2022 թվականի մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունն անցկացնելու նպատակով ՀՀ կառավարության ապրիլի 15-ի որոշմամբ պահուստային ֆոնդից 750 մլն 192 հազար դրամ գումար է հատկացվել:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ գումարը նախատեսված է մրցաշարի բրենդավորման, գովազդի և սոցիալական ցանցերում առաջխաղացման, բացման և փակման հանդիսավոր արարողությունների ու մրցաշարի ընթացքում այլ միջոցառումների կազմակերպման համար:
«Ակնկալվում է, որ Եվրոպայի բռնցքամարտի առաջնությանը կմասնակցեն ընդհանուր առմամբ շուրջ 400 միջազգային պատվիրակներ` 280 մարզիկներ և ուղեկցող անձնակազմեր: Առաջնության անցկացումն իր կարևոր տեղն ունի մարզաձևի զարգացման և մասսայականացման գործում, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն էլ ավելի ճանաչելի կդառնա միջազգային մարզական հարթակներում՝ որպես առաջատար երկիր: 2022 թվականի մայիսի 21-ից 31-ը Երևանում կայանալիք Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունն իր ծավալով և նշանակությամբ աննախադեպ է Հայաստանում երբևէ կազմակերպված սպորտային միջոցառումների շարքում։ Նույնիսկ խորհրդային տարիներին մեր երկրում նման մակարդակի սպորտային միջոցառում չի կազմակերպվել»,- նշել է Վահրամ Դումանյանը:
Ժամանակի սղության պատճառով` հաշվի առնելով առաջնության նախապատրաստման և պատշաճ անցկացման համար պահանջվող աշխատանքների ծավալը՝ որոշում է կայացվել գումարն ուղիղ դրամաշնորհի տեսքով տրամադրել «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ին: Ընկերության ընտրությունը կատարել է Եվրոպայի բռնցքամարտի առաջնության անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը` գնային հարցմամբ, 6 կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկների ուսումնասիրության արդյունքում:
Կարդացեք նաև
Նախարարը նշել է, որ առաջիկայում Կառավարության քննարկմանը կներկայացվի նաև գումարի հատկացման մասին ՀՀ կառավարության որոշման ևս մեկ նախագիծ` կազմակերպչական այլ ծախսերի` մասնավորապես պատվիրակության կացության, համավարակի թեստերի, ավիատոմսերի, տրանսպորտային ծառայությունների, պաշտոնական ընթրիքի և այլնի համար։
Վահրամ Դումանյանը նաև տեղեկացրել է, որ Եվրոպայի բռնցքամարտի առաջնության նախապատրաստական աշխատանքների շրջանակում ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի 179-Ն որոշմամբ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային հատկացված 77 մլն 768 հազար դրամով ձեռք բերված մարզագույքը գտնվում է Լարսի անցակետում։ Մասնավորապես մրցաշարի համար գնվել են բռնցքամարտի ռինգեր, տանձիկներ, ձեռնոցներ և այլ անհրաժեշտ գույք:
Անդրադառնալով նախագծին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջազգային նշանակություն ունեցող միջոցառումների անցկացումը մեր երկրում` նշելով, որ Եվրոպայի բռնցքամարտի առաջնության կազմակերպմամբ կընդգծվի Հայաստանի տեսանելիությունը միջազգային սպորտային քարտեզի վրա:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ