Լրահոս
Օրվա լրահոսը

Վնասատուներով եւ հիվանդություններով վարակված 11 հազար հա անտառածածկ տարածք ունենք, ինչը մտահոգիչ է. Արուսյակ Սիրադեղյան

Ապրիլ 15,2022 15:36

Տավուշի, Լոռու եւ Սյունիքի մարզերում անտառների որոշ հատվածներ դեգրադացված են եւ կորցրել են իրենց բնապահպանական գործառույթները: Այսօր այս մասին ասաց Անտառային կոմիտեի նախագահի տեղակալ Արուսյակ Սիրադեղյանը: Նրա խոսքով, բոլոր մարզերում էլ կան այդ վիճակում գտնվող անտառներ, սակայն ամենախնդրահարույցն այն մարզերում են, որտեղ մեր երկրի հիմնական անտառներն են գտնվում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում Արուսյակ Սիրադեղյանն ասաց, որ բոլոր մարզերում էլ, որտեղ կան անտառածածկ տարածքներ, արդեն քանի տարի է՝ անտառտնկման աշխատանքներ են կատարվում եւ արդեն ունեն վերականգված անտառներ:

«Մեր անտառները լեռնային են. ունեն բնապահպանական հողապաշտպան, կլիմայակարգավորիչ, հակաէռոզիալ նշանակություն: Լոռու շրջակայքի անտառները, որոնք 90-ականներին հատվել էին, հիմա բավականին վերականգնվում են: Ճիշտ է՝ որակապես զիջում են նախորդ անտառներին, քանի որ սերմնային ծագման անտառները դարձել են շիվային ծագման»,-ասաց Արուսյակ Սիրադեղյանը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանի ներկայացմամբ, 2019-21 թվականներին իրականացվել են 5000 հեկտար անտառվերականգնման աշխատանքներ, որից 1400 հեկտարը պետբյուջեից է ֆինանսավորվել:

Սակավանտառ տարածքներում՝ Շիրակի, Արագածոտնի մարզերում նույնպես անտառտնկման աշխատանքներ կատարվում են: Արուսյակ Սիրադեղյանի խոսքով, հիմնականում տնկում են ավանդական ծառատեսակները՝ կաղնի, սոճի, հացենի թխկի, կեչի, թեղի:

2022 թվականին անտառվերականգնման համար պետական բյուջեից հատկացվել է 413 միլիոն դրամ: Այս տարվա աշնանն էլ 130 հեկտար անտառտնկման աշխատանքներ կիրականացնեն: 77 հեկտար էլ կկատարվի կոճղաշիվային վերաճի օժանդակում:

Արուսյակ Սիրադեղյանը նաեւ հայտնեց, որ ներկայումս 11 հազար հեկտար վնասատուներով եւ հիվանդություններով վարակված անտառածածկ տարածք կա, ինչը նրա խոսքով, մտահոգիչ ցուցանիշ է: «Նախորդ տարի իրականացրել ենք ավիացիոն քիմիական պայքարի աշխատանքներ 5 հազար 533 հեկտար տարածքում՝ Հրազդանի եւ Արագածոտնի անտառային հատվածներում: Այս տարի նախատեսվում է 4 հազար 440 հեկտար տարածքում իրականացնել ավիացիոն քիմիական պայքարի աշխատանքներ՝ առավել վնասված տարածքներում՝ Արագածոտնի, Վայոց Ձորի եւ Կոտայքի մարզերում»,-ասաց նա՝ նշելով, որ այդ հիվանդությունների զարգացումը հիմնականում կախված է տվյալ տարվա կլիմայական պայմաններից:

Վլադիմիր Կիրակոսյանի խոսքով, ծառահատումների քանակը վերջին մեկ տարում 20-22 տոկոսով նվազել է՝ պայմանավորված ոստիկանության, բնապահպանական տեսչական մարմնի ուժեղացված աշխատանքով, բնակչության հետ տարվող աշխատանքով: Ըստ նրա, անտառամերձ ու սահմանամերձ տարածքներում ապրող բնակիչներին էլ մինչեւ 8 խմ թափուկ վառելափայտ է տրամադրվում:

Նա նաեւ ասաց, որ մինչեւ 2030 թվականը պետք է իրականացնենք 50 հազար հեկտար անտառածածկ տարածք, մինչեւ 2050 թվականը ՀՀ-ում պետք է ունենանք 20,1 հեկտար անտառածածկ տարածք:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930