Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուտ եք ասում՝ դուք Ադրբեջանի կազմում Արցախ թողնելու մանդատ չունեք, դուք ստել եք հանրությանը»․ Հայկ Մամիջանյան

Ապրիլ 15,2022 15:22

«Փաշինյանն ուզում է իր մեղքը բարդել ու գցել մեկ ուրիշի գրպանը․ թող հստակ ասի՝ «միջազգային հանրություն» ասելով ո՞ւմ նկատի ունի։ Այդ ո՞նց է ստացվում, որ տարիներ շարունակ, անգամ տասնամյակներ շարունակ միջազգային հանրությունը ՀՀ-ի հետ համակարծիք էր, իսկ Փաշինյան-բանակցողի պարագայում պահանջում է իջեցնել մեր ակնկալիքը»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդմանը, թե միջազգային հանրությունը ՀՀ-ից պահանջում է Արցախի կարգավիճակի հարցում իջեցնել սեփական նշաձողը։

«Դա կամ սուտ է, որով Փաշինյանը փորձում է իր մեղավորությունը գցել «միջազգային հանրություն» անհասկանալի տերմինի վրա, կամ իր պատկերացրած միջազգային հանրությունը մի փոքր այլ է։ Նա մեկ այլ սուտ թեզ ասաց, որ հետեւանքը նույնը կլիներ, որովհետեւ նախկինում նույնն էր բանակցվել։ Այս խայտառակ իրավիճակը երբեք չի բանակցվել։ Շուշին եւ Հադրութը երբեւէ չեն եղել բանակցային սեղանին։ Պնդում են, թե Կազանն ու այլ հայանպաստ լուծումներն անընդունելի են եղել Ադրբեջանի կողմից։ Մեզ բացարձակ չի էլ հետաքրքրել՝ ընդունելի՞ կլինեին, թե՞ ոչ։ Մենք բանակցում էինք համանախագահների հետ, որոնք հետո պարտադրելու էին Ադրբեջանին հնարավորինս հայանպաստ լուծում»,-շեշտեց Հայկ Մամիջանյանը։

Նաեւ նշեց՝ որոշ երեսփոխաններ իրենց աղջկա տարիքի պատգամավորի հասցեին երեկ անվայել արտահայտություններ արեցին․ «Այդ մասին խոսել անգամ կարիք չկա, բայց երկու արձանագրում։ ՔՊ-ի սիրած թեզն է, թե բանակցելու մանդատ ունեն։ Սուտ եք ասում՝ դուք Ադրբեջանի կազմում Արցախ թողնելու մանդատ չունեք։ Վիգեն Խաչատրյանի երեկվա զեղումը․․․Վիգեն Խաչատրյանի եւ ՔՊ-ի խունտան խաբել են հանրությանը, որովհետեւ ասում էիք, թե բանակցելու եք մադրիդյան երեք հայտնի սկզբունքների վրա, իսկ հիմա այլ բանակցային տրամաբանությունից եք խոսում։ Դա հաստատվեց երեկ Հովիկ Աղազարյանի խոսքով, թե՝ «մի հատ էլ գնանք ընտրության»․․․տեսա՞ք դահլիճում ինչ կատարվեց, չէ, չէ՜․․․որովհետեւ գիտեն, թե հիմա ինչքան աջակցություն ունեն հասարակությունում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930