«Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում «անջատում հանուն փրկության» դոկտրինի կիրառման կարեւորությունն այնքան մեծ է, որ հայկական կողմի դիվանագիտությունն իրավունք չունի այն անտեսել»,- 2016 թվականի իր հոդվածում գրել է ՀՀ առաջին նախագահը: Ցավոք՝ անտեսվեց, թեեւ բարեպատեհությունը, կարծես թե, իր ոտքով եկել էր մեր դուռը: Խոսքը միջազգային իրավունքի հրաշալի մասնագետ, ֆրանսահայ ճանաչված փաստաբան Րաֆֆի Գալֆայանի մասին է, ով, ըստ Տեր-Պետրոսյանի նկարագրության, Քառօրյա պատերազմից օրեր անց պատրաստակամություն էր հայտնել փորձագետների մի խմբով գալ Երեւան եւ ԱԳՆ-ի հետ համատեղ պատրաստել Արցախի խնդրին վերաբերող համապատասխան թղթածրար՝ այն միջազգային ատյաններ ներկայացնելու համար:
Սակայն հղացումն անկատար է մնացել թե՛ Սերժ Սարգսյանի իշխանավարման վերջին շրջանում եւ թե՛ ներկա վարչախմբի գրեթե 4 տարիների կառավարման ընթացքում: Լավ, Սարգսյանի պարագան հասկանալի է՝ ինքը կարգավորման Կազանյան փաստաթղթի շուրջ բանակցային գործընթացով պայմանավորված որոշակի կաշկանդվածություն ուներ. ակտիվ քննարկումների փուլ էր, եւ լուրջ չէր լինի՝ խաչ քաշել ձեռք բերված ողջ բանակցային կապիտալի վրա ու կարգավորման նոր ձեւաչափ առաջարկել: Եվ դա՝ այնպիսի մի ժամանակ, երբ աշխարհը՝ ի դեմս ՄԽ համանախագահության, արդեն իսկ ճանաչել էր Մադրիդյան սկզբունքների հիման վրա Արցախի ժողովրդի՝ հանրաքվեի միջոցով ինքնորոշվելու կամ, որ նույնն է, անկախ պետություն ստեղծելու իրավունքը:
Այս իմաստով, այո, Երրորդ նախագահը կաշկանդված էր՝ չնայած սա չի կարող արդարացում լինել «անջատում հանուն փրկության» բանաձեւի հնարավորությունը ձեռքից բաց թողնելու համար: Հապա նոր, «թավշյա հեղափոխության» արդյունքում ասպարեզ եկած իշխանության դրդապատճա՞ռը որն էր, որ անուշադրության մատնեց վերջին տասնամյակում աշխարհում հաջող փորձություն անցած՝ ազգերի ինքնորոշման միջնաբերդի ամենահուսալի «բանալին»: Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն իր սնամեջ՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» կարգախոսի փոխարեն չօգտվեց իր «քաղաքական հոր» բավական արժեքավոր առաջարկից:
Շուտով ակնհայտ դարձավ, որ երկիրը կոռուպցիայի ճիրաններից ազատելու, «ժողովրդից թալանածը ժողովրդին վերադարձնելու», ՀՀ-ում ժողովրդաիշխանություն հաստատելու եւ այլ ճարճատյուն խոստումներով իշխանության եկած «ուսապարկերը» բոլորովին այլ ծրագրեր էին փայփայում: Այնպես չէ, որ Արցախն այդ ծրագրերի մեջ չէր մտնում: Մտնում էր, բայց… «երկրի հակառակ կողմից»: Բոլոր նրանք, ովքեր դեռ երեք-երեքուկես տարի առաջ համառորեն պնդում էին, թե այս մարդիկ եկել են Արցախը հանձնելու հատուկ հանձնարարությամբ, իրավացի դուրս եկան: Այդ պնդումներին չէին հավատում միայն ամենաանուղղելի լավատեսները եւ նրանք, որոնց երեւակայության մեջ նման չափի ու աստիճանի դավաճանական արարք պարզապես չէր տեղավորվում: Երեք-երեքուկես տարի ժամանակ պահանջվեց՝ մինչեւ «զուլալվեցին ջրերը», եւ ամեն ինչ բոլորի համար պարզ դարձավ:
Կարդացեք նաև
Վերջին իր առցանց «մենախոսություններում» Փաշինյանն արդեն բացեիբաց, ի լուր ամենքի, հայտարարում էր, թե 2016-ին Արցախը կորցրել է Ադրբեջանի կազմում չլինելու անգամ տեսական հնարավորությունը: Դրանով էլ, ըստ էության, ամբողջացավ համընդհանուր համոզմունքը՝ Արցախը հանձնվում է, դեռ մի բան էլ ավելի:
Ու եթե իրավիճակն այսպես դեռ շարունակվի, Արցախն այլընտրանք չի ունենա եւ իսկապես կանջատվի՝ հանուն փրկության: Բայց կանջատվի… Հայաստանից, ինչպես հաճո է Նիկոլ Փաշինյանին:
Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ACNIS reView Հայացք Երեւանից կայքէջի acnis.am 2022թ.-ի 13-րդ համարում