Լրահոս
Օրվա լրահոսը

«Թույլի դիրքերից բանակցելով ու զիջումների գնալով՝ հնարավոր չէ հասնել խաղաղության. ապիկար բանակցող են». Արթուր Մարտիրոսյան

Ապրիլ 15,2022 16:24

«Նոյեմբերի 9-ից հետո նպատակն էր գնալ դեպի Ադրբեջանի հետ պայմանագրի, բանակցել թույլի դիրքերից: Երբ Փաշինյանն ասում է՝  այլընտրանք չունենք, դա նշանակում է, որ ոչ, չի կարող ասել»,- «Հոդված 3» ակումբում հրավիրված քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը։

Ըստ նրա՝ եթե չունես այլընտրանք, ուրեմն պիտի անես այն, ինչ հակառակ կողմն է ուզում, ինչ դրված է սեղանին: Նրա կարծիքով՝ ներկայիս իշխանությունը շատ թույլ, ապիկար բանակցող է. «Տակտիկական մակարդակի, ապիկար բանակցող են: Շուստրիություն անել, կրուտիտ անել թե՛ ներսի բանակցություններում, թե՛ դրսում, դա չի աշխատի: Ռազմավարական բանակցությունները պետք է նաև ունենան այլընտրանք՝ սեղանից դուրս, որպեսզի ոչ ասելու հնարավորություն ունենաս: Նիկոլ Փաշինյանը երկիրը տանում է կործանման, Արցախից արդեն ձեռքերը լվացել են: Ուզում են համոզել, որ երեսուն տարուց ավելի պայքարը, բանակցություններն անիմաստ էին»:

Բանակցային գործի մասնագետը նաև այն հարցին անդրադարձավ, թե հնարավո՞ր է արդյոք խաղաղության համար բանակցել թույլի դիրքերից. «Թույլի դիրքերից բանակցելով ու զիջումների գնալով հնարավոր չէ հասնել խաղաղության: Թուրքական, ադրբեջանական կողմերը, ունենալով բոլոր լծակները, այդ պայմանագրում կներդնեն կետեր, որոնք թույլ կտան երկու կողմից էլ գործադրել ռազմական լծակներ, ճնշում գործադրել ՀՀ և Արցախի վրա, որ ավելին ստանան»:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին՝ Արթուր Մարտիրոսյանն ասաց. «Եթե համարում է, որ Քարվաճառը պիտի Քելբաջար լինի, ուրեմն ինչո՞ւ չի ենթադրում, որ Ադրբեջանը նաև կարող է պահանջել, որ Սևանը դառնա Գյոկչա, Երևանը՝ Էրիվան»:

Անդրադառնալով անվտանգային խնդիրներին՝ մասնավորապես արևմուտքի հետ բանակցություններին՝ Արթուր Մարտիրոսյանն ասաց. «Ինչու ես դու գնում ԵՄ-ի հետ բանակցում: ԵՄ-ն չի կարող առաջարկել ոչ մի անվտանգության երաշխիք. ոչ ռազմական հնարավորություն ու կարողություն ունեն, ի՞նչ ես բանակցում ԵՄ-ի հետ: Պարզ է՝ բանակցում է այսպես կոչված խաղաղության դիվիդենտները: Երեկ լսեցինք ԵՄ գնահատականները,  որ հեռատես ու խորը դեպի խաղաղություն տանող ճառ կոչեցին: Շատ օպերատիվ արձագանք էր»:

Արթուր Մարտիրոսյանի համար պարզ է, որ ԵՄ-ն իր շահերից ելնելով, ոչ թե սկզբունքներից ելնելով է շահագրգռված այս զարգացումներով. «Երբ պարոն Փաշինյանն ասում է միջազգային հանրություն, դա թյուրիմացություն է: Այս պահին ոչ մի միջազգային հանրություն չկա, մանավանդ ռուս-ուկրաինական պատերազմից հետո: Այս իրավիճակում հույսը դնել, որ ԵՄ-ն գործելու է՝ ըստ իրենց հայտարարած արժեքների, թյուրիմացություն է: Այդ դեպքում իրենք մի սեղանին չէին նստեցնի կոռումպացված, ավտորիտար սուլթանին՝ ժողովրդավար Փաշինյանի հետ: Ուրեմն իրենց համար արժեքները կարևոր չեն, այլ շահերն են կարևոր: ԵՄ-ին այս պահին կարևոր է այլընտրանքը՝ ուժեղացել էներգետիկ հարցերում ՌԴ-ի հետ կապված, դրա համար պիտի զրոյացնեն հարավային հոսքը՝ Անատոլիան, Ադրիատիկ միջանցքները: Այդ շահն Ալիևը կարող է ավելի լավ բավարարել, ՀՀ-ն դա անել չի կարող, Հայաստանն ուղղակի օգտագործելու են, որ եվրոպացիք իրենց շահերը բավարարեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930