Լրահոս
Օրվա լրահոսը

«Փառուխ-Խրամորթ հատվածի հինգ դիրքերը Փաշինյանի հրամանով են հանվել». Ավետիք Չալաբյան

Ապրիլ 15,2022 14:29

«Ապրիլի 13-ին եւ 14-ին Նիկոլ Փաշինյանի ելույթը հայոց երրորդ հանրապետության վերջն է: Փաշինյանը հայոց երրորդ հանրապետության գերեզմանափորն է եւ նույնիսկ, ինչ-որ իմաստով, հպարտանում է այդ դերով, ցավալիորեն»,- այսօր «Հայկական օրակարգ» շարքի՝ «Ինչպե՞ս Հայաստանին տալ զարգացման նոր հույս եւ հեռանկար» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

Բանախոսի գնահատմամբ, այն տրամաբանությունը, որի վրա հիմնվել էր ՀՀ երրորդ հանրապետությունը, այդ ելույթներով վերջացավ եւ հիմա մեր առջեւ կանգնած է հարց՝ կստեղծե՞նք ՀՀ չորրորդ հանրապետություն, թե՞ ոչ եւ պետությունը կդադարի գոյություն ունենալ, թեեւ ֆորմալ առումով, կպահպանի իր ատրիբուտները:

Ավետիք Չալաբյանը համամիտ է Արման Աբովյանի գնահատականի հետ՝ Նիկոլ Փաշինյանը տանում է պետության կազմաքանդման եւ շատ արագ է դա անում: Նա հիշեցնում է 1920 թվականի օգոստոսը, երբ Երեւանում ցնծում էին՝ Սեւրի պայմանագրի կնքման առիթով, մի քանի ամիս անց՝ նոյեմբերին արդեն, Հայաստանի հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ: Եվ նույն կառավարությունը, որը ստորագրել էր Սեւրի պայմանագիրը, ՀՀ-ի կազմալուծման պայմանագիր ստորագրեց ռուսական 11-րդ բանակի եւ նրան ներկայացնող բոլշեւիկյան ուժերի հետ: 1921 թվականի ապստամբությունից հետո, Հայաստանի հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ: Պատմական այս զուգահեռներում բանախոսը կարեւոր է համարում հասկանալ՝ ո՞ր պահին ենք մենք պետություն կորցնում: Իր բնութագրմամբ, մենք մշակութային ազգ ենք եւ ինչ-որ մի բան մեզ անընդհատ չի բավականացնում պետություն ստեղծելու համար:

Ավետիք Չալաբյանը կարծում է, որ այն համակարգաստեղծ կարողությունը, որը հնարավորություն է տալիս ստեղծել պետական ինստիտուտներ, դրանք արդյունավետ աշխատեցնել՝ այսօր մեզ կանգնեցրել են այս ճգնաժամի առջեւ. «Ադրբեջանը, որը կոռուպցիայի մեջ թաղված, ավտորիտար պետություն է, որտեղ սահմանափակված են մարդկային շատ իրավունքներ, որը իրականում չունի նորմալ տնտեսություն, այլ նավթային մի մեծ ընկերություն է, այդ երկիրը մեզ կարողացավ հաղթել պատերազմում, որովհետեւ իր ռեսուրսները կարողացավ արդյունավետ օգտագործել, ընդ որում, ոչ միայն մարտի դաշտում: 2020 թվականի պատերազմը մենք պարտվել էինք մինչեւ առաջին փամփուշտը կրակելը, որովհետեւ Ադրբեջանը կարողացել էր նախապատրաստել ամեն ինչ, որպեսզի այդ պատերազմը մեզ համար լիներ ծուղակ: Այդ ծուղակի մեջ մեզ մտցրեց Փաշինյանը եւ երեկ չէ առաջին օրն էլ հայտարարեց, թե այդ պատերազմը ինչի՞ համար էր, ինչի՞ ինքը մեզ մտցրեց այդ ծուղակի մեջ եւ ինչո՞ւ տարավ մարդկանց մսաղաց, եթե կարող էր հենց առաջին օրը կանգնեցնել»:

Բանախոսը նկատում է, որ թեեւ Փաշինյանն իշխանության եկավ կոռուպցիայի դեմ պայքարելու անվան տակ, բայց նրա օրոք ամեն ինչ շատ ավելի վատը դարձավ, պետական կառույցների աշխատանքի իմիտացիան էլ հարյուր տոկոսանոց դարձավ. «Ես տարիներ շարունակ աշխատել եմ ՊՆ-ի հետ, տեսել եմ՝ ի՞նչ էր տեղի ունենում այդ կառույցում եւ ի՞նչ է տեղի ունեցել Փաշինյանի գալուց հետո. եթե նախկինում հրամանատարները որոշակի նախաձեռնողականություն ունեին, իրենք պատրաստ էին գնալ դիրքեր ամրապնդել, կառուցել, սպառազինություն մշակել, Փաշինյանի գալուց ի վեր դա կանգնեց բացարձակ»:

Նա հիշեցնում է, որ վարչապետ դառնալուց հետո, Նիկոլ Փաշինյանի առաջին գործը եղավ Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանի ազատումն աշխատանքից եւ ոչ թե նրա համար, որ վերջինս արդյունավետ հրամանատար չի, այլ որովհետեւ նրա մամուլի խոսնակը համարձակություն էր ունեցել Սասուն Միքայելյանին հակաճառելու: Սա, Ավետիք Չալաբյանի գնահատմամբ, գիտակցված գործողություն էր եւ առիթ՝ ամբողջ պաշտպանական համակարգը քանդելու համար, քանի որ այդ պաշտոնանկությանը հետեւեցին այլ պաշտոնանկություններ:

Ավետիք Չալաբյանը պնդում է, որ 44-օրյա պատերազմից հետո էլ, առ այսօր, Փաշինյանի իշխանությունը հետեւողականորեն շարունակում է կազմաքանդել բանակն ու պաշտպանական համակարգը. «Ես իմ աչքով եմ տեսնում, թե ինչ է կատարվում: Ռազմական գաղտնիքից ելնելով՝ չեմ կարող շատ բաներ բացահայտել, բայց ամենապարզ բաները, որոնք տեսանելի են եւ որի մասին բոլոր են խոսում, ուզում եմ նշել՝ ԳՇ պետ չկա, ԳՇ պետի երկու հիմնական տեղակալներ չկան, ՊԲ ղեկավարն այսօր Արցախում ծայրահեղ թույլ անձնավորություն է՝ մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Փառուխում: ՊԲ-ն կազմալուծվում է, որովհետեւ Հայաստանից զինակոչիկներ այլեւս չեն գնում Արցախ, ոչ մի տեղ գրված չի, որ նման բան պետք է տեղի ունենա, դա Փաշինյանի անձնական որոշումն է: Լավ, զինակոչիկներ չես ուղարկում, այլ ստորաբաժանումներ ինչո՞ւ չես ուղարկում. ՊԲ կազմը մի քանի անգամ կրճատվել է: Ռազմարդյունաբերության պետական կոմիտեն 1,5 տարի է՝ ղեկավար չունի, անցյալ տարի կոմիտեին հատկացված ռեսուրսների մեծ մասը վերադարձվել է պետական բյուջե: Հայտնի նամակից հետո բազմաթիվ հրամանատարներ պաշտոնանկ են արվել»:

Այս ամենից Ավետիք Չալաբյանը մեկ եզրահանգման է եկել՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ամեն օրն էլ ավելի է վտանգում Հայաստանը, քանի որ ամեն օր այնպես են կազմալուծում բանակը, որ Հայաստանն այդպես պաշտպանվելու ռեսուրս չունենա, որ Ադրբեջանի ցանկացած ոտնձգություն դիմադրության չարժանանա, որպեսզի ահաբեկեն մարդկանց՝ թե խաղաղության պայմանագիր չլինի, բոլորին կկոտորեն:

44-օրյա պատերազմում, ըստ Ավետիք Չալաբյանի, Ադրբեջանը 12 հազար զոհ է տվել, բայց այդ երկրում ոչ ոք չի խոսում զոհերի մասին, քանզի համարում են, որ իրենց առջեւ դրված ռազմաքաղաքական խնդիրը կատարվել է, հետեւաբար, այդ զոհերն արդարացված էին. «Մենք կռվող ազգ ենք, կռվող բանակ ունենք: Մեր բանակի անձնակազմի հինգ տոկոսն ենք մենք կորցրել պատերազմում, ամեն մի զոհի առկայությունը ողբերգություն է, բայց Փաշինյանն ուզում է մեզ համոզել, որ մենք բանակ չունենք: Մենք բանակ ունենք, պարզապես շարունակում ենք այդ բանակը կազմաքանդել, որպեսզի մեզ բերի անպաշտպանունակության վիճակի»:

Այսքանից հետո, Ավետիք Չալաբյանի համար մեկ բան պարզ է՝ ամեն բան, ի վերջո, հանգում է Փաշինյանի քաղաքական գծին՝ թուլացնել եւ կազմաքանդել բանակը, ինչի մասին նա 2020 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ էլ պարզ հայտարարում էր: Այս համատեքստում խոսելով վերջերս կայացած «ԱրմՀայթեք» ցուցահանդեսի մասին, բանախոսն ասաց, որ այն ցույց է տալիս մեր ռազմարդյունաբերության ուժը, բայց բանակը դրանից չի օգտվում, քանի որ արհեստական ձգձգում են ցանկացած պայմանագիր:

Ստեղծված իրավիճակում, Ավետիք Չալաբյանն ասում է, մեր ընտրությունը հետեւյալն է. «Կամ ազատվում ենք Փաշինյանի իշխանությունից, կամ ձեւավորում ենք այնպիսի իշխանություն, որը գործում է իրատեսական, տրամաբանված մոտեցմամբ: Դու գտնվում ես հրե օղակի մեջ, շուրջդ թշնամիներ են, դու պետք է ուժեղացնես բանակդ, դաշնակիցներ փնտրես, ներքին՝ քաղաքացիական անվտանգությունդ զարգացնես: Այսօր, որ Մարգարայից թուրքական զորք մտնի Երեւան, ի՞նչն է պահելու այդ զորքին, 30 կմ է ընդամենը սահմանը: Ուստի, մեզ պետք է իշխանություն, որը կգնա խելամիտ պաշտպանության ճանապարհով. մենք դրա ռեսուրսներն ունեք՝ եւ երկրի ներսում, եւ Հայաստանից դուրս»:

Գործող իշխանությանը փոխելու այլընտրանք, բանախոսը չի տեսնում, բայց եւ համոզված է, որ հենց գործող իշխանություններն են սադրելու Թուրքիային եւ Ադրբեջանին՝ Հայաստանի եւ Արցախի նկատմամբ սադրանք իրականացնելու, ինչպես արեց Փառուխում. մեզ պետք է իշխանություն, որը կգնա խելամիտ պաշտպանության ճանապարհով. «Փառուխ-Խրամորթ հատվածի հինգ դիրքերը Փաշինյանի հրամանով են հանվել, հայկական ուժերը դուրս են եկել դիրքերից եւ թույլ են տվել, որ ադրբեջանցիները մտնեն: Դա հատուկ սադրանք էր, որը հատուկ հրահրել է Փաշինյանը, որպեսզի այսօր մեզ ահաբեկի: Ես չեմ բացառում, որ նա նորանոր սադրանքներ հրահրի»:

Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գործընթացին զուգահեռ, ըստ Չալաբյանի, մենք պետք է դիմանանք Թուրքիայից եւ Ադրբեջանից հնարավոր սադրանքներին եւ նոր՝ ազգային իշխանություն ձեւավորելու պարագայում մեր կորցրածը հետ կխաղարկենք, քանի որ նախ ադրբեջանցիները կռվող չեն, իրենց բանակն ավելի վատ վիճակում է գտնվում եւ, որ վերջին բոլոր բախումների ընթացքում, ադրբեջանցիները եռապատիկ ավելի կորուստներ են կրել. «Մեզ վրա պարզապես ահաբեկման մեքենա է աշխատում, որը մենք պետք է կոտրենք՝ նախ մեր մեջ»:

Ավետիք Չալաբյանի գնահատմամբ, հասել ենք այն սահմանագծին, որ իրականությունը պետք է փոխվի գործողությամբ եւ փոխվելու է նաեւ զենքով. «Մի քանի ամիս հետո կտեսնեք՝ մեզանից շատերը, զենքը ձեռքին լինելու են սահմաններում, որովհետեւ, հենց այդպես է փոխվելու իրականությունը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930