Լրահոս
Օրվա լրահոսը

Անելանելի իրավիճակներից ելքեր գտած այդ կանանց պոտենցիալի օգտագործումը լավ ապագայի վստահելի երաշխիքն է. Քրիստիննե Գրիգորյան

Ապրիլ 15,2022 16:32

Միջոցառումը կազմակերպվել էր «Կանանց օրակարգ» ՀԿ-ի նախաձեռնությամբ, որին մասնակցել են տեղական ինքնակառավարման, պետական կառավարման և քաղհասարակության ներկայացուցիչներ։

Ֆորումի նպատակն է հարթակ ստեղծել ներկայացնելու հետազոտական այն աշխատանքները, որոնք իրականացվել են հետպատերազմյան շրջանում՝ թիրախավորելով պատերազմից անմիջապես տուժած խմբերին՝ գենդերազգայուն մոտեցմամբ։

Քննարկումից առաջ բացման խոսքով հանդես եկավ Պաշտպան Գրիգորյանը, որը շնորհակալություն հայտնեց նման միջոցառում կազմակերպելու համար՝ նշելով միջոցառման կարևորությունը։

Պաշտպանն իր ելույթում մասնավորապես նշեց, որ ՄԱԿ-ի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թիվ 1325 բանաձևի նշանակության ու կարևորության մասին պատկերացումները թերզարգացած են մեր երկրում։ Առավել մտահոգիչ է փաստը, որ գրեթե չեն լսվում այդ բանաձևի կիրառման գործնական երկարաժամկետ ու կարճաժամկետ օգուտների մասին իմաստալից խոսակցությունները։

«Այլ կերպ ասած, թե ինչ է նշանակում կանանց հավասարապես ներգրավել հակամարտությունների կանխարգելման ջանքերին, խաղաղության բանակցություններին, խաղաղաշինության ու խաղաղապահության, ինչպես նաև հումանիտար արձագանքման ու հետ-կոնֆլիկտային վերականգնման գործողություններին։

Կանանց քաղաքական մասնակցության ակտիվացման, տնտեսական հզորացման մասին շատ ենք խոսում, սակայն կարծում եմ՝ պատերազմից հետո պետք է ակտիվացնենք նաև խոսակցությունն ու կարևորապես՝ կոնկրետ ջանքերը՝ անվտանգության, խաղաղաշինության, կոնֆլիկտների կանխարգելման ու դրա հետևանքների վերացման աշխատանքներում կանանց առավել ակտիվ մասնակցության ուղղությամբ։ Պետք է բաց պահենք մեր միտքը տեսնելու, որ զինված ուժերում և իրավապահ համակարգում կանանց ներգրավումը բարձրացնում է ընդհանուր ծառայության որակն ու արդյունավետությունը։ Պետք է չվարանենք խնդիրների մասին բաց խոսելուց։

Վերջին չորս շաբաթների ընթացքում Արցախում ու Հայաստանում հանդիպել եմ հարյուրից ավելի կանանց ու աղջիկների, ովքեր տեղահանվել են 44-օրյա պատերազմի հետևանքով, կորցրել են ամեն ինչ, շատերը՝ նաև հարազատների, կորցրել են իրենց նորմալ կյանքը։

Հանդիպել եմ կանանց, ովքեր պատերազմի ավարտից հետո արդեն շուրջ երկու տարի սպասում են իրենց ամուսնու, որդու, եղբոր ու հոր վերադարձին գերությունից ու անհայտությունից, ովքեր պայքարում են ու սպասում արդարության։

Հանդիպածս կանանց մեծամասնության դեպքում ընտանիքի խնամքի, շատ հաճախ՝ ապրուստի, երեխաների կրթության, դաստիարակության ու հոգեբանական աջակցության հոգսն այդ կանանց ուսերին է։ Պատերազմներն ու դրա դառնալի հետևանքների ազդեցությունը կանանց վրա անասելի մեծ է։

Հանդիպել եմ կանանց, ովքեր մինչ պատերազմը, չլինելով ընտանիքում որոշումների կայացման մասնակից, այդ ճգնաժամային իրավիճակում իրենց ձեռքն են վերցրել իրենց ընտանիքի ճակատագրերը՝ փրկելով իրենց երեխաներին, հայթայթելով օթևան, ստանալով նոր մասնագիտություն, գտնելով նոր աշխատանք, դնելով նոր նպատակներ ու երազելով լավ ապագայի մասին։

Այդ բոլոր կանայք պետք է ձայն ու իմաստալից մասնակցություն ունենան նոր կոնֆլիկտների կանխարգելման, խաղաղության խոսակցությունների ու որոշումների կայացման գործում, ճգնաժամերի կառավարման հարցերում; Բարդ իրավիճակներում ադապտացման կարողություն ցուցաբերած ու անելանելի իրավիճակներից ելքեր գտած այդ կանանց պոտենցիալի օգտագործումը մեր պետության ու հասարակության լավ ապագայի վստահելի երաշխիքն է»։

Եվ վերջում Պաշտպանն իր խոսքում նշեց, որ այս օրակարգն առաջ մղելու գործում յուրաքանչյուրը պատասխանատվության իր բաժինն ունի՝ պաշտպանելու, կանխարգելելու, խրախուսելու, մասնակցելու, աջակցելու և վերահսկելու։

Հաջորդիվ, Պաշտպան Գրիգորյանը, վարել է «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» Հետպատերազմյան ժամանակահատվածում իրականացված քայլերը» խորագիրը կրող քննարկման պանելը, որի ընթացքում բանախոսները ներկայացրել են իրենց հետազոտությունները, ապա ծավալվել է շահագրգիռ քննարկում:

  ՄԻՊ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930