Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆատումի» բթացնող ուժը

Ապրիլ 15,2022 10:00

Մեր ժողովուրդը ճակատագրապաշտ է: Եթե ինչ-որ վատ բան է պատահում, մենք սովորաբար ասում ենք՝ «դե, էդպես էլ պետք է լիներ, ամեն ինչ դրան էր գնում, սա էլ մեր բախտն է, ով` էշ, մենք՝ փալան»: Դա, իհարկե, պաշտպանական ռեակցիա է՝ այդպես մտածելն ավելի հեշտ է. եթե ամեն ինչ ճակատագրի, Աստծո կամ «համաշխարհային ուժային կենտրոնների» կողմից նախանշված է, եթե իմ մասնակցությունը զրոյական է, ապա պատասխանատվությունն էլ է զրոյական: «Ես էլ կփորձեմ հնարավորինս լավ ապրել, – մտածում են այդ հոգեբանությամբ ապրող մարդիկ, – Եթե Հայաստանում չհարմարվեմ, կգնամ Ռուսաստան: Իհարկե, դժվար կլինի, բայց դե ի՞նչ արած՝ դժվարությունները մարդու համար են»:

Վարչապետի ապրիլի 13-ի ելույթում ես զգացի այդ հուսահատության, ճակատագրապաշտության երանգները՝ այսպես անեինք, թե այնպես անեինք, մեկ է՝ նույն բանն էր ստացվելու: Ըստ էության, դա նույն «հարմարավետության գոտին է»: Պարզապես այսօրվա իշխանությունների մոտ այդ նախախնամության դերակատարումն ունեն ոչ թե ինչ-որ գերբնական ուժեր՝ նրանց մոտ «ֆատումի» գործառույթը կատարում են «նախկինները»: Ըստ իրենց՝ ստացվում է, որ «նախկինները» նախանշել էին, թե ինչպես է պետությունը զարգանալու մոտակա առնվազն 4 տարիների ընթացքում, ինչպես է լուծվելու Արցախի խնդիրը եւ այլն: Եվ հիմա էլ ամեն ինչ գնում է այդ՝ նախօրոք որոշված ճանապարհով: (Իհարկե, այդ պարագայում կարող է հարց առաջանալ՝ «եթե այդպես է, ապա դո՛ւք ինչի՞ համար եք պետք», բայց այդ հարցը քչերին է հուզում): Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ, եթե այդպես մտածեր, ասենք, Արամ Մանուկյանը 1918 թվականին…

Հայաստանի իշխանությունն, այդպիսով, փոխանակ կոտրի մեր ժողովրդի ճակատագրապաշտական կարծրատիպերը, խորացնում է, խրախուսում դրանք: Այդ մտածելակերպը ոչ միայն նպաստում է անցյալի մասին սխալ պատկերացումներին՝ թե իբր ամեն ինչ կարող էր լինել միայն այնպես, ինչպես եղավ: Դա նաեւ բթացնում է մարդկանց ցավը՝ ներշնչելով, որ այն, ինչ պատահել է, ընդհանուր առմամբ նորմալ է, ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել: Այդ «ցավազրկող» մոտեցումը մի քիչ նման է այն իրավիճակին, երբ ընտանեկան բռնության զոհը հայրական տուն է վերադառնում, որտեղ, սակայն իրեն համոզում են, որ իր հետ պատահածը սովորական «փոքրիկ միջադեպ էր» եւ պետք է ամեն ինչ կուլ տալ ու վերադառնալ «նախախնամությամբ բաժին հասած» բռնարար ամուսնու մոտ: Այս դեպքում բթացվում են մարդու անձնական զգացմունքները:

Հասարակական ապատիայի պարագայում իրենց սրությունն են կորցնում մարդկանց քաղաքացիական զգացմունքները, ինչը, բնականաբար, ձեռնտու է ցանկացած ավտորիտար իշխանությանը: Եվ այս վիճակում, երբ իմ համաքաղաքացիների մեծամասնությունը պետության գոյության նկատմամբ անտարբեր է, երբեմն մտածում եմ՝ գուցե ե՞ս եմ սխալ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Չեմ թաքցնում, ամենավատ վիճակում այսօրվա իշխանությունն ու այսօրվա ընդդիմությունն է, եթե գոնե մի կաթիլ հայի արյուն կա մեջները, ապա տառապանքից պետք է վնգստան, որ իրենց նման դեր է նախատեսված: Միգուցե հիմարություն ասեմ, բայց կարծում եմ, որ երկրորդ համաշխարհայինում Գերմանիայի պարտությունը՝ դա երբ գերմանացի արիստոկրատին ղեկավարում է ինչ որ երեւույթ, հիտլերն ո՞ւր կամ գեբելսը, դրանք հենց կապիտուլյացիայի համար էին նախապես ընտրված: Գլխավոր նպատակը՝ ջարդել հիմնահատակ գերմանացու արիստոկրատ տեսակի ոգին, գերմանացի տղամարդուն վերածել ունիսեքս ճաշ եփող թափող, իսկ նրա կնոջը՝ ավտո վերանորոգող երրորդ սորտի ոչկնոջի: Եւ դա հաջողվեց՝ գերմանացու ՝՝դենացիֆիկացիայի՝՝ շնորհով եւ ո՞ւմ շնորհիվ: Էս ժողովրդավարություն կոչվածը դեռ շատ դժբախտություններ կբերի իր ժողովուրդների գլխներին: Մենք հայերով բոլորս էլ արիտոկրատ ենք, եթե ուրիշի փողին կակա չենք ասում: Եկեք փրկենք մեր կակա սիրողներին, նրանք էլ են մեր անբաժան մասը՝ օրինական թավշյա ճանապարհով էս մեր թշվառներից վերցնենք իշխանությունը, համ մեր ժողովուրդը կերջանկանա, համ էլ էս թշվառներին կազատենք հոգեկան տառապանքներից: Մեր Մեծն Թումանյանը իր Անխելք մարդով մեզ խելք է խրատ տալիս, հայեր, օգտվեք Արարչի բարիքներից, թե չէ գայլի բաժին կդառնաք: Հայեր, իրար սիրենք հայավարի:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930