Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վարչապետի ելույթում որեւէ բառ Ադրբեջանի կազմում կամ կազմից դուրս եղե՞լ է։ Չի եղել»․ Էդուարդ Աղաջանյան

Ապրիլ 15,2022 12:04

«Արցախահայության թիկունքում որեւէ գործընթաց չկա եւ չի կարող լինել։ Բնական է, որ գործընթացի կարեւորագույն շահառուն հենց Արցախի ժողովուրդն է։ Ինչ վերաբերում է այդ հայտարարություններին, կարող եմ ենթադրել, որ մեր գործընկերները հավանաբար լավ չեն հասկացել վարչապետի ելույթի բովանդակությունը»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Արցախի ազգային ժողովում, ի պատասխան հայաստանյան պաշտոնյաների հայտարարությունների` հնչած խոսքերի, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում եւ ՀՀ իշխանության մոտեցումները չեն բխում արցախահայության շահերից՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

«Հակառակ դեպքում բովանդակություն չեմ կարող գտնել նման հայտարարությունների հիմքում։ Կրկնեմ, որ արցախցիների թիկունքում որեւէ գործընթաց չի կարող լինել։ Այս ամբողջ գործընթացը միտված է հենց արցախահայության իրավունքների պաշտպանությանը եւ դրանց իրացմանը։ Նաեւ կուզեի մեկնաբանել վարչապետի ելույթի մի հատված, որը վերաբերում էր հակառակ տրամաբանությանը, երբ առաջարկվում էր հարցին նայել առաջնահերթ իրավունքների իրացման տեսանկյունից, հետո նոր կարգավիճակի։ Այս հարցում մենք մշտապես եղել ենք, ՀՀ-ն առնվազն պաշտոնական դիրքորոշմամբ եղել է հենց այս դիրքորոշմանը, որ ՀՀ-ի համար արցախյան հիմնախնդիրը տարածքային վեճ չէ, այլ արցախահայության՝ իրենց ծննդավայրում անվտանգ ապրելու խնդիր, այսինքն՝ իրավունքի իրացման խնդիր»,-այսպես բացատրեց Էդուարդ Աղաջանյանը։

Նրա խոսքով՝ Արցախի կարգավիճակը մշտապես եղել է միջոց այս իրավունքներն իրացնելու համար․ «Որեւէ նորություն չկա, եւ ՀՀ դիրքորոշումն այս հարցի մասին միշտ եղել է անփոփոխ»։

Նկատառմանն ի պատասխան, որ ըստ Արցախի ազգային ժողովի՝ Ադրբեջանի կազմում Արցախի ապագան նշանակում է հայերի բնաջնջում, Էդուարդ Աղաջանյանը հարցադրում արեց․ «Իսկ վարչապետի ելույթում որեւէ բառ Ադրբեջանի կազմում կամ կազմից դուրս եղե՞լ է։ Չի եղել։ Երբ խոսում ենք կարգավիճակի նշաձողը վերանայելու մասին, նկատի ունենք միջազգային այնպիսի կոնսոլիդացիա, որի արդյունքում առնվազն հայանպաստ լուծումը կդառնա հավանական»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930