Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունների չեզոք ու խուսափողական կեցվածքը, «խաղաղության դարաշրջանի» կեղծ օրակարգով Թուրքիայի հետ տարվող բանակցությունները խանգարում են ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին. «Լույս» հիմնադրամ

Ապրիլ 15,2022 16:48

«Լույս» հիմնադրամը վերլուծել է ՀՀ կառավարության 2021-2026թթ․ ծրագրի 2021թ․-ի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցում Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին և Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանն առնչվող կետերը։

Ներկայացնում ենք դրանցից մի քանիսի շուրջ մեր դիտարկումները։

🔹ՀՀ կառավարությունը որպես Լեռնային Ղարաբաղի հարցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցային գործընթացի վերականգնման արդյունք նշում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ընդունել են 11 հայտարարություն, որոնցում արձանագրվել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը դեռևս լուծված չէ և պետք է կարգավորվի կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա:

Մինչդեռ 2021թ.-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություններից աստիճանաբար դուրս է մղվել հայտնի սկզբունքների և տարրերի՝ Մադրիդյան սկզբունքների հիշատակումը։ Վերջին անգամ համանախագահները հիմնարար սկզբունքները հիշատակել են 2021թ. ապրիլի 13-ի տարածած պաշտոնական հայտարարության մեջ, իսկ Հայաստանում տեղի ունեցած արտահերթ ընտրություններից հետո համանախագահների տարածած հայտարարություններում այդ թեմային անդրադարձ ընդհանրապես չի կատարվել։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով բանակցային գործընթացի վերականգնման հարցում կառավարության ձախողման մասին է վկայում նաև այն, որ Ադրբեջանի հետ բոլոր առանցքային պայմանավորվածություններն այդ ընթացքում ձեռք են բերվել այլ ձևաչափերով՝ Մոսկվայի և Սոչիի եռակողմ հայտարարությունները, բրյուսելյան հանդիպումները, գերիների, ականապատման քարտեզների փոխանակումը և այլն։ Այս ամենին զուգահեռ վերջերս ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարեց ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահության համատեղ աշխատանքների խափանման մասին, ինչը թեև աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի, սակայն նաև ՀՀ գործող իշխանությունների տարօրինակ քաղաքականության՝ ՄԽ-ը շրջանցելու և համանախագահների բազմամյա ջանքերը արժեզրկելու, նրանց հիմնազուրկ պահանջներ ներկայացնելու (Մադրիդյան սկզբունքները պարզաբանելու մասով) անհեռատես քաղաքականության արդյունք է։

🔹 Որպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ձեռքբերումներ ներկայացվում են ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձը, ճանաչումը Լատվիայի խորհրդարանի կողմից և հարցի քննարկումը Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատում։

Մինչդեռ Կառավարության ծրագիրը հաստատվել է ավելի ուշ, քան 2021թ.-ի ապրիլի 24-ին Բայդենի հայտարարությունը, հետևաբար այն չի կարող տեղավորվել նշված ծրագրում։ Բացի այդ, Բայդենի հայտարարությունն աշխարհաքաղաքական համատեքստ ուներ, ինչպես նաև հանդիսանում էր ԱՄՆ-ում հայկական լոբբիի ակտիվ աշխատանքի արդյունք, ուստի որևէ կերպ չի կարելի այն վերագրել կառավարության գործունեությանը։

Հաշվի առնելով ԱՄՆ աշխարհաքաղաքական գերակայությունը մի շարք երկրներում՝ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո կարելի էր ակնկալել «ճանաչումների շքերթ», սակայն Բայդենի հայտարարությունից հետո միայն մեկ երկիր՝ Լատվիայի խորհրդարանն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և, նախատեսվածին հակառակ, Միացյալ Թագավորության համայնքների պալատում 2022թ.-ի մարտի 18-ին վերոհիշյալ օրինագծի երկրորդ ընթերցումը տեղի չի ունեցել։ Ակնհայտ է, որ ՄԹ կողմից ճանաչման օրինագծի շրջանառությունը նույնպես աշխարհաքաղաքական համատեքստ ունի։

Իրավիճակը հավանաբար այլ կլիներ, եթե այդ ուղղությամբ ՀՀ իշխանությունները ձեռնարկեին համարժեք քայլեր։ Ընդհանուր առմամբ, իշխանությունների ներկայիս չեզոք ու խուսափողական կեցվածքը Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի շուրջ, որոնք դրսևորվում են ինչպես դիվանագիտական դաշտում անգործությամբ, այնպես էլ պարզապես Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին հանրային ելույթներում հիշատակումներ չանելով, միայն վիժեցնում են գործընթացը։

Այս համատեքստում պարզ է նաև, որ «Խաղաղության դարաշրջանի» կեղծ օրակարգի լույսի ներքո Թուրքիայի հետ տարվող բանակցություններն էլ իրենց հերթին ակնհայտորեն խանգարում են ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, մինչդեռ 2008-2011թթ. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արժանապատիվ և հավասարակշռված գործընթացի ընթացքում ճանաչման գործընթացը ոչ միայն կանգ չի առել, այլ նոր թափ էր հավաքել։

«Լույս» հիմնադրամ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930