Լեգենդար գիտնական, Ռուսաստանի ԳԱԱ իսկական անդամ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Մենդելեեւի աղյուսակը 6 տարրով համալրած ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ՝ գիտության բնագավառում բացառիկ նվաճումների համար շնորհվեց ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում: Մենդելեեւի աղյուսակի 118-րդ տարրը՝ «Օգանեսոն»-ն հենց հայազգի գիտնականի պատվին է անվանակոչվել։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը օրը որակեց պատվաբեր, քանի որ ԵՊՀ-ում ընդունել են աշխարհահռչակ գիտնական Յուրի Հովհաննիսյանին: «Ի դեմս Յուրի Հովհաննիսյանի մենք պետք է տեսնենք, թե ինչքան կարեւոր է գիտությունը, երիտասարդ սերունդը գիտակցի, թե ինչքան պատվաբեր գործ է գիտությամբ զբաղվելը»,-ասաց ռեկտորը:
Նրա խոսքով, տարիների ընթացքում գիտնականի կերպարի վերաբերյալ ընկալումները փոխվել են, մինչդեռ գիտնականը մեր հասարակության էլիտան է: Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց, որ մինչ օրս 5 անհատ է արժանացել ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչման, իսկ Յուրի Հովհաննիսյանը 6-րդն է:
Այցի շրջանակում Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի եւ Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի հետ ստորագրվեց եռակողմ հուշագիր, որի արդյունքում ԵՊՀ-ում բացվեց տեղեկատվական կենտրոն: Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) տնօրեն, պրոֆեսոր Անի Ապրահամյանը գոհունակություն հայտնեց հուշագրի ստորագրման առիթով, ասաց, որ օրը կարեւոր է ուսանողներին ու պրոֆեսորներին համար:
Կարդացեք նաև
Յուրի Հովհաննիսյանը հուզիչ եւ հաճելի համարեց պահը, ասաց, որ պատվաբեր է լինել ԵՊՀ պատվավոր պրոֆեսոր: Մթնոլորտն այնքան ջերմ էր, որ նրա ռուսերեն խոսքը փոխվեց մայրենիի ու աշխարհահռչակ գիտնականը սկսեց դրվագներ պատմել` համեմված հումորով:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Ֆունդամենտալ գիտությունների բնագավառում նվաճումների համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի Դ. Ի. Մենդելեեւի անվան միջազգային մրցանակը շնորհվել Էր ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին, իսկ հանձնման հանդիսավոր արարողությունը կայացել էր Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ