Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մենք մեր երեխեքին թուրքի բերանը չենք տալու». Արման Աբովյանին ասել են Արցախում

Ապրիլ 15,2022 13:20

«Շտապեմ հիասթափեցնել այն մարդկանց, ովքեր սպասում են, որ Արցախը կամ արցախցին կարող են հիասթափվել»,- այսօր «Հայկական օրակարգ» շարքի՝ «Ինչպե՞ս Հայաստանին տալ զարգացման նոր հույս եւ հեռանկար» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը:

Նա Արցախից առավոտյան է վերադարձել. պետական այրերի եւ փողոցներում մարդկանց հետ շփումներում տեսել է մի պատկեր, որ արցախցիները հրաժարվում են «մատաղացու դառնալ» եւ գնալ «խաղաղության ինչ-որ մի դարաշրջան»: Հայաստանյան քաղաքական դաշտում հնչող բոլոր ելույթները լսում են նաեւ Արցախում, վերլուծում են եւ, ըստ Արման Աբովյանի, տրամադրությունն այսպիսինն է. «Արցախում կա թե հանրային, թե կառավարչական կոնսենսուս՝ անկախ Հայաստանի իշխանության որդեգրած դիրքորոշումից: Իրենց համար գոյաբանական խնդիր է եւ չեն համաձայնելու՝ հենց այնպես գնալ եւ կոտորվել: Արցախցիները ներքուստ համոզմունք ունեն՝ իրենք նահանջի տեղ չունեն»:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի առաջարկած թեզից՝ հայկական պահանջների նշաձողի իջեցում, Արման Աբովյանն ասում է, որ Արցախում դա «ինքնասպանություն» են որակում եւ «բառացի ասում են՝ մենք մեր երեխեքին թուրքի բերանը չենք տալու. ով ի՞նչ ուզում է՝ մտածի»:

«Թոռնիկս Երևանում է սովորում, բայց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո որոշել է վերադառնալ: Փաստացի, մեզ ոնց որ պատերազմ են հայտարարում… մենք կռվելու ենք, չենք համաձայնվելու: Թող ոչ ոքի չթվա, թե Արցախը ոչնչացնելով կամ թուրքին հանձնելով՝ Հայաստանը կստանա «խաղաղություն» կամ իրավունք՝ ապրել տարածաշրջանում»,- այսպես է ասել արցախցի մի կին Արման Աբովյանին. ինքը միանգամայն համաձայն է տիկնոջ բնութագրումների հետ:

Նա ավելի քան համոզված է, որ Արցախը հիմք չի ընդունի ՀՀ-ի կողմից որեւէ դիրքորոշում, որը կվտանգի ԱՀ գոյությունը կամ արցախահայության անվտանգությունը:

Թե ի՞նչ զարգացումներ կհետեւեն սրան՝ բանախոսը դժվարանում է կանխագուշակել, բայց կարծում է, որ ԱՀ եւ ՀՀ տարածքները բռնազավթած «թուրք-ադրբեջանական ոհմակն» անպայման ուժեղացնելու է ռազմական սադրանքների թե քանակը, թե ծավալը:

«Խաղաղության հետ կապված բոլոր գործընթացները ավելի սրընթաց կերպով մոտեցրին պատերազմը»,- եզրահանգեց Արման Աբովյանը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակից ելքը միահամուռ եւ միասնական ոտքի կանգնելն է ու ընդվզելը գործող իշխանության քայլերի դեմ:

Քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, ըստ բանախոսի, նվազագույնը պետք է ընդունեն երկու դրույթ. «Երկիրը, ժողովուրդը գնում են դեպի ապամոնտաժում. ընդունո՞ւմ ենք դա, թե՝ ոչ»: Նրա գնահատմամբ, մարդկանց գուցե կոպիտ, բայց պարզ եւ անկեղծ պետք է ասել՝ ինչ իրավիճակ է, քանի որ այդ առումով իշխանությունն անկեղծ է եւ պարզ հայտարարում է իր հետապնդած նպատակը՝ հանձնում ենք պետական եւ ազգային շահերը, ինչի փոխարեն հնարավոր է ստանանք խաղաղություն. «Հիմա մարդկանց պետք է պարզ հարց տալ՝ համաձա՞յն եք գնալ ինքնասպանության: Հայաստանի առջեւ էլ է գոյաբանական խնդիր առաջացել: Մենք համաձա՞յն ենք դա ընդունել: Հիմա լիդեր սիրել-չսիրելու խնդիր չէ, հիմա բոլորս պետք է առճակատվենք իրականության հետ: Խաղաղության պայմանագիր կոչեցյալը բերելու է պատերազմի, խաղաղության պայմանագիր կոչեցյալը բերելու է արհավիրքի, խաղաղության պայմանագիր կոչեցյալը բերելու է նվազագույնը ՀՀ-ի մասնատման»: Հետագա զարգացումներն, ըստ Արման Աբովյանի, կախված են լինելու այս հարցի պատասխանից:

«Այն, ինչում այսօր մեզ ուզում են համոզել՝ դա ազգային եւ պետական ինքնասպանություն է»,- ասաց Արման Աբովյանը՝ հավատացնելով, որ մեր պետության եւ ժողովրդի անվտանգությունը հետաքրքրում է միայն մեզ եւ որեւէ «միջազգային հանրություն» մեզ չի օգնելու, ինչպես այսօր իշխանությունն է փորձում համոզել:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930