«Դրական ենք գնահատում եւ միանում Արցախի խորհրդարանի հայտարարությանը, որով Արցախի եւ ՀՀ խորհրդարաններում հաստատվեց «կոնսենսուս -1» տարբերակ։ Այսինքն, Արցախը 100%-ով, ի դեմս իր խորհրդարանի, եւ ՀՀ խորհրդարանի ընդդիմությունը՝ դեմ են այն մոտեցմանը, ըստ որի՝ լղոզված, մանիպուլյատիվ տարբերակներով հանրությանը ներկայացնելով՝ ուզում են ամրագրել, թե Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Արցախի խորհրդարանի՝ ՀՀ իշխանության մոտեցումն Արցախի հարցում քննադատող եւ այն աղետալի համարող երեկվա հայտարարությանը՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։
Ըստ նրա՝ սրանով Արցախի ժողովուրդն ասել է, որ համաձայն չի, որ ՀՀ իշխանությունը ոչ լեգիտիմ է․ «Ամեն ինչ պետք է անենք, որ «կոնսենսուս մինուս Նիկոլ Փաշինյան» տարբերակը վերածվի քաղաքական արդյունքի, այսինքն՝ քաղաքական կապիտալիզացիայի ենթարկվի։ Ունեցել ենք փորձ ոչ դրական, եւ սխալներից հետեւություն ենք արել։ Փողոցային պայքարի մասին է խոսքը։ Պետք է կազմակերպվենք եւ հաշվի առնենք, որ ներքաղաքական հակառակորդը ոչ այնքան Փաշինյանն ու իր խմբակն են, այլ Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք ուղղակի սատարում են Փաշինյանին։ Երբ վերջինս ասում է միջազգային հանրություն՝ նկատի ունի Թուրքիային եւ Ադրբեջանին»։
Ապա Անդրանիկ Թեւանյանը սուտ որակեց Նիկոլ Փաշինյանի երեկվա պնդումը, թե պատերազմը Շուշիի համար էր, եւ մինչեւ այն չհանձնվեր՝ պատերազմը չէր կանգնի․ «Այդ սուտը հերքվել է ՌԴ նախագահի մակարդակով, եւ այդ հերքմանը պատասխան հերքում չի տրվել։ Սուտ է, թե միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի հետ կապված հայաստանյան մոտեցումը։ Չկա նման բան։ ԵԱՀԿ որեւէ համանախագահող չի հայտարարել այդ մասին, ավելին՝ չի ասել, որ հրաժարվում է մադրիդյան սկզբունքների մոտեցումներից։ Թե կուլիսներում ով ինչ է մտածում, դա այլ թեմա է։ Սա հերթական անգամ բերում է համոզմունքին, որ միջազգային հանրության անվան տակ Փաշինյանը նկատի ունի Ադրբեջանին եւ Թուրքիային։ Միայն վերջիններս են նման բան պնդել»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ