Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուշիի մասին Փաշինյանի հայտարարությունը սերիական մարդասպանի ինքնախոստովանություն էր»․ Անդրանիկ Թեւանյան

Ապրիլ 15,2022 14:41

«Սուտ է, թե ՀՀ-Թուրքիա գործընթացը տեղի է ունենում առանց նախապայմանների»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթում հնչած պնդումներին։ «Թուրքիան ասել է, որ գործընթացը սկսվելու է միայն Ադրբեջանի միջնորդությամբ եւ նրա հետ համաձայնեցված, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Այս մոտեցումներն արձանագրվել են նաեւ Շուշիի հակահայկական հռչակագրում»,-հիշեցրեց նա։

Անդրանիկ Թեւանյանի խոսքով․ «Սա է նախապայմանը, որը բավարարելու համար Նիկոլ Փաշինյանը հղում արեց անհայտ «միջազգային հանրությանը», փորձեց հանրությանը վաճառել այն հանգամանքը, թե ՀՀ-ն մենակ է մնացել եւ չունի դաշնակիցներ՝ Արցախի կարգավիճակի հարցում, թե Արցախը պետք է թողնել Ադրբեջանի կազմում, որ «խաղաղ» ու «անվտանգ» ապրենք»։

Անդրանիկ Թեւանյանը շեշտեց, որ առաջին նախագահի իշխանության ժամանակ վերջինս նույնպես նման պնդում էր անում, թե միջազգային հանրությունն է դեմ հանդես եկողը․ «Սակայն հետո պարզվեց, որ մադրիդյան սկզբունքների համաձայն՝ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումն ընդունելի է։ Հիմա ժողովրդին վախեցնում են պատերազմով՝ հայտարարելով, թե տարածություն են բացում։ Իրականում Նիկոլ Փաշինյանը տարածություն է բացում թուրք-ադրբեջանական զույգի համար, Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու համար, ռուս խաղաղապահների գոյությունն իմաստազրկելու եւ հետագայում ՀՀ-ից ռուսական ռազմաբազան հեռացնելու համար»։

Անդրանիկ Թեւանյանի համոզմամբ՝ Ալիեւի եւ Էրդողանի պահանջները բավարարելով՝ Նիկոլ Փաշինյանն ուզում է պահել իր աթոռը․ «Իսկ երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե ժողովուրդը մատաղացու գառ չի լինելու այլեւս, դրա տակ ճիշտ հակառակը պետք է հասկանալ։ Նա մատաղացու գառի է վերածում ժողովրդին եւ կոլեկտիվ հանցանքի դրդում իր թիմին։ Շուշիի մասին իր երեկվա հայտարարությունը սերիական մարդասպանի ինքնախոստովանական ցուցմունք էր։ Նա սերիական մարդասպան է եւ ինքն է այդ մասին հայտարարել»։

Հիշեցնենք՝ օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Այսօր ասում են՝ կարո՞ղ էինք կանխել պատերազմը։ Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք այս նույն վիճակը, իհարկե առանց զոհերի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930