Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այդ կարմիր գիծը, որը մենք քաշել ենք կարգավիճակի առումով, միջազգային հանրությունը դա չի հասկացել»․ ՔՊ պատգամավոր

Ապրիլ 15,2022 11:36

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանից այսօր խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին՝ ՔՊ-ն իր նախընտրական ծրագրում գրել է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատեւել Ադրբեջանի ենթակայության ներքո, այսինքն՝ սրա համար է մանդատ ստացել, այդ դեպքում ինչպե՞ս հասկանանք ԱԺ-ում երեկ հնչած հայտարարությունները, թե կարգավիճակի մասին մեր նշաձողը պետք է վերանայել։

«Կարեւոր արձանագրում կա, որը կար նաեւ վարչապետի ելույթում։ Միանշանակ պետք էր հասկանալ, որ մենք եւ մեր համար՝ ՀՀ-ի համար, հայերի համար, կարեւոր են եղել արցախցիների ազատություններն ու իրավունքները, անվտանգության երաշխիքները։ Երբ նշաձողի մասին ենք խոսում, միանշանակ է, որ դրան զուգահեռ ասվում է՝ հիմա փորձում ենք այնպես անել, որ առաջինը խոսենք իրավունքների, անվտանգության մասին»,-նախ նշեց Վահագն Ալեքսանյանը։

Նկատառմանն ի պատասխան, թե ինչու չեն խոսում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, Վահագն Ալեքսանյանն ինքնորոշման իրավունքի մասին չհիշատակեց եւ պնդեց․ «Մենք հիմա խոսում ենք արցախցիների իրավունքների եւ անվտանգության երաշխիքների շուրջ միջազգային կոնսոլիդացիա ապահովելու մասին, իսկ կարգավիճակը պետք է բխի դրանից, այդ երաշխիքներից, դրանց շուրջ միջազգային կոնսոլիդացիայից։ Նախկինում գնացել ենք մի ճանապարհով, որն իրենից ենթադրել է հայտարարել կարգավիճակ եւ չքննարկել այս ամենը, որովհետեւ կարգավիճակն էլ ինչ-որ առումով կարմիր թել է եղել միջազգային հանրության համար։ Միջազգային հանրությունը ոչ մի կերպ չի հասկացել, այսինքն՝ այդ կարմիր գիծը, որը մենք քաշել ենք կարգավիճակի առումով, միջազգային հանրությունը դա չի հասկացել։ Հիմա ասում ենք՝ եկեք հասկանանք։ Եկեք իրավունքներն ու կարմիր գիծը քննարկենք, որից կբխի կարգավիճակը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930