Լրահոս
Օրվա լրահոսը

750 մլն դրամ՝ ուղիղ «Ֆակտորի փրոդաքշն»-ին․ մրցույթի ժամանակ չկար

Ապրիլ 15,2022 15:01

Մեծահասակների բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպման եւ անցկացման համար կառավարության պահուստային ֆոնդից 750 մլն դրամ կհատկացվի «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ին։ Այս մասին որոշման նախագիծը հաստատվեց կառավարության այսօրվա նիստում։ Գումարն, ըստ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի, կուղղվի մրցաշարի բրենդավորման, գովազդային, տպագրական, սոցիալական ցանցերում առաջխաղացման, բացման հանդիսավոր արարողության, մրցաշարի ընթացքում միջոցառումների կազմակերպման ծառայությունների ձեռք բերմանը։

Նախագծի ներկայացման ժամանակ Դումանյանն ասաց, որ ժամանակի սղության պատճառով 750 մլն դրամը տրամադրվելու է ուղիղ դրամաշնորհի տեսքով։

Կառավարության նիստից հետո լրագրողները նախարարից հետաքրքրվեցին, թե ինչու մրցույթ չեն հայտարարել, այլ գումարն ուղիղ են տրամադրում։ Նախարարը պատասխանեց՝ մրցաշարի վերջնական հաստատումը ստացվել է նոյեմբերին, ժամանակը շատ քիչ է․ «Մեզ մոտ ժամանել են ֆեդերացիայի ներկայացուցիչներ, տարբեր կազմակերպչական հարցեր․․․ չվտանգելու համար մրցույթի պատշաճ անցկացումը, հաշվի առնելով գին- որակ-ներկայանալիություն եւ փորձ, այս համադրություն․․․ վեց ընկերությունների հետ, որոնք, փորձառություն ունեն, քննարկել ենք, իրենք ներկայացրել են իրենց առաջարկները եւ միջգերատեսչական հանձնաժողովը որոշել է նշված ընկերությանը տրամադրել՝ զուտ չվտանգելու համար․․․ ժամկետային խնդիր կարող էր լինել»։

Եթե նոյեմբերից պարզ էր, որ Երեւանում է անցկացվելու, ինչո՞ւ ավելի վաղ չէին սկսվում կազմակերպչական աշխատանքները եւ հետևաբար նաեւ մրցույթը, այս հարցին ի պատասխան Դումանյանն ասաց՝ առաջին գումարը հատկացվել է փետրվարի 17-ին․ «Մայիսին բուն մրցույթի «ստարտն է», նոյեմբերից մինչեւ մայիս շատ փոքր ժամանակ է։ 77 միլիոնն արդեն տվել են, 750 մլն էլ՝ այսօր, եւս մի քիչ էլ կտրամադրվի։ Գումարը կորած տեղ չի»։

Հիշեցնենք, «Ֆակտորի փրոդաքշըն»-ը «Ամանոր 2020» միջոցառման իրականացնողն էր, որը Երեւանի քաղաքապետարանի պատվերն էր կատարում, այս ընկերությունը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի միջոցառումների կազմակերպման համար էլ է, այսպես ասած՝ պետական պատվեր ստացել։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930