«Արցախում առկա դիրքորոշումներն առկա են հողի վրա, ոչ թե տեսականորեն։ Արցախի խորհրդարանը երեկ ձեւակերպեց դիրքորոշում եւ սահմանեց կարմիր գծեր, որոնք պետք է լինեին բանակցային գործընթացի տրամաբանության ներքո։ Զարմացա, որ կոռեկտության սահմաններում ձեւակերպեց ՀՀ իշխանության անընդունելի մոտեցումը։ Ինչու եմ ասում կոռեկտություն, որովհետեւ Արցախի ապագան Ադրբեջանի կազմում տեսնող խորհրդարանական մեծամասնությանը կոռեկտ արձագանքելու համար շատ մեծ տաղանդ եւ ուժ է պահանջվում՝ նման խմբերին առանց հայհոյանքի պատասխանելու համար»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Արցախի հարցում ՀՀ իշխանության մոտեցումները դատապարտող Արցախի խորհրդարանի հայտարարությանը՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Լրագրողները հիշեցրին, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն այսօր պարզաբանել է, թե Նիկոլ Փաշինյանի խոսքում Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մասին խոսք չկա, եւ կարգավիճակ ասելով իրենք հասկանում են Արցախի հայաթափումը բացառելը։ Տիգրան Աբրահամյանն այս առիթով պնդեց, որ Նիկոլ Փաշինյանի եւ Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարություններն ուղիղ տեքստով փաստում են, որ իրենք Արցախի ապագան տեսնում են Ադրբեջանի կազմում․ «Եթե որոշ դեպքերում տողատակեր էին հնչում, ապա իրենց խմբակցությունից մեկ մարդու դեպքում իրենց իսկ քաղաքական ղեկավարի առաջ հայտարարվեց մի բան, որը հանրության շրջանում ալեկոծություններ է բերել: Ինչ վերաբերում է Արցախի հայաթափմանը, ապա պատկերացնու՞մ եք այն արցախցիների հոգեվիճակը, որոնք ապրում են Արցախում եւ լսում են, որ Հայաստանի իշխանությունները, որոնք պետք է հանդես գային որպես Արցախի անվտանգության երաշխավոր, հայտարարում են, որ տեսնում են Արցախը Ադրբեջանի կազմում։ Չկա շատ ավելի մեծ քայլ, քան այդպիսի հայտարարություններն են, որոնք կարող են բերել Արցախի հայաթափմանը»։
Տիգրան Աբրահամյանը նաեւ շեշտեց՝ չնայած մտահոգություններին եւ հիասթափությանը, արցախցին շարունակում է ամուր կպած մնալ իր արմատներին․ «Ես այսօր արցախցու մոտ տեսնում եմ կամք՝ մինչեւ վերջ գնալու, նաեւ 2020-ի իր վրեժը հանելու համար։ Եվ սրանց պատասխանը արցախցին դեռ տալու է, իսկ մենք ցանկացած իրավիճակում Արցախին սատարելու ենք, Արցախի հետ ենք լինելու, ու մինչեւ վերջին շունչը նպաստելու, սատարելու ենք արցախցիների որոշումներին»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ