ թքած ունեն լրագրողների գրավոր հարցումների վրա, արհամարհում են. «Այս նախագծով պարտավոր էին հստակ սահմանել հավատարմագրման հիմքերը, որ լրագրողի համար կանխատեսելի լինի, թե որ դեպքերում կարող են զրկել հավատարմագրումից, հակառակ դեպքում կամայական որոշմամբ կարող են իրենց գլուխներն ազատել անցանկալի ԶԼՄ-ների անցանկալի հարցերից: Հավատարմագրման հիմքերը եթե հստակ սահմանված չեն, չկան, ինչպե՞ս են առաջնորդվելու: Սա քաղաքական պատվեր է ու լրատվամիջոցները պետք է ոչ միայն գնահատական տան, այլեւ դիմադրեն»:
Կարդացեք նաև
Լրագրող Փայլակ Ֆահրադյանն ասաց, որ սա հերթական փորձն է՝ լռեցնելու ազատ խոսքը. «Ես առաջարկում եմ առհասարակ բոյկոտել խորհրդարանի աշխատանքները, իշխող քաղաքական ուժի լուսաբանումը»:
Լրագրող Անի Գեւորգյանը բոյկոտին դեմ էր: Ըստ նրա, դա ամենակոմֆորտ վիճակը կստեղծի իշխանականների համար, որոնք չեն ուզում հանրությանը տեղեկացնել. «Իրենք չեն ուզում խոսել մտածող լրագրողների հետ, ուզում են խոսել ձայնագրիչների ու բարձրախոսների հետ»:
Լրագրող Սեւակ Վարդումյանն ասաց, որ նախագծից պարզ չէ, թե ե՞րբ է ԱԺ ղեկավարությունը, օրինակ, պատրաստ զրկել իրեն հավատարմագրումից՝ երբ բա՞րձր է ծիծաղում ԱԺ միջանցքում, հարվածո՞ւմ է ինչ-որ մեկին, միկրոֆոնը շա՞տ է մոտեցնում բանախոսին, թե՞ անցանկալի հագուստով է լինում. «Ես օրենքի համահեղինակներին կոչ եմ անում հետ կանգնել մահակը մեր գլխին բանեցնելու անկապ եւ անդուր պրոցեսից եւ մեզ հետ քննարկումներ ունենալ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ